Armlur.am-ը գրել էր, որ հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը հայտնվել է Հայաստանի իրավապահների տեսադաշտում: Նրան նոր մեղադրանք է առաջադրվել: Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 13-ին բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, մխրճվել էր Ռուսաստանի Դաշնությունում Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:
Այս միջադեպից հետո ՌԴ իրավապահները Հրաչյա Հարությունյանին մեղավոր ճանաչեցին ՌԴ ՔՕ 264 (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) եւ 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով եւ դատապարտեցին 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նրան դատարան էին բերել ծաղկավոր խալաթով, ինչը հայերի շրջանում մեծ ցասում առաջացրեց: Մեծ աղմուկի եւ երկու երկրների միջեւ իրավապահների տարաբնույթ բանակցությունների արդյունքում 2017 թվականին Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում կայացրեց դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխել: Նա հուլիսի 20-ին տեղափոխվեց Հայաստան, բայց այստեղ էլ տրանսպորտային միջոցներ վարելու թեմայով նա դարձյալ հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ի դատավճռով, որպես լրացուցիչ պատիժ, զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երեք տարի ժամանակով: Այդ դատավճիռը Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից, որպես օտարերկրյա պետության դատավճիռ, ճանաչվել է 2017 թվականի օգոստոսի 18-ին: Հրաչյա Հարությունյանը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից երեք տարի ժամանակով զրկվելու մասին պատշաճ ծանուցվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն 2019 թվականի հունիս ամսից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ մշտապես վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի 36 DT 018 համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ, եւ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 17 որոշումներ:
Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը»), որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Հրաչյա Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, իսկ, ահա, այս գործը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ Մացոն: Եվ, ահա, դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2020 թվականի ապրիլի 22-ին հրապարակեց վճիռը, որով Հրաչյա Հարությունյանին մեղավոր ճանաչեց՝ վերջնական պատիժ նշանակելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալ Հրաչյա Հովսեփի Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողել են անփոփոխ մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱԽՏՄԱՆ 51 ԴԵՊՔ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 51 դեպք. կանխվել է տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաեւ ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման եւ արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են շուրջ 5կգ 500գ մեթամֆետամին, 2կգ 500գ ափիոն, ավելի քան 2 կգ կետամին, 600գ մարիխուանա, 11գ սփայս, ինչպես նաեւ հաշիշի յուղով լցված էլեկտրական սիգարետի 11 մուշտուկ, տարբեր տեսակի թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պարունակությամբ 2487 դեղահաբ: Բացահայտվել է նաեւ մաքսային կանոնների խախտման 17 դեպք: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 300գ ոսկյա եւ 14կգ մետաղական զարդեր, տարբեր տեսակի 60կգ դեղամիջոց, 71 բջջային հեռախոս, 450 տուփ ծխախոտ, 20240 կգ խնձոր, ավելի քան 2կգ 600գ ռետինե խողովակ, առանց մաքսային մարմնի թույլտվության տրասպորտային միջոցի հանձման 1 դեպք, 1500 կգ հագուստ եւ տեքստիլի արտադրանք ու այլ ապրանքներ:Փաստերի առթիվ կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ-ի քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական վարչություններին:
ՍՏՈՒԳԱՅՑ
Վերջին օրերին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության եւ Երեւանի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայցի արդյունքում Երեւանյան լճից դուրս են բերել եւ առգրավել 4 հատ մոտ 300 մետր ընդհանուր երկարության տիրազուրկ դնովի ձկնորսական ցանց եւ 12 հատ խեցգետնաորսիչ.
Հրազդանի կիրճում Հրազդան գետից եւս առգրավվել է 3 հատ «Էկրան» տեսակի տիրազուրկ ձկնորսական ցանց: Առգրավված ապօրինի որսագործիքները վարչական վարույթի ավարտից հետո, օրենքով սահմանված կարգով, կոչնչացվեն:
ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն այցելել են Երեւանի բժշկական կենտրոններից մեկը եւ հարցաքննել են Գավառի միջադեպի գործով անցնող 37-ամյա Վարդան Դավոյանին: Մեր տեղեկություններով՝ Դավոյանի հարազատներին մինչ օրս թույլ չեն տվել տեսակցել նրան, եւ դեպքից մեկ շաբաթ անց նոր միայն նախաքննական մարմինը կարողացել է գնալ բժշկական կենտրոն եւ հարցաքննել կրակոցների հետեւանքով վիրավորված Դավոյանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կրակոցներ են հնչել, 2 մարդ մահացել է, իսկ 4-ին տեղափոխել են հիվանդանոց:
ՈՒՇԱԳՐԱՎ ՄԻՋԱԴԵՊ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Արման Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, մուտք է գործել Իջեւանի համայնքապետարանի վարչական շենք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ, հայտարարել, որ այլեւս համայնքի ղեկավարն ինքն է, որից հետո ձեռքին եղած լինգով հարվածել համայնքապետի աշխատասենյակի մուտքի դռանը՝ վնասելով այն, եւ այդպիսով խաթարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը մտել է դատարան: Հիշեցնենք, որ 1988թ. ծնված Արման Մանուկյանը Իջեւանի Անկախության փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի եւ թույլտվության, ինքնակամ իրականացրել է բետոնապատման եւ մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ: Վարդան Ղալումյանը, հանդիսանալով Իջեւան համայնքի ղեկավար, իշխանության ներկայացուցիչ, ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձի` Արման Մանուկյանի նկատմամբ օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, իր իրավասության սահմաններում 2018թ. նոյեմբերի 29-ին վարչական վարույթ է հարուցել Ա. Մանուկյանի նկատմամբ եւ թիվ 100 կարգադրությամբ իր ենթակայության տակ գտնվող համապատասխան ծառայությանը հանձնարարել է կասեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները: Ա. Մանուկյանը, տեղյակ լինելով այդ կարգադրության մասին, 2018թ. նոյեմբերի 29-ին` ժամը 13:30-ի սահմանաներում, գնացել է Իջեւանի համայնքապետարան եւ համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի աշխատասենյակում, նրա վերոհիշյալ ծառայողական պարտականությունների հետ կապված, տվել է բռնություն գործադրելու սպառնալիք` ասելով, որ ինքը կկրակի եւ կսպանի` ցանկանալով այդկերպ նրան հարկադրել հրաժարվելու իր լիազորությունների իրականացումից: Ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 37 հոդվածի 5-րդ կետով՝ Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին կարգադրել է կասեցնել Ա. Մանուկյանի կողմից իրականացված ինքնակամ շինարարության աշխատանքները եւ ապահովել դրանց հետեւանքների վերացումը: Իջեւանի քաղաքապետարանը գրավոր դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` քանդման աշխատանքների ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար: 2019թ. հուլիսի 9-ին Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Իջեւանի կոմունալ ծառայության աշխատողները կատարել են ինքնակամ կառույցի քանդումը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը 2019թ. օգոստոսի 30-ին վճռել է Արման Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի, 6 ամիս ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ