Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 848 հազար 771-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 265 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 316 հազար 807 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 263 հազար 634 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 74 հազար 810 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 256 հազար 855 է: Այստեղ մեկ օրում գրանցվել է 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 070:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 214 հազար 457 է: Վարակից մահացել է 29 հազար 684 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 201 հազար 101: Վարակի հետևանքով մահացել է 30 հազար 076 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցեց Գերմանիային և Ֆրանսիային: Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է 11 հազարից ավելի վարակվածության նոր դեպք՝ ընդհանուր թիվը դառնալով 177 հազար 160: Մահերի թիվն ավելացել է 88-ով՝ դառնալով 1625:
Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 174 հազար 191 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 809 մարդ: Գերմանիայում 168 հազար 276 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 277 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 131 հազար 744-ի, մահացածներինը՝ 3 հազար 584-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 126 հազար 611 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 8 հազար 588: Իրանում վարակվածների թիվը հասել է 103 հազար 135 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 486 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 885 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 615-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 18 հազար 890, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 16 հազար 240 է, մահացածներինը՝ 165:
Եգիպտոսում 7 հազար 588 հաստատված դեպք կա, մահացել է 469 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 6 հազար 567-ի, մահացածներինը՝ 44-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 480 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 784 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 45-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Ֆրանսիացիներին կթույալտրվի հասարակական տրանսպորտից օգտվել միայն աշխատանքի գնալու համար
Ֆրանսիայում առաջիկայում հասարակական տրանսպորտից օգտվելը հնարավոր կլինի միայն գործատուի կողմից տրված հատուկ թերթիկի առկայության պարագայում, որտեղ հստակ գրված կլինեն աշխատանքի օրերն ու ժամերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին: Նա տեղեկացրել է, որ մայիսի 11-ին իրավապահները վերահսկելու են գործընթացը և հետևելու են, որ ուղևորները դիմակով լինեն: Խիստ վերահսկողություն է լինելու երկաթուղային կայարաններում ու մետրոյում:
Նշվում է, որ առաջին օրը ուղևորներին անվճար տրամադրվելու են պաշտպանիչ միջոցներ: Դրա համար գնվել է 9.5 մլն մեկանգամյա օգտագործման դիմակներ: Առայժմ գործատուի կողմից տրված թերթիկի բացակայության պարագայում տուգանքներ չեն լինի:
Լեհաստանի խորհրդարանն ընդունեց ընտրությունների քվեարկությունը փոստի միջոցով անցկացնելու նախագիծը
Լեհաստանի խորհրդարանն ընդունեց առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների քվեարկությունը փոստի միջոցով անցկացնելու նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին Սեյմում՝ ստորին պալատում, կայացած քվեարկության ժամանակ «Օրենք և արդարություն» իշխող կուսակցությանը հաջողվել է հավաքել անհրաժեշտ ձայներ, որպեսզի հաղթահարի նախօրեին Սենատի՝ վերին պալատի, կողմից նախագծի վրա դրված վետոն: Սենատի արգելքի դեմ և փոստի միջոցով քվեարկությունն անցկացնելու օգտին հանդես է եկել 236 պատգամավոր, որից 213-ն աջակցել է, իսկ 11-ը ձեռնպահ մնացել: Այժմ օրենքը պետք է հաստատի նախագահը: Դրանից հետո Լեհաստանում հնարավոր կլինի կազմակերպել նախագահական ընտրությունների քվեարկությունը՝ առանց ընտրատեղամասեր գնալու:
Ամեն դեպքում, նախապես պլանավորված մայիսի 10-ի ընտրությունները չեն կայանա, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ արված չեն, դրանից բացի փոստի միջոցով քվեարկություն կատարելու նախագծի ընդունումը ձգձգվեց: Նախատեսվում է, որ քվեարկությունը կկազմակերպվի հունիսին:
Իսրայելում կարանտինից հետո իրենց աշխատանքը վերսկսում են առևտրի կենտրոններն ու շուկաները
Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ից մեղմացրել է կարանտինի սահմանափակումների որոշ մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Վեդոմոստի»-ն տեղեկացնում է, որ իրենց աշխատանքը վերսկսել են առևտրի կենտրոնները, շուկաները, մարզասրահները:
Բացվում են բացօթյա շուկաները, իսկ փակ տարածքներով առևտրի կենտրոններն ու մարզասրահները պետք է պահպանեն անվտանգության կանոնները: Մասնավորապես, նշվում է, որ փակ տարածքում յուրաքանաչյուր 20 քմ տարածքի համար պետք է մեկ մարդ լինի, անհրաժեշտ է պահպանել 2 մետր սոցիալական հեռավորություն, կատարել սանիտարահիգիենիկ խիստ միջոցառումներ: Հանվում ե նբացօթյա տարածքում աղոթքների հետ կապված սահմանափակումները: Լողափեր թույլատրվում է գնալ միայն սպորտով զբաղվելու նպատակով: Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 27-ին: Երկրում ընդհանուր առմամբ, մայիսի 6-ի տվյալներով վարակվել է 16 հազար 314 մարդ, որից 10 հազար 527-ն առողջացել է, 238-ը՝ մահացել:
Թաիլանդը մտադիր է անցնել սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին
Թաիլանդը մայիսի 17-ին կարող է անցնել կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը:
Սահմանափակումների թուլացման առաջին փուլը սկսվել էր մայիսի 3-ին: Աշխատանքը վերսկսել են ոչ մեծ խանութները, ռեստորանները, վարսավիրանոցները, մարդկանց թույլատրվել է այցելել հանրային այգիներ: Սահմանափակումների թուլացման երկրորդ փուլում նախատեսվում է, անվտանգության կանոները պահելու պայմանով, անդրադարձ կատարել խոշոր օբյեկտներին՝ ներառյալ մեծ առևտրի կենտրոնները: Ծրագիրը հետևյալն է՝ մայիսի 8-12-ը կհավաքվեն կորոնավիրուսի հետ կապված վերջին երկու շաբաթվա տվյալները:Մայիսի 13-ին նախատեսված խորհրդակցությանը կհստակեցվեն հետագա անելիքները: Եթե իրավիճակը շարունակի բարելավվել, ապա կառավարությունը կգնա սահմանափակումների թուլացման հաջորդ փուլի:
Թաիլանդում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության 1-2 նոր դեպք է գրանցվում: Վարակվածների ընդհանուր թիվը շուրջ 3 հազար է, մահացել է 55 մարդ: Ամբողջությամբ ապաքինվել է 2 772 մարդ:
Դոնալդ Թրամփը համավարակի ազդեցությունը համեմատել է Նյու Յորքի ահաբեկչության հետ
ԱՄՆ-ում 1 մլն 200 հազարից ավելի կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել, մահերի թիվն էլ անցել է 73 հազարից: Վարակն այստեղ չի նահանջում, հետևաբար վարակաբանների խումբը, որը ներկայում աշխատում է Սպիտակ տան հովանու ներքո, չի լուծարվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը նշում է, որ այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, թե այս մարդիկ ինչ ազդեցություն ունեն: Ինձ զանգահարեցին մարդիկ, որոնց նկատմամբ մեծ հարգանք ունեմ, և ընդգծեցին, որ այս թիմի գործունեությունն անկասկած պետք է շարունակվի: Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, մեր պատմության մեջ ամենավատ բանն է: Դա ավելի վատ է, քան հարձակումը Փերլ Հարբորի վրա, դա ավելի վատ է, քան Նյու Յորքի ահաբեկչությունը»,-նշել է ԱՄՆ նախագահը:
«The Associated Press»-ը տեղեկացնում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենի կանխատեսումներով, մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը կարող է հասնել 100 հազարի:
ԱՄՆ սենատորները վերադառնում են Կոնգրես՝ չնայած կորոնավիրուսի վտանգին
ԱՄՆ-ի սենատորները վերադառնում են Կոնգրես՝ չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաք Վաշինգտոնում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը շարունակում է աճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ նրանք այստեղ են՝ լսելու ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թրամփի կողմից նշանակված Ջոն Ռեթքլիֆին: Օրակարգում դրված է նրան այս պաշտոնում հաստատելու հարցը: Ռեթքլիֆն ասում է, թե իր համար առաջնահերթությունը լինելու է կորոնավիրուսի ծագման վայրը պարզելը:
Կոնգրեսը նախադեպը չունեցող 3 տրիլիոն դոլարի օգնության փաթեթ է հաստատել՝ օգնելու տնտեսությունը վերականգնելուն և հասարակական առողջապահական ճգնաժամը հարթելուն: Հիմա օրենսդիրներն ուզում են, որ ուժեղ վերահսկողություն հաստատվի այդ գումարների վրա, որպեսզի հսկա հատկացումներն օգտագործվեն խելամտորեն:
Դեմոկրատ սենատոր Շերոդ Բրաունը մյուս դեմոկրատների հետ բողոքում է, որ հանրապետական ղեկավարությունը, իրենց կյանքը վտանգի տակ դնելով, հրավիրում է այստեղ՝ Թրամփի ներկայացրած թեկնածուներին իրենց պաշտոններում հաստատելու համար: «Իսկ երբ աշխարհում, այդ թվում Հարավային Կորեայում ու Կանադայում, կորոնավիրուսի տարածման կորագիծը հարթվում է, ՄիացյալՆահանգները, որը հաճախ համարվում է աշխարհի առաջատար երկիրը, այս հարցում կաղում է»,- բողոքում է Սենատի փոքրամասնության դեմոկրատ ղեկավար Չաք Շումերը:
Քաղաքական լարվածությունը խորանում է նաեւ ամերիկյան տնտեսությունը վերականգնելու նպատակով օգնության փաթեթի հաջորդ փուլն իրականացնելու հարցի շուրջ: Ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Փելոսին պատրաստվում է այս հարցի շուրջ իր կուսակցության գաղափարները ներկայացնել շաբաթվա վերջին: Հակառակ Սենատին, որի անդամները ժամանել են նշանակումները հաստատելու համար, Ներկայացուցիչների պալատն իր աշխատանքները շարունակում է առցանց: