«Ռեֆորմները դանդաղում են, դրանք պետք է կատարվեն»,-երեկ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ բացառիկ չոր տոնով հայտարարել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, որն իր նոր գործընկերոջ` Ակսել Ֆիշերի հետ երեկ առավոտյան Երեւան էր եկել Հայաստանի վերաբերյալ զեկույց պատրաստելու առաքելությամբ: Այն ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին: Եվ այսպես. Ջոն Պրեսկոտին (նոր նշանակված համազեկուցող Ֆիշերը հասկանալի պատճառներով համեմատաբար պասիվ է եղել) հիմնականում հետաքրքրել է երկու հարց` մարտի մեկի դեպքերի հետ կապված ձերբակալվածների ազատությունն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Թեեւ հպանցիկ քննարկվել են նաեւ լրատվամիջոցների ազատության եւ երթերի, ցույցերի ու հանրահավաքների անցկացման խնդիրները: Դավիթ Հարությունյանը շտապել է պատասխանել, որ պայմանական վաղաժամկետ ազատումներով զբաղվող հանձնաժողովը հենց այսօր քննարկելու է եւս երկու հոգու հարցը: Սակայն կոնկրետ, անվանական` Սասուն Միքայելյան կամ Նիկոլ Փաշինյան համատեքստում քննարկում չի եղել: Ի դեպ, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ սկզբունքով է հանձնաժողովը քննարկում վաղաժամկետ ազատումների հարցը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ մինչ այժմ չի եղել անձ, որի ժամկետը լրացած լինի ու նա վաղաժամկետ ազատված չլինի: Համազեկուցողների կողմից հարցադրումներ չեն եղել նաեւ կապված Սամսոն Խաչատրյանի ձերբակալության հետ: Մարտի 1-2 տասը զոհերի մահվան հանգամանքները պարզելու ԵԽԽՎ պահանջի առնչությամբ էլ Պրեսկոտին պատասխան է տրվել, որ խորհրդարանը, բացի ընդհանուր տեղեկություններ տրամադրելուց, որեւէ այլ իրավասություն, նաեւ` միջամտելու, չունի: «Մենք ներկայացրել ենք գործերի հետ կապված մեր հարցումների ընթացքը եւ ներկայացրել ենք դատախազություն պատասխանները: Ասացինք, որ դրանից ավել որեւէ բան չենք կարող ասել»,-պատմեց Դավիթ Հարությունյանը: ՀՔԾ-ն, հիշեցնենք, պատասխանել էր, որ քննչական գործողությունները շարունակվում են, սակայն այս պահին դրանք որեւէ արդյունքի չեն հանգեցրել: Համազեկուցողների հետ հանդիպման ընթացքում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության դաշնակցական անդամ Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ անթույլատրելի է հայտարարված համաներումից հետո անազատության մեջ գտնվողների առկայությունը, եւ հայտնել է իրենց խմբակցության տեսակետն առ այն, որ կա մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ նոր քննարկումների անհրաժեշտություն: Այս հարցն ավելի մանրամասնորեն կքննարկվի պետաիրավական հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող մոնիթորինգային խմբի հետ հանդիպման ժամանակ, որը նշանակված է այսօր: Եւ Ջոն Պրեսկոտի` երեկվա աննախադեպ կոշտությունը նկատի ունենալով, ինչպես նաեւ այն, որ նախքան այդ համազեկուցողները երեկ հանդիպել էին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, կարելի է ենթադրել, որ իշխանություններին այսօր ավելի տհաճ զրույց է սպասվում: Երեկվա հանդիպման ընթացքում Պրեսկոտին հետաքրքրող հաջորդ սկզբունքային հարցը վերաբերել է Ընտրական օրենսգրքի վերջին լրամշակմանը, որի տակ խորհրդարանական ընդդիմությունը չդրեց իր ստորագրությունը` պատճառաբանելով, որ իրենց միայն վերջին պահին է առաջարկվել միանալ: Ջոն Պրեսկոտը նույնքան կոշտ տոնով Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է. «Արդյոք օրենսգիրքը ընդդիմության հետ կոնսենսուսի արդյունք է»: ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանն ասել է, որ «ոչ» եւ ներկայացրել իրենց հրաժարման հիմնական պատճառը: Այն, որ կոալիցիան չի ընդունել իրենց` 100 տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու եւ մի քանի այլ առաջարկներ: Ռուստամյանն ասել է նաեւ, որ դրանք ուղարկված են ԵԽԽՎ ու հույս է հայտնել, որ համազեկուցողները դրանց կծանոթանան: Ջոն Պրեսկոտի դեմքի արտահայտությունից ներկաները հասկացել են, որ նրանք այդ առաջարկներից «խաբար չեն»: «Եթե չկա կոնսենսուս, ապա չկա հասարակական վստահություն, որ ընտրությունները այս անգամ էլ չեն կեղծվելու»,-ամփոփել է Արմեն Ռուստամյանը: ՀՀԿ-ն ներկայացնող Հովհաննես Սահակյանն այստեղ արձագանքել է, որ հասարակական վստահության առումով ընդդիմությունը լայն հասկացություն է, եւ չի սահմանափակվում միայն խորհրդարանական ընդդիմությամբ. «Ասացի, որ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ քաղաքական ուժեր ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասը, այդ թվում ՀԱԿ-ի` ընտրատեղամասերում տեսաձայնագրման դրույթը, իր արտացոլումն է գտել այսօրվա ներկայացված նախագծում»: Հովհաննես Սահակյանը հստակեցրեց, որ ՀԱԿ-ից առաջարկ ասելով` նկատի է ունեցել անուղղակի միջնորդավորված` մամուլի ակումբներում հնչեցված առաջարկները: Մեր հարցին, թե համազեկուցողները քննարկե՞լ են ՀԱԿ-ի պահանջների կատարման հարցը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հայաստանում ընդհանուր քաղաքական իրավիճակին վերաբերող քննարկում եղել է համազեկուցողների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հանդիպումների ժամանակ»: Նշենք, որ այդ հանդիպմանը կոալիցիան ներկայացել էր ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կազմով, իսկ ՀՅԴ-ն հանդիպել էր առանձին: «Ժառանգություն»-համազեկուցողներ հանդիպումը չի կայացել այն պատճառով, որ այդ ժամին խմբակցության անդամները գտնվելիս են եղել Ազատության հրապարակում` «Ձոն ազատության» կարգախոսով հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Համախոհների հետ է հանդիպել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ «ՉՈՐՈՎ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ