Գյուղացիները նախընտրում են կաղամբը տալ անասուններին, քան 15 դրամով վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներ գյուղմթերքի իրացման խնդրի առաջ են կանգնած: Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: ArmLur.am-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Վարդենիկ եւ Զոլաքար գյուղերի բնակիչներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ իրենք պահեստավորած կաղամբ ունեն, բայց չգիտեն, թե ինչպես վաճառեն:

Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղում այս պահին մոտ 450 տոննա պահեստավորած կաղամբ կա:

«Չենք կարողանում վաճառել, խնդիր է: Նախորդ տարի նման խնդիր չի եղել: Օրինակ, կարտոֆիլ ունեինք, կարողացանք վաճառել, գինը բարձր էր, բայց կաղամբը՝ մնաց: Մարդիկ, մի կերպ, փոքր քանակությամբ կաղամբ են լցնում իրենց մեքենաները եւ տանում են Երեւան, Արցախ ու կոպեկներով իրացնում: Կաղամբի գինը 30 դրամից չի բարձրացել, դրա համար մարդիկ նախընտրում են կաղամբը տան անասուններին, քան այդ գնով վաճառեն»,- նկատեց գյուղապետը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ գյուղացիները չկարողացան պահեստավորած գյուղմթերքը վաճառել նաեւ վաղահաս կարտոֆիլի պատճառով: Այն շուկան ողողեց սահմանված ժամանակից շուտ եւ սպառողը նախընտրեց վաղահաս կաղամբ գնել: Սա փաստորեն մեծ վնաս է հասցրել գյուղացիներին: Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչները կարտոֆիլի իրացման խնդիր այս տարի չեն ունեցել, այդ իսկ պատճառով նրանց մեծ մասը որոշել է կարտոֆիլի ցանքատարածություններն ավելացնել:

«Բայց հնարավոր է մյուս տարի կարողանան կաղմաբը ավելի լավ վաճառել ու ափսոսեն, որ կաղամբ քիչ են ցանել… շուկայից է կախված»,- լրացրեց Վարդենիկի գյուղապետը: Իսկ ահա Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանն  ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ կամաց-կամաց վաճառում են, բայց շուկայական գնից ավելի ցածր գնով: «Ով կարողացել է իր մեքենայով տարել է եւ 30 դրամով վաճառել, մարդիկ էլ կան տանից հենց 15-20 դրամով են վաճառել: Գյուղապետը ոչինչ չի կարողանա անել, գյուղապետը լծակներ չունի, հողն էլ է գյուղացունը, ապրանքն էլ, ինքը պետք է իր միջոցներով ցանի, մշակի ու վաճառի: Թող չցանեն այդքան»,- հայտարարեց աստղաձորցի գյուղապետը:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում եւս մարդիկ հիմնականում զբաղվում են կարտոֆիլի եւ կաղամբի մշակությամբ: Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ գյուղում մարդիկ այս պահին ունեն մոտ 300 տոննայի չափով պահեստավորած կաղամբ. «Կամաց-կամաց վաճառում են. սկզբում 25 դրամով էին վաճառում, հետո գինն իջավ եւ դարձավ 20 դրամ, հիմա էլ առաջարկում են 15 դրամ մեկ կիլոգրամի դիմաց»:

Այս խնդրի շուրջ ArmLur.am-ը զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հետ: «Տարիներ շարունակ մենք ունենում ենք կաղամբի եւ կարտոֆիլի ավելցուկ, չնայած, փառք Աստծո, այս տարի կարտոֆիլը լավ էլ իրացվում է: Բայց իրականությունն այն է, որ կաղամբի ավելցուկ ունենք եւ գինն էլ այնքան էժան է, որ անգամ բեռնել մեքենան ու տանեն Երեւան այդ գնով վաճառեն, չի արդարացնի: Ամենալավ գինը 25 դրամն է այս պահին կաղամբի մեկ կիլոգրամի, իսկ բնակիչներից լսել եմ, որ 15 դրամով էլ են վաճառում: Նախորդ տարիներին մենք ունեցել ենք դեպքեր, որ մարդիկ հանում թափում էին դաշտերը, բայց այս տարի նման դեպքեր տեղի չեն ունեցել, թու թու թու… բայց որ ավելցուկ կա, դա իրականություն է»,- փոխանցեց մարզպետարանի ներկայացուցիչը:

Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ մարզպետարանը կաղամբ է գնել եւ բաժանել Ճամբարակի տարածաշրջանին: Բայց համաձայնեք, որ սա խնդրի լուծում չէ: Մեր հանրապետությունում ի վերջո գյուղմթերքի իրացման խնդիրը պետք է լուծվի, թե ոչ:

Ս.Հ.




Լրահոս