8,9 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն արդեն ներկայացվել է Ազգային ժողովին: Բյուջեի կատարողականը ներկայացված է տարբեր գլուխներով՝ մանրամասը ներկայացնելով այն աշխատանքները որ արվել են, եւ առկա արդյունքները:

 

Տեսական մասը, ընդունված օրենքները ներկայացնելուց հետո անցում է կատարվում նաեւ թվային հատվածին: Ըստ այդմ, 2019 թվականին ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23,9 տոկոսը՝ նախորդ տարվա 22,3 տոկոսի դիմաց, իսկ հարկերը եւտուրքերը՝ ՀՆԱ-ի 22,35 տոկոսը՝ նախորդ տարվա 20,95 տոկոսի դիմաց: Ընդ որում, հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վերջին տարիներին աննախադեպ էական բարելավումը պայմանավորվել է ՀՀ կառավարության՝ ստվերի դեմ իրականացվող պայքարով, հարկային վարչարարության բարելավմամբ եւ ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճով: 2019թ. արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1565,5 մլրդ դրամ, իսկ հարկերը եւ տուրքերը կազմել են 1464,3 մլրդ դրամ: 2019 թվականի ընթացքում ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 24,9 տոկոսը՝ 1629,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10,6 տոկոսով: Նշվում է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում պետական բյուջեի պակասուրդը նվազել է: Այն 2019 թվականին կազմել է 63,9 մլրդ դրամ՝ նախորդ տարի ձեւավորված 105,4 մլրդ դրամի համեմատ: Առանց 2019 թվականի ՌԴ-ից ստացված ռազմական վարկը հաշվի առնելու, պետական բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 0,5 տոկոսը՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 1,26 տոկոսային կետով: Մանրամասը ներկայացնելով եկամուտի աղբյուրները՝ ընդգծված է, որ 2019 թվականին առաջին անգամ պետական բյուջեի մասին օրենքով պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցները ներառվել են բյուջեի ցուցանիշներում: Նշենք, որ ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 44,9 մլրդ դրամ՝ 100,5 տոկոսով ապահովելով ծրագիրը: 2019թ. ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,565,5 մլրդ դրամ եկամուտներ՝ ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 97,3 կատարողական: Իսկ հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 103,8 տոկոսով, իսկ տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 98,4 տոկոսով: Իսկ 2019թ. փաստացի եկամուտները 16,7 տոկոսով կամ 223,8 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը, մասնավորապես՝ հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 16,4 տոկոսով կամ 206,2 մլրդ դրամով: Բացի այդ, 2019 թ. հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 34,6 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 506,5 մլրդ դրամ: Նշված գումարից 364,6 մլրդ դրամը ստացվել է ներմուծման հարկումից: Ներմուծման մեջ հատկանշական է ավտոմեքենանեի ներմուծման ծավալների աճը՝ պայմանավորված մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ներկրման համար նախատեսված արտոնյալ ժամկետի   տրամադրման հանգամանքով: 2019 թվականի ընթացքում իրականացվել են 8703 ծածկագրին դասվող մարդատար տրանսպորտային միջոցների հայտարարագրման եւ բացթողման 189,018 մաքսային գործառնություններ՝ 2018 թվականի 64,082-ի դիմաց, որից միայն 45,981 մարդատար տրանսպորտային միջոցների հայտարարագրման եւ բացթողման մաքսային գործառնություններն իրականացվել են 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: ՀՀ 2019թ. պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 9,5 տոկոսն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով 138,6 մլրդ դրամ: ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է ծխախոտի եւ օղու արտադրանքի ներմուծումից ստացված մուտքերի աճով: 2019 թվականին ԵՏՄ անդամ երկրներից փոխանցված մաքսատուրքը կազմել է 75,369,1 մլն դրամ՝ 2018 թվականի համեմատ աճելով 3 տոկոսով: Հատկանշական է, որ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերի վրա իրենց ազդեցությունն է թողել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծումների աճը, որը կազմել է 342,3 դոլար, իսկ ԵՄ անդամ պետություններից ներմուծումները նվազել են:

Իսկ այժմ խոսենք դրամաշնորհների մասին: 2019թ. Եվրամիության կողմից բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակներում ստացվել է շուրջ 4,5 մլրդ դրամ, որոնք 2017-2018 թվականներին նախատեսվել էին 6,5 մլրդ դրամի չափով: Դրամաշնորհներն ամբողջությամբ չեն ստացվել նախապայմանների ոչ ամբողջական կատարման պատճառով: Եվրամիության կողմից բյուջետային աջակցության նպատակով մի շարք ծրագրերի շրջանակներում 2019 թվականին նախատեսված 8,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով դրամաշնորհները չեն ստացվել: Եվ 2019 թվականին հայկական կողմը պաշտոնապես դիմել էր եվրոպական կողմին ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրերով ամրագրված որոշ նախապայմանների վերախմբագրման եւ իրականացման ժամկետների երկարաձգման խնդրանքով, որի արդյունքում 2019 թվականի դեկտեմբերին ֆինանսավորման համաձայնագրերում կատարվել են որոշակի փոփոխություններ, եւ հատկացումներն ակնկալվում է ստանալ 2020-2021 թթ. ընթացքում: Եթե անդրադառնանք գերատեսչությունների կողմից ծրագրերի կատարողականին, ապա տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը 13 ծրագրերից կատարել է 10-ը եւ ունեցել 76,6 տոկոս կատարողական: Մասնավորապես նշվում է, որ ծրագրերով ցուցանիշների շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման ծրագրի, Տեսչական վերահսկողության ծրագրի եւ ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի կատարողականով: Ցածր կատարողական է արձանագրվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ծախսերի գծով, որոնք կատարվել են 56,3 տոկոսով՝ կազմելով ավելի քան 1 մլրդ դրամ: Շեղումը պայմանավորված է նրանով, որ միջոցառման իրականացման համար տարվա ընթացքում նախատեսված մրցույթները չեն կայացել պահանջներին բավարարող մասնակիցների բացակայության պատճառով: Մրցույթը կայացել է տարեվերջին, եւ ժամկետների սղությամբ պայմանավորված՝  միջոցառումն իրականացվել է մասամբ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Եվրասիական տնտեսական միության երկրները կորոնավիրուսի տարածումը կանխելու համապարփակ պլանի նախագիծ են նախապատրաստել, որը լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մոտեցումների մշակում եւ վարակիչ հիվանդությունների մոնիտորինգի միասնական համակարգի ստեղծում է նախատեսում:  «Փաստաթուղթը ԵԱՏՄ տարածքում լաբորատոր հետազոտությունների անցկացման միասնական մեթոդաբանական մոտեցումների մշակում, վարակիչ հիվանդությունների օպերատիվ մոնիտորինգի ընդհանուր համակարգի ստեղծում, կադրերի պատրաստման, միջպետական ուսուցման եւ տարածաշրջանում առավել ակտուալ ինֆեկցիոն հիվանդությունների համար պատվաստանյութերի եւ ախտորոշիչ թեստ համակարգերի մշակման միասնական համակարգի ստեղծում է նախատեսում: Փաստաթղթի ընդունումը սպասվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ»,- նշված է Ռոսպոտրեբնադզորի հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ

«2020թ. մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից շահառուների հաշվառման հասցեներում»,-սոցցանցի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները»,-նշել է նա:

 

 

 

 

ՄԻՉԵՎ ՄԱՅԻՍԻ 6-Ը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցցանի իր էջում գրել է. «Երեկ՝ (նախօրեին՝ խմբ) ուշ երեկոյան, պարետատան եւ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով. այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»:

 

 

 

 

ԱԶԱՏՎԵՑ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Հակոբյանը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչության պետի ազատումը կապ ունի Գավառի աղմկահարույց դեպքերի հետ: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Գեւորգ Հակոբյանին իր մոտ է կանչել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն ու  պարզաբանում պահանջել: Մասնավորապես, նա հետաքրքրվել է, որ  անչափահասներն ամիսներ առաջ կռվել են, ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի կանխվեին այդ դեպքերը: Ապա ոստիկանապետը հրահանգել է, որ Գեւորգ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում գրի եւ հեռանա:

Ըստ էության, այսպես Արման Սարգսյանը փորձ է անում ուրիշի վրա թողնել դեպքերի պատասխանատվությունը: Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում  կրակոցներ են հնչել, 2 մարդ մահացել է, իսկ 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով` կրակոցները հնչել են Գավառի համալսարանի մոտ: ArmLur.am-ը հայտնել էր, որ  կրակոցների պատճառը Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ ծագած վեճն է եղել: Անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:

 

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆՇԱՆԱԿՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացել է, որ Սյուզաննա Բարսեղյանն առաջիկայում կնշանակվի Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական: Ի դեպ, այս մասին որոշումը պետք է հրապարակվեր մայիսի 5-ին, բայց պարզվում է՝ վարչապետի աշխատակազմում այնքան են ուրախացել այս նշանակումով, որ մայիսի 5-ի որոշումը հրապարակել են մայիսի 4-ին: Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ Սյուզաննա Բարսեղյանը կարդարացնի կառավարության աշխատակիցների սպասելիքները: Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին նշանակել վարչապետի օգնական:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ ArmLur.am-ի հրապարակումից հետո կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում փոփոխություն  է կատարվել, եւ ամսաթվի հետ կապված սխալն ուղղվել է. Սյուզաննա Բարսեղյանն արդեն վարչապետի օգնականն է:

 




Լրահոս