«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը, ըստ ամենայնի, կերկարացնի մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս պահին իշխանության ներսում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետաձգման հարցը, եւ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելը դրա լուծումներից մեկն է: «Ժողովուրդ» օրաթերթը երկարաձգելու հարցի վերաբերյալ մեկնաբանության համար դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին, ով մեզ հետ զրույցում հայտնեց.
«Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն այս պահին գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում չկա. երբ կլինի վերջնական որոշում երկարաձգելու կամ արտակարգ դրությունը դադարեցնելու մասին, ապա հանրությանը տեղյակ կպահենք այդ մասին։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այդ հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ առաջնահերթությունը տրված է մեր քաղաքացիների, հայրենակիցների առողջությանը, եւ եթե լինի արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն, ապա դա կլինի միայն այդ նպատակով»։ Այսինքն՝ ըստ էության, առաջիկայում հանրաքվեն տեղի չի ունենա, եւ ՍԴ-ի՝ այդքան կարեւորություն ներկայացնող հարցը լուծում չի ստանա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։