Ինչ հոգեվիճակում է եղել երեխաների հետ պատուհանից ցած նետված տղամարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոգեբան Սամվել Խուդոյանը,  ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 5-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երկու պատճառ նշեց, թե ինչն է դրդել տղամարդուն սպանել սեփական երեխաներին:

«Միայն երկու վարկած կարելի է առաջ քաշել. առաջին՝ ինքը զառանցական վիճակում է եղել, այսինքն դա հնարավոր է շիզոֆրենիայի դեպքում, այդ հիվանդության շրջանակներում, զառանցական ինչ-որ մտքեր: Երկրորդը՝ կրոնական պատճառներով, այսինքն այդ մարդու համար իդեա-ֆիքս է դարձել, ինչ որ կրոնական պատկերացումներ է ունեցել կապված աղանդների հետ, եւ դա հաճախ է լինում. երեխաներին իբր փրկում է սատանայական աշխարհից, որ իրենք իրար հետ ուզում են գնալ այս աշխարհից, այդպիսի բան նաեւ կարող էր լինել»,- նկատեց հոգեբանը:

Սամվել Խուդոյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ նշելով, որ նման արարքները միանգամից չեն լինում. «Ինքնասպանությունները, այդ դեպքն էլ է ինքնասպանություն, առավել եւս դաժան սպանությունները միշտ էլ ծրագրավորված են լինում, եւ դա ամենեւին չի հակասում այն վարկածին, որ այս մարդը բավական երկար ժամանակ իդեա-ֆիքսով է տառապած եղել: Ես ուղղակի ենթադրում եմ, թե մարդը ինչ հոգեվիճակում կարող է նման քայլի դիմել, միայն դա: Միայն այդ երկու պատճառով. փսիխոտիկ գիտակցության խանգարմամբ ընթացող զառանցական մտքերի ազդեցության տակ կամ կրոնական աղանդավորական պատճառներով, որովհետեւ առաքելական եկեղեցին սպանությունը, ինքնասպանությունը աստվածահաճո արարք չի համարում: Բայց աշխարհում հայտնի են դեպքեր, ԱՄՆ-ում 70-ականների սկզբին, որ աղանդավորական խմբերը, որոնց մեջ մեծեր եւ երեխաներ կան, ինքնասպանություններ են գործել: Ուրիշ որեւէ տարբերակ իմ մտքով չի անցնում՚:

Ըստ հոգեբանի՝ զառանցական վիճակում անձը ինչ մտածել է, ինչ որ ցանկացել է անել, համոզված է եղել, որ դա է ճիշտը: «Նորմալ մարդն աղանդավորական քարոզների ներքո ինքնատիպ վիճակներում է լինում: Ես չգիտեմ, թե մայրը ինչպես է դիմանալու այս ցավին: Մարդիկ սարսռում են այդ լուրից»,- ցավով արձանագրեց Խուդոյանը:

Բայց մյուս կողմից, մեր զրուցակիցը բացառեց այն վարկածը, ըստ որի տղամարդը գործել է խանդի հողի վրա. «Բացառվում է, երեխա են սպանում կնոջը պատժելո՞ւ համար, նման բան գոյություն չունի: Մարդը չի կարող նորմալ, սթափ գիտակցական վիճակում նման քայլի գնալ, նա կամ պետք է զառանցական վիճակում լինի կամ էլ՝ կրոնական ներշնչման ազդեցության տակ»:

Ս.Հ.




Լրահոս