ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղ գյուղում «Մակարով» ատրճանակից կրակոցներ արձակած 44-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ի գիշերը «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգեցին, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Գորիսի 45-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համալիր հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզեցին, որ տղամարդը հրազենային վիրավորումը ստացել է Սյունիքի Տեղ համայնքի հացատներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Քննությանը հայտնի տվյալներով՝ երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի ընթացքում էլ մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածվողի գտնվելու վայրը։ Գորիսի բնակիչ, 44-ամյա տղամարդը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Գորիսի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք հրազենը. «Մակարով» ատրճանակը կասկածվողի ընկերոջ մեքենայում էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս