ՄԵԿ ՕՐՈՒՄ ԳՆԴԱՊԵՏ ԴԱՐՁԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ չէ առաջին օրը Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը վարչապետի հրամանով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն երեկ կրկին ազատվեց այդ պաշտոնից եւ նշանակվեց արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրամանագրերի այս փոփոխություններն ուշագրավ նախապատմություն ունեն: Բանն այն է, որ երեկ, երբ հրապարակվեց նշանակման որոշումը, Քննչական կոմիտեի ներսում քննարկում էին, թե ինչու են Քյարամյանին բերել Քննչական կոմիտե: Բանն այն է, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, ըստ կանոնադրության, ունեն իրենց գործառույթները: Ա.  Քյարամյանը պետք է լիներ ՔԿ նախագահի 5-րդ տեղակալը՝ դեռ չհստակեցված լիազորություններով:

 

Ընդ որում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թիվը մեկով ավելացնելու մասին որոշումը կայացվել էր այս տարվա ապրիլին: Այսինքն՝ Քյարամյանին ԱԱԾ տեղափոխելը վաղուցվա ծրագիր է եղել: Ու քանի որ Վերահսկողական ծառայությունից, ըստ օրենքի, հնարավոր չէր նրան նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, դրա համար նա նախ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որպեսզի տրամպլին դառնա: Նշենք, որ ԱԱԾ տնօրենն այս պահին ունի 4 տեղակալներ, Քյարամյանը, սակայն, 1-ին տեղակալ է նշանակվել: Իսկ ո՞վ կարող է նշանակվել այդ պաշտոնին: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է. «Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Ուսումնասիրելով Քյարամյանի կենսագրությունը՝ նկատեցինք, որ նա 2018 թվականին է ստացել փոխգնդապետի կոչում, նա գնդապետ չէ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելու նույն օրը Քյարամյանին տրվել է նաեւ գնդապետի կոչում, որպեսզի «ԱԱ մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքը պահպանվի: Հիշեցնենք՝ ճիշտ այսպիսի գործողություններով Սերժ Սարգսյանը նշանակեց իր խորհրդականներ. երջանկահիշատակ Գեորգի Կուտոյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն՝ որպես տրամպլին օգտագործելով դատախազի տեղակալի պաշտոնը, եւ Գեւորգ Մհերյանին՝ ՀՀ փոխոստիկանապետ:

Իսկ ո՞վ է Արգիշտի Քյարամյանը. նա 2019 թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին, վարչապետի որոշմամբ, նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ. ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները, երբ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց, ու կասեցվեց նրա գործունեությունը:

Հիշեցնենք՝ ՊՎԾ պետի նոր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է, որի անձնագրային անունն է Էլբեկ Քյարամյան: Բանն այն է, որ, ըստ հայ առաքելական եկեղեցու կանոնների, թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգեւորականը, բացի այդ, ամուսնացյալ հոգեւորականները քահանայի նվիրապետական աստիճանից չեն կարող բարձրանալ, իսկ Քյարամյանի հայրը եպիսկոպոս է:

Այսինքն՝ Առաքել եպիսկոպոսը չէր կարող եպիսկոպոս լինել եւ նշանակվել թեմի առաջնորդ: Սակայն ե՛ւ Արգիշտի Քյարամյանը, ե՛ւ Առաքել եպիսկոպոսը հերքել են իրենց՝ հայր ու որդի լինելու լուրերը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ

«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը, բարեբախտաբար, դեռ տեղի չի ունեցել, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա»,- սոցցանցի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նկարում այդ սցենարի հաշվարկներն են: Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202: Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445: Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»,-հավելել է նախարարը:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ

Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի եւ նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը: Նախաքննական մարմնի կողմից որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:

 

 

ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

Ինչո՞ւ չպետք է Ազգայն ժողովը որոշի Հայրենական պատերազմի վետերանների, մասնակիցների պատվովճարի սահմանումը, ո՞րն է խնդիրը. այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը. Նա առաջարկել էր օրենքի մի նախագիծ, ըստ որի՝ Հայրենական պատերազմի վետերանների, մասնակիցների պատվովճարը սահմանում է խորհրդարանը: Պատգամավորները դեմ են արտահայտվել նախագծին՝ նշելով, որ դա գործադիր մարմնի տիրույթում է, եւ պետք չէ՝ այդ գործառույթը խորհրդարանը իրականացնի: «Ինձ թվում է՝ Արցախյան ազատամարտի վետերաններին չենք հասցնելու 70 տարեկան, նոր պարգեւավճար տանք, որովհետեւ մարդ չի մնա»,- ասել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հավելելով նաեւ, որ Արցախյան ազատամարտի մասնակիցներին 5000 դրամը, որ հավելյալ տրվում է թոշակի անցնելիս, շատ մեծ խնդիր են սարքել: Ի վերջո, նախագիծը չի ընդունվել՝ 39 կողմ, 77 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Թովմասյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  փոխանցմամբ՝  ՀՀ վարչապետի որոշմամբ` Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը նշանակվել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ:

 

 

 

ՇԱՏ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մարզերում տարածքային պետական կառավարում իրականացնելու նպատակով ծրագրերի շրջանակներում մարզպետարաններին 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության  պետական բյուջեից ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 6.1 մլրդ դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 96.2 տոկոսը: Շեղումը հիմնականում արձանագրվել է մարզպետարանների կողմից «Տարածքային պետական կառավարման ապահովում» միջոցառման ծախսերում, որոնց ուղղվել է նախատեսված միջոցների 96.3 տոկոսը կամ շուրջ 6.1 մլրդ դրամ, եւ պայմանավորված է շարունակական ծախսերի ու թափուր հաստիքների առկայության արդյունքում աշխատանքի վարձատրության ծախսերի տնտեսմամբ: Խնայողություններ կան նաեւ մարզպետարանների տեխնիկական հագեցվածության ապահովման միջոցառման ծախսերում, որոնք կազմել են 54.5 մլն դրամ կամ  նախատեսված ցուցանիշի 86.6 տոկոսը՝ պայմանավորված գնումների գործընթացում ապրանքներն ավելի ցածր գներով ձեռք բերելու հանգամանքով: Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված 5.4 մլն դրամը չի օգտագործվել՝ պայմանավորված  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գումարի հատկացման վերաբերյալ որոշումն ուշ ընդունելու հանգամանքով: Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին է ուղղվել 4.6 մլն դրամ՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 100 տոկոսը:

 

ՊԱՐՏԱՎՈՐ ԿԼԻՆԵՆ

ԱԺ քննարկմանը ներկայացված օրինագիծը մի շարք փոփոխությունների է ենթարկվել եւ ենթադրում է, որ հանրապետության տարբեր համայնքների ղեկավարները նվիրատվություն ստանալու դեպքում պետք է հայտարարագրեն տվյալ նվիրատվությունը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից: Այս մասին ԱԺ նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում հավելումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, օրինագծի հեղինակներից Սոնա Ղազարյանը:

Նա նշել է, որ համայնքների ղեկավարները պարտավոր կլինեն հայտնել նվիրատվության մասին միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է 100.000 դրամը: Ընդ որում, Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 մլն դրամը գերազանցող նվիրատվության մասին: «Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել այդ մասին քաղաքապետարանի Erevan.am  կայքի միջոցով»,-ասել է Ս. Ղազարյանը:

 

 

 

 

 




Լրահոս