ArmLur.am-ը գրել էր, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100000 դրամ: Նրանք նշում են, որ այդպես տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար լիցենզավորման պետական տուրքի մասով հավասար պայմաններ կստեղծվեն։
Նախագիծը հանրային քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և ուշագրավ պատկեր է: Այն քվեարկությամբ ստացել է 81 դեմ և 6 կողմ ձայներ: Նկատենք, որ սոցիալական ցանցերում բուռն կերպով քննարկվում է այս նախագիծը:
Նախ նշենք, որ փոփոխություններով առաջարկվում է.
1.Լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 100000 դրամ:
2.Ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, լիազոր մարմնին տրամադրելով տվյալների բազան: Նրանց գործունեությունը կկարգավորվի <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքով:
3.Սակաչափիչ սարք է ընդունվում ինչպես տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչը, այնպես էլ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքը:
4.Կանոնակարգվում է 6-ից 8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:
5.Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը:
6․ Կանոնակարգվում են օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:
7.Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:
Նշենք, որ միասնական հարթակում մեծ թվով մեկնաբանություններ են առկա և քաղաքացիները դժգոհում են այս նախագծից: Օրինակ՝ նրանցից մեկը գրել է. «Առանց այս ոլորտում գործող ՀԿ-ների և Մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտի աշխատակիցների անկախ արհեստակցական կազմակերպության կարծիքը հաշվի առնելու՝ մշակվել է փնթի, անգրագետ, լղոզված և վնասակար նախգիծ: Պահանջում ենք հանրային քննարկումներ»: Ի պատասխան այս մեկնաբանության, գրված է. «Օրենսդրական նախագծերի փաթեթը հանրային քննարկման նպատակով հրապարակվել է e-draft.am իրավական ակտերի էլեկտրոնային հարթակում, որտեղ յուրաքանչյուր ոք, կամ ոլորտում գործունեություն իրականացնող, կամ ոլորտում գործող ՀԿ, կամ մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտի աշխատակիցների անկախ արհեստակցական կազմակերպություն կարող է ներկայացնել նախագծերի վերաբերյալ առարկայական առաջարկություններ, որոնք կքննարկվեն նախագծերի լրամշակման փուլում: Օրենսդրական փաթեթը մշակվել է ոլորտում գործունեություն իրականացնողների հետ բազմիցս կազմակերպված քննարկումների արդյունքում: Բացի այդ, օրենսդրական փաթեթը քննարկվում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ»:
Մեկ այլ օգտատեր էլ այսպիսի մեկնաբանություն է թողել. «Նախագիծը իրականում ավելի է աղավաղելու ոլորտը, քան մինչ հիմա էր։ Մասնավորապես. 1. Արդեն իսկ անհավասար և խիստ անարդար է լիցենզիայի տուրքի չափի հավասարեցումը 1, 10 և 100 մեքենայի համար։ Հարկավոր է այն սահմանել ամեն միավոր ավտոմոբիլի համար։ 2. Հեռախոսներն ու դյուրակիր համակարգիչները չեն կարող ծառայել որպես «ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ», քանի որ չեն բավարարում ներկայացվող ստանդարտների պահանջներին, մասնավորապես. Ենթակա չեն կապարակնքման և բնականաբար դուրս են պետության վերահսկողությունից Էլեկտրոմագնիսական ալիքները ուղղակի ազդեցություն ունեն չափման արդյունքների վրա Արբանյակային տվյալների հիման վրա կատարված չափումների ճշտությունը չի բավարարում սակաչափիչներին ներկայացվող պահանջներին (0,2%) Չի կսրող միացվել ավտոմեքենայի հեռավորության ազդանշանային գեներատորին Բնավ չի կարող աշխատել ջերմաստիճանային այն պայմաններում ինչպիսիք պահանջում է համապատասխան ստանդարտը և սյլն… 3. Մեր երկրում անվտանգության նկատառումներից ելնելով վարորդին արգելված է վարելու ժամանակ օգտվել հեռախոսից այնինչ նախագծով հեռախոսը դառնում է պարտադիր ատրիբուտ։ Ստացվում է, որ հավասար պայմաններ ապահովվելու քողի տակ առաջարկվում են խիստ անհավասար պայմաններ այսպես կոչված «ավանդական և առցանց» եղանակով աշխատող տաքսիների համար։ Իրականում դրանք նույն ՏԱՔՍԻ_ն են, տարբեր է միայն պատվերի ընդունման եղանակը։ Նախագծի այլ բազմաթիվ թերությունների մասին կխոսեմ եթե կազմակերպվի հանրային քննարկում։ Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ՀՀ Տաքսի Ծառայությունների Գործատուների Ճյուղային Միության անունից դիմելու ՀՀ Վարչապետին և նախագծի թերությունների և դրանից սպասվող անխուսափելի բացասական հետևանքների մասին ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Այս առաջարկին դեռ եզրակացություն տրված չէ:
Նաիրա Հովհաննիսյան