Ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծն, ինչպես երևում է, մտահոգիչ է ոչ միայն վարորդների, այլև հավելվածային տաքսի ծառայությունների համար։ Օրինագիծը ընտրության առաջ է կանգնեցնելու տաքսու վարորդներին՝ կամ գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ, կատարել համապատասխան վճարներ (միանվագ տարեկան 100․000դրամ, ամսական՝ մինչև 11․000 դրամ կախված հարկային ռեժիմից, ինչպես նաև ամսական 9500 դրամ պետական տուրք Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար) ու շարունակել համագործակցել օնլայն տաքսի ծառայությունների հետ, կամ ստանալ անվճար լիցենզիա և սպասարկել բացառապես փողոցից ստացած պատվերները՝ չաշխատելով օնլայն հարթակների հետ։ Այս մասին գրում է tert.am-ը:
Թե այս տարբերակներից որը կընտրի վարորդը, շուկայում գործող օնլայն տաքսի ընկերություններից Yandex.Taxi-ի և Utaxi-ի ներկայացուցիչները միակարծիք են՝ վարորդների 90 տոկոսը ստիպված կլինի հրաժարվել իր գործից, քանի որ չի կարողանա կատարել պարտադիր վճարները։
Utaxi-ի ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանի խոսքով՝ նոր փոփոխությունները մեծ թվով վարորդների շանս չեն տա շարունակելու իրենց աշխատանքը, քանի որ ծախսերն այնքան կմեծանան, որ այդ պայմաններում պարզապես ձեռնտու չի լինի ամսական լրացուցիչ բեռ վերցնել․ «Լրացուցիչ հարկեր, տուրքեր, չհաշված վարորդներից շատերը ստիպված կլինեն հաշվապահական ծառայություններից օգտվել ու վճարել դրա համար ևս, որովհետև ամեն մարդ չի կարող ԱՁ ու ՍՊԸ հիմնել, ամեն ամիս հաշվետվություն ներկայացնել հարկային»։
Մտահոգությունը կիսում է նաև Yandex.Taxi-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը․ «Փաստացի մենք օնլայնը սպանելու ենք այս նախագծով, որովհետև մարդիկ ի վիճակի չեն լինելու պարտադիր վճարներ անել ու շարունակել մեզ հետ համագործակցությունը։ Նրանք սկսելու են որպես անհատներ տաքսի վարել՝ իրենք իրենց գին ու որակ սահմանելով։ Արդյունքում օնլայն ծառայություններում վարորդների թիվը նվազելու է, դրան զուգահեռ՝ գինը բաձրացնելով։ Արհեստականորեն գները կաճեն նաև անհատ տաքսիների դեպքում»։
Դիտարկմանը, որ պատկան մարմինների խոսքով՝ նախագծի նպատակը ոլորտի վերահսկողությունն է, Utaxi-ի ֆինանսական տնօրենն ընդգծեց․ «Կողմ ենք, որ ոլորտը վերահսկվի, բայց կարելի է այդ անել, առանց ոլորտին վնաս հասցնելու ու այն զարգացնելու ճանապարհով։ Նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան ոլորտը վերահսկել՝ այն փոքրացնելով, վնաս հասցնելով բոլոր կողմերին։
Եթե համեմատենք եվրոպական տարբեր երկրներում կիրառվող մեխանիզմների հետ, կտեսնենք, որ Գերմանիայի պես երկրներում գուցե այս տարբերակն արդարացվի, բայց պետք է հաշվի առնել, որ այնտեղ մարդիկ իրենց հիմնական գործին զուգահեռ դժվար թե կարիք ունենան որպես երկրորդ եկամտի աղբյուր աշխատանքի անցնել որպես վարորդ՝ կողմնակի 100 եվրո աշխատելու ու օրահացի հարց լուծելու համար»։
Ավետիս Գասպարյանի խոսքով՝ արդարացի կլիներ, եթե կիրառվեր ինքնազբաղվածների օրինակը։ Այս ձևաչափը Ռուսաստանում և մի շարք այլ ԱՊՀ երկրներում լայն տարածում ունի։ Վարորդը մուտք է գործում պետության կողմից ստեղծված համապատասխան հավելված, հաշված րոպեների ընթացքում գրանցվում է համակարգում որպես հարկ վճարող, ուղարկում է իր տվյալները օնլայն հարթակին, որն էլ օրինակ՝ եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան հաշվետվություն է ուղարկում պետությանը, ու վարորդը հարկվում է փաստացի՝ ըստ իր շրջանառության։ Ռուսաստանում, օրինակ, ինքնազբաղվածների հարկը 4-6 տոկոս է` կախված այն սակագներից, որոնցով նա իրականացրել է ուղևորափոխադրումները։
Երկրորդ տարբերակն այն է, որ վարորդը հարկ վճարի այնքան, որքան ուղևորափոխադրման պատվեր է իրականացնում։ Եթե վարորդն աներ, օրինակ, ամսական 1 կամ 200 ուղևորություն, և ինչպես Yandex-ի դեպքում, որը յուրաքանչյուր պատվերից միջնորդավճար է տալիս մեր ընկերությանը, նույնկերպ էլ որոշակի գումար կամ տոկոս ամեն պատվերից վճարեր պետությանը, օրինակ՝ 20-30 դրամ։ Սրան բոլորն էլ, կարծում եմ, համաձայն կլինեին։
Այս 2 տարբերակներն էլ բացարձակ թափանցիկ գործընթացներ են, քանի որ վարորդները օնլայն հարթակներից օգտվելու համար վճարում են բացառձակապես անկանխիկ եղանակով։ Օրենքի տրամաբանությունը կլիներ արդար, եթե հաշվի առներ այն հանգամանքը, որ մարդիկ, ինչպես իրավաբանական այլ անձինք, հարկվեն այնքան, ինչքան աշխատեն»,-նշում է Գասպարյանը։
Ստեղծված իրավիճակն աչք փակել է տվել այն հանգամանքի վրա, որ ընկերությունները շուկայում մրցակից են․ շուկայում առաջատարները՝ Yandex Taxi-ն, GG-ն ու UTaxi-ն համատեղ առաջարկների փաթեթ են ներկայացրել պատասխանատու մարմիններին։ Ու թեպետ այդ կոլեկտիվ առաջարկները հաշվի չեն առնվել, վերջիններս պատրաստվում են շարունակել հանդիպումներ ու քննարկումներ ունենալ՝ իրենց խոսքը լսելի դարձնելու և լուծումներ առաջարկելու նպատակով։