Շարունակվում է ակտիվորեն քննարկվել մի խումբ ռուս բլոգերների կողմից Youtube-ում հրապարակված տեսանյութը, որտեղ ներկայացված է Երևանի Մետրոպոլիտենի կիսակառույց թունելները: Ռուս բլոգերները մոտ 35 րոպե ցուցադրում են Երևանի Մետրոպոլիտենի թունելները, իրականացնում լուսանկարահանում, իսկ հետո նաև մտնում մետրոյի գործող հատվածի թունելը: Սկզբում տեսանյութի հեղինակ Den Stalk-ը ցույց է տալիս Հանրապետության Հրապարակը և պատմում այն մասին, որ Սովետական Միության փլուզումից հետո չի ավարտվել մետրոյի 3 կայարանների կառուցումը՝ Աջափնյակ, Նազարբեկյան և Դավիթաշեն։ Բլոգերներին հետաքրքրել է հենց կիսակառույց կայարանների միջև երկաթգծի լքված հատվածները։
Նկատենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենն ունի ռազմավարական օբյեկտի կարգավիճակ և արդեն նկարահանումներ անելու համար թույլտվություն է հարկավոր, ընդ որում այդ դեպքում նկարահանողի հետ կցում են նաև աշխատակիցներից մեկին, որպեսզի վերջինս ոչ միայն հսկի տեսանկարահանման գործընթացը, այլև ուղղորդի: Այսպիսով, ինչպես է հաջողվել ռուս բլոգերներին ոչ միայն հասնել լքված թունելներ, այլև փաստացի արգելված նկարահանումներ իրականացնել:
ArmLur.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնեց, որ ռուս բլոգերները տեսանկարահանում իրականացնելու համար Մետրոպոլիտեն չեն դիմել:
«Տեսանյութի վերաբերյալ թույլ տվեք նշել, որ արդեն ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության գլխավոր վարչության կողմից իրականացվում են ուսումնասիրություններ՝ տեսանկարահանողների կողմից Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում իրականացված նկարահանումների, ինչպես նաև՝ վերջիններիս կողմից մետրոպոլիտենի օդափոխման համակարգերի, հորաններ ապօրինի մուտք գործելու փաստի առթիվ: Հարկ եմ համարում նաև ընդգծել, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն անվտանգության, ինչպես նաև ուղևորների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով առաջնորդվում է Տրանսպորտի նախարարի հրամանով, որի համաձայն արգելվում է նկարահանումներ անել՝ առանց մետրոպոլիտենի տնօրենի թույլտվության», – նշեց նա:
Միևնույն ժամանակ Տաթև Խաչատրյանը չբացառեց, որ լինում են այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիներն առանց թույլտվություն ունենալու, իրենց բջջային հեռախոսներով մետրոպոլիտենի տարածքում նկարահանումներ են իրականացնում: «Թույլ տվեք միաժամանակ տեղեկացնել, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի տնօրինության հանձնարարությամբ պարբերաբար համապատասխան աշխատակիցների կողմից կազմակերպվում են ստուգայցեր, և ուսումնասիրվում են օդափոխման համակարգերը, հորանները, թունելախորշերը՝ նպատակ ունենալով ստուգել դրանց անվտանգությունը: Փաստի վերաբերյալ կնշեմ նաև, որ հարցը գտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում և տարբեր ուսումնասիրություններ են կատարվում, ինչպես նաև՝ կատարվում են ուսումնասիրություններ՝ վաղեմության ժամկետների հետ կապված, քանզի տեսանյութում չի երևում, թե երբ է նկարահանված այն», – հավելեց մեր զրուցակիցը:
ArmLur.am-ին հաջողվել է զրուցել նաև ռուս բլոգերի հետ, ով կատարել է նկարահանումները: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե համացանցից է տեղեկացել թունելներ մուտքի մասին և չի մտածել, որ իր տեսանյութն այդքան աղմուկ կարող էր առաջացնել համացանցում:
-Ինչպես է Ձեզ հաջողվել նկարահանումներ անել թունելներում:
-Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան այդ թունելներից: Եկել եմ ընկերներիս հետ, միասին ուսումնասիրել ենք տարածքը:
-Ե՞րբ եք մետրոյի լքված թունելում իրականացրել տեսանկարահանումը:
-Այդ հարցին չեմ ցանկանում պատասխանել:
-Դուք նկարահանման թույլտվություն չեք ունեցել: Ինչպե՞ս է հաջողվել առանց դրա նկարահանումներ իրականացնել:
-Այն, որ այդ տարածքները չի կարելի նկարահանել, ես չեմ իմացել, ամեն դեպքում այդ մասին զգուշացնող նշաններ չեն եղել: Եվ այն, որ ներս մտնել չի կարելի, ևս չեմ իմացել: Եկել ենք մուտքի մոտ և ներս մտել՝ առանց որևէ խնդրի: Սկզբում չգիտեի դրա մասին, հետո կայարանում ինձ աշխատակիցները զգուշացրին, որ չի կարելի նկարահանումներ անել, ես էլ դադարեցրի։ Ներսում մոտ երեք ժամ ենք մնացել: Ես զարմացել եմ, որ իմ տեսանյութն այդքան դիտումներ էր հավաքել և աժիոտաժ առաջացել Հայաստանում:
Հավելենք, որ ռուս բլոգերներն այցելում են տարբեր երկրներ և նկարահանում հենց լքված վայրերը, չկառուցված կայարանները կամ շինությունները:
Նաիրա Հովհաննիսյան