2020թ.-ի մարտի վերջի դրությամբ ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››-ի կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների մեծությունը կազմել է շուրջ 136 մլրդ դրամ։ Ֆոնդերի ընդհանուր ներդրումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն դիվերսիֆիկացված են տարբեր աշխարհամասերում և երկրներում, տարբեր ակտիվների դասերում, որոնք արտահայտված են տարբեր արժույթներով։
Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում բացասաբար է անդրադառնում համաշխարհային ֆինանսական շուկաների վրա: Սակայն այն առավել խիստ է արտահայտվում հատկապես համաշխարհային բաժնետոմսերի շուկայի վրա, որտեղ անկումը 2020թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 20-25%՝ ըստ առանձին ինդեքսների։
‹‹Նշված անկումը չէր կարող իր բասացական ազդեցությունը չունենալ հայաստանյան այն կենսաթոշակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվների մի մասը ներդրված է բաժնետոմսերում։ Այն բավականին զուսպ է եղել՝ պայմանավորված մեր գործողություններով: ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››-ի կողմից հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմությունը փաստում է, որ վերջին 6 տարիների ընթացքում եղել են կարճատև ժամանակահատվածներ, որոնց ընթացքում ֆոնդերն արձանագրել են բացասական արդյունքներ, սակայն բոլոր դեպքերում էլ անկումներին հաջորդել են աճի առավել երկար ժամանակահատվածներ: Արդյունքում, ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկանացված եկամտաբերության ցուցանիշները գտնվում են բավականին բարձր մակարդակում՝ տատանվելով 8.7%-9.1% միջակայքում։ ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››-ը կենսաթոշակային ֆոնդերը կառավարելիս առաջնորդվում է՝ ելնելով ֆոնդերի մասնակիցների լավագույն շահերից՝ օգտվելով ֆրանսիական Ամունդիի էքսպերտիզայից և տեխնիկական աջակցությունից››,- նշել է ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ›› ընկերության տնօրենի տեղակալ, Ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։