Մայիսի 14-ին կավարտվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, որն ապրիլի 13-ին երկարացվել էր եւս մեկ ամսով: Ինչպես հայտնի է, օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պամաններում երկրում հանրաքվե չէր կարող տեղի ունենալ, այդ պատճառով սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն հետաձգվեց: Օրենսդրությունը նախատեսում է նաեւ, որ հետաձգված հանրաքվեն կարող է անցկացվել արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ու ստացվում է, որ մայիսի 14-ին ավարտված արտակարգ դրությունից 50 օր անց՝ հուլիս ամսվա ընթացքում, պետք է հանրաքվեն այնուամենայնիվ կայանա: Այսինքն՝ պրոցեսը պետք է սկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր: Իսկ ի՞նչ է սպասվում: Արդյոք համաճարակի այս պայմաններում հնարավո՞ր է հանրաքվե անցկացնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ իշխող ուժի շրջանում բուռն քննարկումներ են ընթանում՝ հանրաքվեի անցկացման հետ կապված, եւ անգամ կարծիքներ են հնչել, թե այս պայմաններում բարոյական ու ազնիվ չէ հանրաքվեն անցկացնել: Մասնավորապես, քննարկման ժամանակ հանրաքվե անելու փոքրաթիվ դարձած կողմնակիցները համեմատություններ են արել Արցախում տեղի ունեցած ընտրությունների հետ: ՔՊ վարչության շատ անդամներ ընդգծել են, որ Արցախը փոքր տարածք է, հնարավոր եղավ կազմակերպել ընտրությունները՝ առանց զանգվածային վարակների, սակայն Հայաստանում դժվար կլինի իրականացնել՝ հատկապես օրեցօր ավելացող կորոնավիրուսով վարակվածների ֆոնին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական ուժի ներսում բոլորը կողմ են այս մտքին եւ այժմ ելեքեր են մտածում, թե ինչպես հետ կանչեն Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումը: Դրան զուգահեռ էլ նկատենք, որ դեռեւս մարտի 30-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը ներկայացրել էր «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետք է հստակեցներ արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի անցկացման կարգը, սակայն այն մինչեւ այժմ այդպես էլ չի քննարկվել: Թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել, սակայն այս փուլում իշխանությունները մտածում են ձեռնպահ մնալ հանրաքվեն անցկացնելու մտքից: Քննարկվում են իրավական հիմնավորումները:
«Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 21-ին գրել էր. «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են նրանք ազատվել ծառայությունից: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հորդորել էին իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է, սակայն հենց ՊՆ-ի պատասխանի մեջ էլ թաղված է շան գլուխը: ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի անունից ստացված գրության մեջ ասվում է, որ նրանք, օրենքով սահմանված հիմքով, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից. «Հայտնում եմ նաեւ, որ նշված քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»: Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն հաստատել է մեր հրապարակած տեղեկությունը՝ հայտնելով, որ իրապես զինդատախազի որդիները չեն ծառայել հայկական բանակում, սակայն որոշել է թաքնվել «անձնական տվյալների» անվան տակ: Նկատենք, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով քննել սկսեց նախկին պաշտոնատար անձանց որդիների՝ բանակից ազատվելու հանգամանքները, եղան բացահայտումներ, սակայն, մյուս կողմից, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի որդիների` Էրիկ եւ Պետրոս Հարությունյանների՝ բանակում չծառայելու փաստը փորձում են թողնել առանց մեկնաբանության:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2008 թվականի մարտի 1-2-ին՝ Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած ոչ բոլոր անձինք են ներկայացել միանվագ աջակցություն ստանալու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 18-ին կառավարությունը հաստատել էր 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժածներին ու նրանց իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու կարգը։ Ըստ այդմ, մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30 մլն դրամ, առողջության ծանր վնաս ստացած անձինք՝ 15 մլն դրամ, առողջության միջին ծանրության վնաս ստացածները` 5 մլն դրամ փոխհատուցում։ Եվ, ահա, պարզվում է՝ ոչ բոլոր շահառուներն են դիմել փոխհատուցում ստանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջոցառման շրջանակներում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 10 զոհված անձանց հարազատներին, առողջության ծանր վնաս ստացած 8 անձանց եւ առողջության միջին ծանրության վնաս ստացած 31 անձանց: Ընդհանուր առմամբ ծախսվել է 575 մլն դրամ այդ անձանց աջակցելու համար: Ինչպես նշեցինք, ծրագիրն ամբողջովին չի կատարվել: Չնայած նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշել էր, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց թիվը հստակ չէ, սակայն միեւնույն ժամանակ ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայության պատասխանը, որ ծանր եւ միջին ծանրության վնասվածք ստացել է 63 քաղաքացի, նրանցից 32-ը՝ ոստիկան:
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Այսինքն` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում: Մյուս կողմից՝ մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է, իսկ, ահա, Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2100-ով: Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծնվածների թիվը կազմել է 8297, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 7952, իսկ, ահա, այս տարվա ապրիլի 1-ին՝ 7578, այսինքն՝ ծնվածները 374-ով պակասել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում պակասել է 18-ով: