ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։

Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, որ համավարակի պայմաններում պետք է ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և զգոնություն։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում: 1992 թվականի այս օրը հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին: 75 տարի առաջ այս օրը Խորհրդային Միության ժողովուրդները միասնական հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում:

Հաղթանակը Մեծ Հայրենականում ձեռք բերվեց մեզ համար թանկ գնով։ Հայոց ցեղասպանության ընթացքում 1,5 մլն զոհ տված մեր ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրեց ևս 300 հազար հայ կյանք: 300 հազար այն 600 հազարից, որոնք մարտնչում էին պատերազմի դաշտում: Մեր մասնակցությունը ֆաշիզմի դեմ պայքարին իրավամբ մեզ դնում է հաղթանակած ժողովուրդների առաջին շարքերում:

Հարյուրից ավելի հայ քաջորդիներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, արժանացան նաև բարձր՝ մարշալների ու գեներալների տիտղոսների, և մենք հավերժ հպարտանալու ենք նրանցով: Մեր հպարտությունն են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նվիրատվություններով աջակցեցին խորհրդային բանակին: Նրանք իրենք էլ միացան ֆաշիզմի դեմ պայքարին՝ Դիմադրության շարժմանը Ֆրանսիայում, Եվրոպայում և այլ երկրներում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

75 տարի առաջ արցախցի Արմիկ Արամյանը նույնպես հաղթանակով մտավ Բեռլին: Նա իր անունը անմահացրեց Ռայխստագի պատին, գրելով՝ «Ստեփանակերտ-Բեռլին-Արմիկ Արամյան»։ Գրեթե կես դար անց հաղթանակի պատմությունը կերտվեց արդեն նրա և մեր հայրենիքում՝ Արցախում՝ Շուշիում։ Հաղթանակի ճանապարհը դեպի Շուշի ձգվում էր ոչ միայն Ստեփանակերտից, այլև Հայաստանից ու Սփյուռքից:

Մեր տարեգրությունը հարստացավ ազատության մերօրյա պատմությամբ և այն կերտող նոր հերոսների անուններով: Պատահական չէր, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ը, հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։ Այդ բանակը այսօր հզոր ու մարտունակ ուժ է, ինչպես հայկական ողջ զինուժը։

Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների առջև, ովքեր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվեցին հանուն Խորհրդային Միության ու Եվրոպայի ազատության, մեր Հայրենիքի այն քաջարի զավակների հիշատակի առջև, որոնք կերտեցին Արցախյան ազատամարտի հաղթանակը:

Մեծարանքս ու խորին հարգանքս մեր վետերաններին, որոնք հայրենասիրության կենդանի դասագիրք են սերունդների համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

75 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից, 28 տարի՝ Շուշիի ազատագրումից։ Այս տարեթվերի հետևում երկրներ են, ժողովուրդներ ու մարդկանց ճակատագրեր։ Սակայն հաղթանակները մնայուն են…Դրանք մնայուն են, եթե ամրապնդվում են Հայրենիքի հզորացմամբ և շենացմամբ: Մնայուն են, եթե պահպանում ենք մեր զգոնությունը եւ մարտական պատրաստականությունը:

Սիրելի՛ բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Այս օրը բազմախորհուրդ է՝ հաղթանակ, ազատություն, խաղաղություն, և այս բոլորը միավորող հիշողություն։

Տե՛ր լինենք մեր հաղթանակներին, մեր ազատությանը և խաղաղությանը:

Տե՛ր լինենք նաև մեր հիշողությանը։

Սատա՛ր լինենք այդ հիշողության ու հաղթանակների կենդանի կրողներին՝

Մեծ Հայրենականի և արցախյան ազատամարտի վետերաններին։

Աստված պահապան բոլորիս, մեր ընտանիքներին, մեր ժողովրդին, մեր Հայրենիքին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ մեր ժողովուրդը։




Լրահոս