Ինչու են նախկին պաշտոնյաները պարտքեր կուտակել. Կոնդի առանձնատների չվճարված հարկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վերաբաշխում կատարել բյուջեում, որը պայմանավորված է  ՀՀ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ների 2018 թվականի ավելացված արժեքի հարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները մարելու անհրաժեշտությամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ  2018 թվականի պետական բյուջեով հաստատված «Հանրային իրազեկման ապահովում» ծրագրի  ծախսերում նախատեսված չի եղել ավելացված արժեքի հարկի գծով ծախսեր, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների  շահագործման և սպասարկման ծառայություններ իրականացնող «Կոնդի առանձնատների տնտե­սություն» ՊՈԱԿ-ի մասով ևս վերոնշյալ ծախսերը նախատեսված չեն եղել:

Նշվում է նաև, որ նշված ՊՈԱԿ-ների գործունեության արդյունքում 2018 թվականին ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջե վճարելիք գումարների մասով առաջացել են հարկային պարտավորություններ` ընդհանուր գումարով 343,259.0 հազ. դրամի չափով (ներառյալ տույժերն ու տուգանքները), և  անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև բյուջեի նկատմամբ պարտավորությունները մարելու նպատակով նախատեսել գանձող մարմնի կողմից սահմանած գումարները:

Ընդ որում նշվում է, որ 2020 թվականի պետական բյուջեով նշված ՊՈԱԿ-ների մասով նախատեսված ծախսերի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել 2018 թվականի հարկային պարտավորությունների մարումը, որոնց մասով կիրառվող տույժերը օրեցօր աճում են: Եվ արդյունքում անհրաժեշտություն է առաջացել,  2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտներից հատկացնել 343,259.0 հազ. դրամ, որից` 254,290.0 հազ. դրամը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, 88,969.0 հազ. դրամը` «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ ավելացված արժեքի հարկի գծով կուտակված պարտավորությունները մարելու համար:

Միևնույն ժամանակ նախագծի վերաբերյալ իր  տեսակետն է արտահայտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Չնայած նրանք նախագծի վերաբերյալ առարկություն չեն հայտնել, սակայն միևնույն ժամանակ նոր տվյալներ են հաղորդել: Մասնավորապես, 2020թ. ապրիլի 22-ի դրությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ավելացված արժեքի հարկի գծով չկատարած հարկային պարտավորությունը կազմում է 244 մլն 96 հազար դրամ, որից ապառք՝ 98 մլն 737 հազար դրամ տույժ՝ 37 մլն 087 հազար դրամ, տուգանք՝ 108 մլն 271 հազար դրամ, իսկ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ավելացված արժեքի հարկի գծով չկատարած հարկային պարտավորությունները՝ 81 մլն 559 հազար դրամ, որից ապառք՝ 27 մլն 912 հազար դրամ, տույժ՝ 17 մլն 220 հազար դրամ, տուգանք՝ 36 մլն 425 հազար դրամ:

Ընդ որում, չկատարված հարկային պարտավորությունների մասով ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան շարունակվում են հաշվարկվել տույժեր, հետևաբար՝ տույժերի մասով որոշման նախագծով նախատեսված գումարը ենթակա կլինի վերահաշվարկման:

Նկատենք սակայն, որ առաջին դեպքը չէ, երբ այս ՊՈԱԿ-ին գումար են տալիս՝ գոյացած պարտքերը մարելու համար:  Օրինակ 2019 թվականի հունիսի 27-ին  որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 48 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Կոնդի առանձնատների տնտեսության»՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը խմելու ջրի դիմաց գոյացած պարտքի մարման համար: Հարցը ներկայացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշելով, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործված խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակել է պարտք, որը կազմում է 48,9 մլն դրամ:

Հավելենք, որ դեռևս 2018 թվականի մարտի 27-ի կառավարության որոշման համաձայն, «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները  ՀՀ Նախագահի աշխատակազմից անցել էին ՀՀ կառավարության աշխատակազմին: Նախագծի հիմնավորման համաձայն, որոշման ընդունումը պայմանավորված էր 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Իսկ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է:

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը գտնվում է Ձորափի 74 հասեում: Այն իր մեջ ներառում է 9 շքեղ առանձնատուն և դրանց համար նախատեսված շինություններ: Առանձնատների 6-րդ մասնաշենքը, որը շահագործման է հանձնվել 2010 թվականից՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերը, զբաղեցված է եղել Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի կողմից: Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը ապրում է  2-րդ մասնաշենքում, իսկ 3-րդ մասնաշենքը մինչև հրաժարականը, զբաղեցնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ընդհանուր առմամբ կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում գտնվող 9 առանձնատների վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին հատկացվել է 3 մլն 365 հազար դրամ, իսկ 2017-ին այդ գումարը կազմել է 4 մլն 620 հազար դրամ:

Հավելենք, որ Կառավարության 2018 թվականի մարտի 27-ի որոշմամբ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գերատեսչական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ իրենց ընտանիքների հետ միասին` պաշտոնավարման ժամանակահատվածում: Սակայն նկատենք, որ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարման ամբողջ ընթացքում բնակվել են իրենց բնակարաններում, այլ ոչ թե կառավարական «դաչաներում»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս