ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի Աղավնի Մկրտչյանը, ով հայտնում է, որ դեռևս նախորդ տարի օրինական ճանապարհով ձեռք են բերել բնակարան, սակայն բնակարանում բնակվում է ոմն Մարիաննա Սահակյան, ով հանդիսանում է բնակարանի նախկին տիրոջ ծանոթուհին և հրաժարվում է լքել բնակարանը։
«Այս մեկուկես տարի է` մենք քաշքշուկների մեջ ենք, բազմիցս դիմել ենք Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն, սակայն ապարդյուն, ոչինչ չեն անում, որպեսզի մեր բնակարանից դուրս հանեն այս կնոջը։ Մարիանայի և բնակարանի նախկին տիրոջ մեջ եղել է պարտքուպահանջ, սակայն երբ գնեցինք բնակարանը Մարիաննան մեզանից խնդրեց մեկ ամիս ժամանակ տեղափոխվելու համար, սակայն արդեն մեկ տարի է` տանից դուրս չի գալիս, ոստիկանությունը ոչ մի միջոց ձեռք չի առնում։ Ես տեղեկություններ ունեմ, որ նա Արաբկիրի ոստիկանությունում ունի ծանոթներ, որոնք նրա համար հանդիսանում են թիկունք, անգամ տեղեկություններ ունեմ, որ այդ կինը տունն օգտագործում է ոչ լավ նպատակով, անընդհատ տղամարդիկ են գնում-գալիս։ »,-պատմում է նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի որոշում կա` յօգուտ իրենց, սակայն Մարիաննա Սահակյանը կրկին դիմել է Վերաքննիչ դատարան: Դատարանը դատական նիստի օր է նշանակել 2021թվականին։
«Գրեթե բոլոր բարձր ատյաններում բարձրաձայնել եմ այս խնդրի մասին, դիմել եմ Նիկոլ Փաշինյանին։ Այլևս այսպես ապրել չենք կարող, չենք կարող էլ տան վարձ վճարել, երբ ունենք մեր սեփական բնակարանը, որը գնել ենք օրինական ճանապարհով, սակայն չենք կարողանում մենք մեր բնակարանում ապրել։ Այդ կինը ոչ մի կերպ դուրս չի գալիս բնակարանից, ոստիկանությունն էլ համագործակցում է նրա հետ, տանից դուրս չի անում»,-հավելեց մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան