ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր նեղացրին Էրիկ Գրիգորյանին. հրաժարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրիկ Գրիգորյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից նեղացած է հեռանում: Այսօր Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում բացատրվել է, թե ինչու է աշխատանքից ազատվել: Իր պարզաբանման մեջ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախարարության անձնակազմին եւ նկատել, որ իրենց աշխատանքներն այս համատարած սենսացիոն եւ լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չեն գտել եւ հնչեղություն չեն ստացել: Ապա՝ ենթադրել է՝ միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով՚։ Ստացվում է, որ Գրիգորյանն ակնարկել է այն մասին, որ իր եւ իր թիմի կատարած աշխատանքը ոչ ոք չի նկատել:

Գրիգորյանի երկարաշունչ խոստովանությունը բավարար է՝ հասկանալու համար, որ ինքը բավականին վիրավորված ու նեղացած է հեռանում: Օրինակ, իր խոստովանության մեջ Էրիկ Գրիգորյանը նշել է հետեւյալը. «Չի կարող կառուցվել եւ հզորանալ որեւէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչապետ եւ նախագահ»։ Մյուս կողմից, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգորյանն այդպես էլ չի կարողացել համակերպվել կառավարման այս համակարգի հետ: Բայց նա իր պարզաբանման մեջ, մեղմ ասած՝ ազնիվ չի եղել եւ առարկայական պատճառներ չի ներկայացրել, թե ինչու է ազատվել պաշտոնից:

Ո՞վ կամ ովքե՞ր էին խանգարում Էրիկ Գրիգորյանին աշխատել: Հարց, որը դեռ պատասխան չունի, որին անգամ ինքը չի պատասխանում: Բայց չնայած սրան՝ Գրիգորյանը 111 կետ կետով ներկայացրել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները:

Իհարկե նրա ներկայացրած կետերին ArmLur.am-ը առաջիկայում կանդրադառնա՝ պարզելու արդյոք դրանք իրականացվել են, թե ոչ: Բայց մինչ այդ, հիշենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանին, որը պաշտոնից ազատվելիս բարձրաձայնեց ոլորտում առկա խնդիրների մասին եւ հայտարարեց, թե ովքեր են իրեն խանգարում աշխատել: Իսկ թե ինչու է լռում Էրիկ Գրիգորյանը, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս