ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բժշկական դիմակների գները՝ համացանցում և դեղատներում. ինչ է կատարվում շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երկու ամիս է, ինչ Հայաստանում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում: Չնայած մեծածախ ցածր գնին, դեղատներում դրանք վաճառվում են զգալի բարձր գնով: Ամենակարեւորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլեւ՝ որակը: Պարզվում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ չունի: Հանձնաժողովից ArmLur.am-ին փոխանցեցին, որ տեւական ժամանակ է՝ 7 դեղատնային ցանցերից տեղեկություն է հավաքագրում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների, ախտահանիչ միջոցներ արտադրող 4 տնտեսվարողներից ախտահանիչ միջոցների մասով:

Բայց չնայած ՏՄՊՊՀ դիտանցումներին, այսօր դեղատներում բժշկական մեկ դիմակը վաճառվում է 210-250 դրամով: Եւ սա այն դեպքում, երբ հայտնի չէ, թե այդ դիմակներն ինչ հումքից են պատրաստված: Ավելին ՝ որեւէ կառույց չի վերահսկում կամ ստուգում դեղատներում կամ այլ վայրերում վաճառվող դիմակների որակը: Այն, որ բժշկական դիմակների շուկան բարձիթողի վիճակում է, այդ հարցում մեկ անգամ եւս համոզվեցինք:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական դիմակներ վաճառվում են անգամ list.am կայքէջում. ունեն տարբեր գներ՝ 70 դրամից սկսած մինչեւ 180 դրամ: Մի քանի հեռախոսազանգեր անելուց հետո պարզվեց, որ 70, 110 դրամանոց բժշկական դիմակը դեղատներում վաճառվում է 210-220 դրամով: Օրինակ՝ «Մեղու» դեղատնից ArmLur.am-ին փոխանցեցին, որ մեկ բժշկական դիմակն արժե 210 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ պարետի որոշմամբ՝ արգելվում է առեւտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի եւ ձեռնոցների: Իսկ կորոնավիրուսային վարակի դեմ պաշտպանվելիս անհրաժեշտ է օգտագործել համապատասխան որակի եւ ձեւի բժշկական դիմակներ, ինչպես նաեւ խստորեն հետեւել դրանց օգտագործման ցուցումներին:

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների եւ այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղի՞ց քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել, եւ այդպես՝ ամեն օր: Օրինակ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վերադասը ստիպում է ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հակաճգնաժամային օգնություն 26.500 դրամ գումարը հետ վերադարձնել: Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանը ծառայություն իրականացնելիս պետք է օրվա մեջ մի քանի անգամ դիմակ փոխի:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Արսեն Երանոսյան




Լրահոս