Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, գրել էր. «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ կապերի ապաարգելափակում»: Սակայն ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի երեկվա հայտարարությունը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին միանգամայն հակառակն էր: Անդրադառնալով հարցին՝ ի վերջո Հայաստանի համար ընդունելի է խնդրի կարգավորման փուլային, թե փաթեթային տարբերակը՝ նախարարը հայտարարեց. «Մեզ համար չափազանց էական է ձեւավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են եւ վերահսկվում են: Կրկնում եմ, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով է իրականացնում իր պարտավորությունները՝ չստանալով համադրելի քայլեր մյուս կողմից, խախտում է իր անվտանգային դիրքերը: Նման իրականացումն անհնար է»: Այսպիսով, ՀՀ արտգործնախարարը, ըստ էության, հերքեց Սերգեյ Լավրովին:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ, որի տեսակետը եւս համընկավ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խոսքի հետ:
«Որպեսզի կարողանամ մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պետք է լսել նրան եւ հասկանալ՝ ինչպես է նա տեսնում հարցի կարգավորումը, եւ միայն դրանից հետո մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես լիովին հասկանում եմ, որ արցախյան հակամարտության սկզբունքներն ակնհայտ են, եւ դրա համար Լավրովի կամ մեկ այլ անձի հայտարարություն պետք չէ: Պետք է լինի գործարք, որը, սակայն, չի ստացվում իրականացնել: Ես մինչեւ վերջ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Լավրովը, սակայն կարծում եմ՝ արցախյան հակամարտության լուծումը կունենա փաթեթային լուծում, քանի որ կողմերը միմյանց չեն վստահում»:
Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ փորձելով ե՛ւ երկրորդել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, ե՛ւ բացատրել իրավիճակը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ դրան հարակից օրենքների փաթեթը: Ավելին` այն նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեցին. «Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ դրան հարակից օրենքների փաթեթը հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս.թ. ապրիլի 21-ին: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը եւ հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական եւ այլ մասնագիտական փորձաքննություն»: Հավելենք, որ փաթեթը ստորագրելու համար նախագահին մնացել է 6 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից եւ այս նախագծի սահմանադրականությունը վիճարկի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Նկատենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով սակայն հետեւել կիրառմանը, իսկ «Բանկային գաղտնիքի մասին» մեկ այլ վիճահարույց օրենքն էլ ՍԴ-ում է. դեռ քննում են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 2-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, նախորդների համեմատ, անցել է հանդարտ մթնոլորտում: Հիշեցնենք, որ նախորդ նիստը շատ բուռն էր եղել, որի ժամանակ, կարելի է ասել, վարչապետը դուրս էր եկել ափերից ու իր թիմակիցներին հորդորել էր ուշքի գալ: Անգամ իմքայլականների համար էր անակնկալ եղել վարչապետի խիստ ու կոշտ որակումները, ինչին արդեն հետեւել է շաբաթ օրը կայացած ավելի հանդարտ նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ իր թիմակիցներին բացատրել է, թե ինչն է իրենց թիմի խնդիրը, նշել է, որ ինքն արդեն հոգնել է տարբեր անձանցից բողոքներ լսելուց, ու նշել, որ խնդիրները ոչ թե պետք է փնտրել այստեղ-այնտեղ, այլ իրենց թիմում առաջացած պառակտումների, թայֆաների բաժանվելու եւ անվերջ միմյանցից բողոքելու մեջ: Վարչապետը բոլորին հորդորել է սթափվել ու աշխատել՝ առանց ինչ-որ մեկի մասին ինֆորմացիաներ որոնելու ու այն իրեն փոխանցելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այժմ իմքայլականների շրջանում լարվածություն կա, քանի որ մի քանի պատգամավորների( որոնց մեջ են Վարդան Աթաբեկյանը, Աննա Կարապետյանը) ԱԺ տարբեր շրջանակներից հորդորում են մանդատը վայր դնել: Լարվածությունն առկա է նաեւ գործադիր մարմնում, որտեղ եւս առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ:
ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն այցելել են Երեւանի բժշկական կենտրոններից մեկը եւ հարցաքննում են Գավառի միջադեպի գործով անցնող 37-ամյա Վարդան Դավոյանին: Վերջինիս հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե նա ինչպես է ապրիլի 29-ին հայտնվել Գավառի ճանապարհին, ինչպես է կրակոցների հետեւանքով վիրավորվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Դավոյանը գնացել է Գավառի բենզալցակայան, որպեսզի իր Նիվա մակնիշի մեքենան լիցքավորի: Այնտեղ Դավոյանի մեքենան կանգնեցրել են անծանոթ մարդիկ եւ չեն թողել, որ առաջ գնա, ինչից հետո անծանոթ մի տղամարդ, նրա վզից բռնելով, իջեցրել է մեքենայից, ու հնչել են կրակոցները, որի հետեւանքով Դավոյանը ոտքի եւ որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ: Ըստ պնդումների՝ Դավոյանը միջադեպի մասնակիցների հետ ոչ մի առնչություն չի ունեցել, ամիսներ առաջ սկսված անչափահասների վիճաբանության հետ եւս առնչություն չի ունեցել: Ի դեպ, այս գործի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին մի շատ ուշագրավ միջադեպ էլ հայտնի դարձավ: Պարզվում է՝ երբ նորատուսցիները, ձողերով ու դանակներով զինված, մտել են հիվանդանոց եւ փնտրել վիրավորներին նրանց կոկորդները կտրելու համար, Վարդան Դավոյանը փրկվել է ոչ թե խմբված ոստիկանների, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի աշխատանքի ու ջանքերի շնորհիվ, այլ իր հարազատ հոր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավոյանի հայրը, տեսնելով, թե սպանվածների հարազատները ինչ են անում հիվանդանոցում պառկած մյուս վիրավորներին, իր որդուն փրկելու համար պառկել է նրա վրա եւ չի թողել, որ դանակի կամ երկաթների հարվածները հասնեն որդուն՝ այդպիսով ինքը` հայրը վնասվածքներ ստանալով: