Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2019 թվականին հայտարարել էր Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժելու, ապա նրանց զբաղեցրած տարածքը բարեկարգելու եւ կանաչապատելու մասին: Անգամ Երեւանի քաղաքապետրանը հրապարակել էր մակետ-լուսանկար՝ ցույց տալով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա Օպերայի տարածքը սրճարաններն ապամոնտաժելուց հետո: Սակայն այս հայտարարությունից մեկ տարից անց, ամեն դեպքում, մի քանի սրճարաններ դեռ կանգուն են եւ առաջիկայում էլ չեն ապամոնտաժվի:
Մինչեւ այժմ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել միայն «Ատլանտիկ»-ում ու «Ջազզվե»-ում: Բացի այդ, վերադարձվել է «Ռիչ» սրճարանի մանկական խաղահրապարակի զբաղեցրած տարածքը: Մյուս երկու սրճարանները, որոնք եւս գտնվում են նշված առաջին գոտում ու ենթակա են ապամոնտաժման, շարունակում են կանգուն մնալ: Խոսքը «Մոնտալ»-ի եւ «Շոկոլադնիցա»-ի մասին է: Դրանք քանդելու իրավական հիմքեր քաղաքապետարանն առայժմ չունի, ինչը ստանալու համար էլ դիմել էր դատարան:
Երեւանի քաղաքապետարանը հայցերից մեկով դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Մերի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ), գումարի բռնագանձման, հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, տարածքն ազատ վիճակում Երեւան համայնքին վերադարձնելու եւ կատարված իրավունքի պետական գրանցումը վերացնելու համար: Բանն այն է, որ 2002 թվականին քաղաքապետի եւ «Մերի» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով 258.5 քմ մակերեսով հողամասը 25 տարի վարձակալության ժամկետով հատկացվել է վարձակալին: Պայմանագրից ծագող վարձակալության իրավունքը նույն 2002 թվականին գրանցվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, եւ «Մերի» ՍՊԸ-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական: Նշված ընկերությանը պատկանում է «Մոնտալ» սրճարանը: Իսկ, ահա, «Շոկոլադնիցա» սրճարանը շահագործող «Մագնոլիա» ընկերությունը 2 հազար 613 քմ մակերեսով հողամասը վարձակալել է մինչեւ 2026 թվականը: Երեւան համայնքը դատարանից պահանջել է վարձակալության պայմանագրից հրաժարվելու հիմքով այն լուծված համարել եւ, որպես հետեւանք, վերացնել «Մագնոլիա» ՍՊԸ-ի անվամբ իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել «Մագնոլիա» ընկերությանը ազատ վիճակում Երեւան համայնքին վերադարձնել համայնքային սեփականություն հանդիսացող 2 հազար 613 քմ մակերեսով հողամասը: Օպերային թատրոնի հարակից տարածքում «Մագնոլիա» ՍՊԸ-ն շահագործում է երեք սրճարան՝ «Շոկոլադնիցա»-ից բացի նաեւ «Մագնոլիա»-ն ու «Մեղեդին»: Եվ, ահա, պարզվում է՝ քաղաքապետարանն այդպես էլ չի ապամոնտաժի Montale սրճարանը: Ավելին, բոլոր դատական ատյանները մերժել են Երեւանի քաղաքապետարանին: Դեռեւս 2017 թվականի հուլիսին Երեւանի քաղաքապետարանը «Մերի» ՍՊԸ-ի դեմ հայցադիմում էր ներկայացրել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման եւ վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջով: Սակայն 2019 թվականի մայիսին դատարանը վճռել է Երեւան համայնքի հայցադիմումը ամբողջությամբ մերժել, ապա նույն թվականի սեպտեմբերին այդ վճռի դեմ Երեւան համայնքը ներկայացրել էր Վերաքննիչ բողոք, որը եւս մերժվել է, Իսկ Վճռաբեկ դատարանն էլ բողոքը վարույթ չի ընդունել: «Մագնոլիա» ՍՊԸ-ի մասով դատական նիստերը շարունակվում են:
Դրան զուգահեռ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն 2019 թվականի մայիսի 17-ին դիմել էր վարչական դատարան՝ ոչ իրավաչափ ճանաչելու Երեւանի քաղաքապետարանի մարտի 13-ի գործողությունները: «Ատլանտիս գարդեն» ՍՊԸ-ի սրճարանը օպերայի հարակից տարածքում քաղաքապետարանի կողմից մարտին ապամոնտաժված սրճարաններից մեկն է: ՍՊԸ-ի եւ «Կենտրոն-կանաչապատում» ընկերությունների միջեւ Մաշտոցի պողոտայի 422.0 քմ մակերեսով հողատարածքը ենթավարձակալության հանձնելու պայմանագիրը կնքվել է դեռեւս 2004թ.-ի նոյեմբերի 30-ին 23 տարի ժամկետով, սակայն 2019 թվականին սկսվել են ապամոնտաժման աշխատանքներ: Սակայն դատարանը մերժել է հայցադիմումը եւ քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ է համարել: Որոշման մեջ ասվում է, որ ընկերությանը քաղաքապետարանն առաջարկել է ողջամիտ ժամկետում ապամոնտաժել խնդրո առարկա ինքնակամ կառույցներն ու կոնստրուկցիաները, այդ գրությունն ընկերության կողմից ստացվել է 15.02.2019 թվականին, իսկ քանդման գործողություններն իրականացվել են 13.03.2019 թվականին, այսինքն՝ գրությունն ընկերության կողմից ստանալուց ավելի քան 20 օր անց, որպիսի պայմաններում, դատարանի գնահատմամբ, հայցվորը բավարար ժամանակ է ունեցել ինքնուրույն իրականացնել խնդրո առարկա հարթակի ապամոնտաժման աշխատանքները, ինչը, սակայն, չի արել:
Այսպիսով, քաղաքապետարանին դեռեւս չի հաջողվում խոստացվածն իրականացնել. սրճարաններն ապամոնտաժելու մի հայցով նա պարտվել է, մյուսն էլ ընթացքի մեջ է, սակայն չի բացառվում, որ նույն ճակատագրին արժանանա:
Հիշեցնենք, որ առաջին գծում գտնվող սրճարաններից «Ջազվեն» այդպես էլ չբողոքարկեց քաղաքապետարանի որոշումներն ու գործողությունները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է 6.5 ՄԼՆ ԴՐԱՄԱՆՈՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել մի քանի ավտոմեքենա: Բնականաբար, աճուրդի հանված ավտոմեքենաները հին տարեթվի արտադրության են եւ օգտագործված: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ 2005 թվականի արտադրության Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ավտոմեքենայի մեկնարկային գինը կազմում է 6.5 մլն դրամ, նախավճարը՝ 325 հազար դրամ: Ի դեպ, ավտոմեքենան գտնվում է Կառավարական 2-րդ տան ավտոտնակում: Նկատենք, որ ավտոմեքենայի տեխնիկական վիճակի մասին որեւէ տեղեկություն չկա նշված: Բացի այս, պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդի է հանել նաեւ Ֆինանսների նախարարության Nissan Pathfinder (Նիսսան Պատֆայնդեր) ավտոմեքենան, որը 2006 թվականի արտադրության է: Ավտոմեքենայի գնահատված եւ մեկնարկային արժեքը կազմում է 2 մլն 653 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ավտոմեքենայի շարժիչը եւ փոխանցման տուփը բավարար վիճակում են, թեեւ թափքի վրա կան վնասվածքներ: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ վաճառքի է հանվել Վայոց ձորի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող, 2007 թվականի արտադրության ՎԱԶ 21 մակնիշի ավտոմեքենա, որի մեկնարկային արժեքը կազմում է 440 հազար դրամ: ՎԱԶ 21 ավտոմեքենան ունի սպիտակ գույն, հետեւի մեղմիչներն անսարք են, թափքի վիճակը բավարար է եւ մի քանի տեղ փոս ընկած է: Հիշեցնենք՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր, որ հանձնարարեց անցնել խնայողությունների ռեժիմի, եւ նրա հանձնարարականից հետո բոլոր գերատեսչությունները լծվեցին իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման գործընթացին:
ՄԱՍՆԱԿԻՑ ՉԻ ԵՂԵԼ
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ասֆալտապատվելու է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր տանող ավտոճանապարհը, ինչպես նաեւ հիմնանորոգվելու է Մակարավանք տանող ճանապարհը: Նախարարի այդ գրառմանն արձագանքեցին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներ, ովքեր նշեցին, որ արդեն 3 տարի սահմանամերձ Բերդավան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը չի իրականացվում: Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ 2020թ. ապրիլի 9-ին նախատեսված էր անցկացնել Բերդավան տանող ավտոճանապարհի շինարարության մրցույթը, որը, սակայն, չի կայացել: Պատճառը մրցույթին մասնակից կազմակերպությունների կողմից ներկայացվող գրավի վերաբերյալ խիստ պահանջներն են, որի պատճառով մրցույթի մասնակից չի եղել: Ս. Մուղդուսյանը հայտնեց, որ նույն պատճառով չեն կայացել նաեւ Բերդի տարածաշրջանի 2 գյուղերի ճանապարհների կառուցման մրցույթները: Առաջիկայում տեղի կունենա Բերդավան տանող ավտոճանապարհի շինարարության նոր մրցույթ: Այդ ծրագրով նախատեսվում է միջպետական ավտոճանապարհից մինչեւ Բերդավանի տարածք 2,1 կմ ավտոճանապարհի ասֆալտապատումը. ծրագրի արժեքը շուրջ 250 միլիոն դրամ է:
ԽԱՓԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Նիկոլայ Փիրումյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 7 շենքի 1-ին եւ 2-րդ հարկերի միջեւ գտնվող աստիճանահարթակի վրա վիճաբանել է իր նախկին կնոջ հետ եւ շուրջ 20 րոպե տեւողությամբ դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք: Բացի այդ, 2019թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, զանգահարել է նախկին կնոջը եւ տվել սպանության սպառնալիքներ՝ ասելով, որ կացնով կսպանի նրան: Ն. Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով եւ 137 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ապրիլի 3-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Ն. Փիրումյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել 1 միլիոն դրամ գրավով: Տավուշի մարզի դատախազության դատախազ Վասիլ Սարգսյանը այդ որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ միջնորդելով Ն. Փիրումյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի: Սույն բողոքի քննությունը Վերաքննիչում շարունակվում է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ