ՖՈՏՈ. Կրկին հեղեղ ու ջրափոսեր. ով է իրավիճակի պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երևանցիները հերթական անգամ բախվեցին մի խնդրի, երբ անձրևատար համակարգերը կրկին խափանվեցին: Երեկ երեկոյան քաղաքում մեծ ջրափոսեր էին գոյացել, և մեքենաները երթևեկում էին ջրերի միջով: Իհարկե, Երևան համայնքն ունի  բազում խնդիրներ, և դրանց մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում հենց ջրահեռացման համակարգը:

Անձրևատար համակարգերի խափանմանն ականատես եղանք նաև երեկ, և դրանք պետք է պարբերաբար մաքրվեն, կառուցվեն նոր անձրևատարներ: Նկատենք, որ ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքի համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանն ու «Վիոլա ջուր» ընկերությունը:

Երևանի քաղաքապետարանը պետք է հետևի, որ անձրևատար համակարգերը միշտ մաքուր լինեն, իսկ խնդիրների պարագայում էլ պետք է դիմեն «Վիոլա ջուր» ընկերությանը՝ խնդիրները վերացնելու համար: Սակայն փաստացի երեկ ականատես եղանք մի իրավիճակի, որ այդ ամենը չի արվել, ինչ-որ մեկը թերացել է, կոմունալ ոլորտի պատասխանատուները չե՞ն գործել. սա է հարցը:

Վարձակալության պայմանագրի հիման վրա, հեղեղատար ցանցի և անձրևընդունիչների հորերի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Երևան Ջուր» ընկերությունը։  Եվ գարնանային և աշնանային հեղեղումներից խուսափելու նպատակով մինչև հեղեղումների սկսվելը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և շինարարության ու բարեկարգման վարչությունները պետք է ցանցի մաքրման աշխատանքներ կատարեն: Նկատենք, որ խցանումներ հիմնականում տեղի են ունենում նույն վայրերում՝ Լենինգրադյան փողոցի, Իսակով-Սեբաստիա փողոցների տրանսպորտային հանգույցների, Մետրոյի Գործարանային կայարանին հարակից և Մաշտոցի պողոտայի Կարեն Դեմիրճյանի անվան գլխավոր այգու անձրևատար ցանցերը։  ArmLur.am-ը կներկայացնի նաև պատկան մարմինների պարզաբանումները՝ ով, ինչպես, ինչու է թերացել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս