ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՀՐԱՎԻՐԵՆ ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահները ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին առաջիկայում կհրավիրեն հարցաքննության: Քրեական գործը, որում շոշափվում է Տիգրան Սարգսյանի անունը, կապված է Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ: Այս գործում դերակատարում ունի նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Հիշեցնենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը հենց նրանց էր մեղադրում իրեն ունեզրկելու համար։ Սակայն նախկինում տարված քննության արդյունքներով՝ գործով ամբաստանյալ դարձավ գործարար Աշոտ Սուքիասյանը եւ տարիներ առաջ ցուցմունքներ տվեց, թե առանց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, փաստաբանի խորհրդով նրանց օֆշորում բացված ընկերությունում բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները, որպեսզի իր ձեռքից ընկերությունը չվերցնեն։ Իսկ արդեն հետհեղափոխական Հայաստանում, երբ գործը քննվեց այլ մոտիվացիայով, ապրիլի 15-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց եւ հայտնեց, թե ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջինս 2010 թվականի ամռանը, իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում՝ իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքով թաքցրել եւ խեղաթյուրել է դրա տեղաշարժն ու պատկանելիությունը: Հասկանալի է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք էր գնում օֆշորային այդ աղմկալի պատմության մասին, որի շրջանակներում 6 տարի կալանքի տակ գտնվող Աշոտ Սուքիասյանը արդարացվեց եւ ազատ արձակվեց: Հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իրավապահների կողմից հարցաքննության կհրավիրվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ առայժմ վկայի դատավարական կարգավիճակով: Երեկ մեր բոլոր փորձերը՝ Տիգրան Սարգսյանի հետ զրուցելու, ապարդյուն անցան: Փորձեցինք ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ՝ երբ, ինչ կարգավիճակով է Տիգրան Սարգսյանը հրավիրվելու հարցաքննության, սակայն ԱԱԾ-ից  ավելի ուշ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել: «Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է. կսպասենք պատասխանին:

 

 

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գուրգեն Խաչատրյանի որդին հասցրեց իրավապահների քթի տակ թաքնվել քննությունից՝ գրավոր հրաժարվելով կալանավոր լինելու կարգավիճակից: Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ առկա մեղադրանքը լրացվել է, եւ նա մեղադրվում է  կաշառք ստանալուն աջակցելու համար, մինչդեռ մի քանի օր առաջ Գուրգեն Խաչատրյանը անարգել հարցազրույցներ էր տալիս, հանդիպումներ ունենում եւ խոսում իրենց ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության մասին: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Խաչատրյանը հանկարծ հասցրեց անհետանալ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս հարցը հնչում է արդեն մի քանի օր, եւ իրավապահները դարձյալ քննադատության թիրախում են: «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ Խաչատրյանի մասով հստակ ինֆորմացիա կա. նա երկրից դուրս չի եկել, ստուգվել են ե՛ւ պետական սահմանները, ե՛ւ ՀՀ սահմանները զարտուղի ճանապարհով հատելու բոլոր հնարավորությունները, անգամ գետերի միջով անցնելու տարբերակները. Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում: Թե որտեղ է թաքնվում, առաջիկայում կա՛մ կպարզվի, կա՛մ այդպես էլ կշարունակվի հետախուզումը, ինչպես ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեպքում, որի մասին եւս ինֆորմացիա եղավ, որ Հայաստանում է մնում, սակայն այդպես էլ չեն գտնում նրան արդեն 2 տարի:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը համակարգում պաշտոնի է տանում իր հարազատներին: Հիշեցնենք, որ նա արդեն 1,5 ամիս է, ինչ գլխավոր հարկադիր կատարողն է եւ համակարգում արդեն կադրային ջարդ է սկսել: Մասնավորապես, Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներից մեզ հասած տեղեկութունների համաձայն՝ Սերգեյ Մեղրյանն այս մեկ ամսվա ընթացքում ոչ մի բաժնի պետի հետ չի հանդիպել, փոխարենը կոնկրետ բաժնի պետերի միջնորդավորված ասել է՝ ազատման դիմում գրեն գնան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազատման դիմում են գրել Հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ Արմեն Սարգսյանը, Արմավիրի բաժնի պետ Համբարձումյան Ալեքսանդրը, Ծառայության օգնականներ Արթուր Սաֆարյանը, Վահագ Ֆահրադյանը: Պարզ է, որ աշխատանքից ազատված պաշտոնյաների փոխարեն պետք է նոր անձինք նշանակվեն: Եւ, ահա, գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանն իր հորեղբոր որդուն` Մեղրյան Ֆրիդոմին, նշանակել է Հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ: Ինչո՞ւ են ԴԱՀԿ պետի գործողությունները հակասում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած սկզբունքներին ու արված հայտարարություններին: Այս հարցի պարզաբանման համար դիմեցինք գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյանին, որը մեկնաբանեց. «Նա հեռու ազգական է, ով երկար տարիներ աշխատել է Ծառայության տարբեր ստորաբաժանումներում: Հաշվի առնելով Ծառայությունում առկա թափուր պաշտոնի հանգամանքը, ինչպես նաեւ Ֆրիդոն Մեղրյանի բանիմացությունը, հարկադիր կատարողի աշխատանքի փորձառությունը՝ վերջինս նշանակվել է Կոտայքի մարզի բաժնի պետի պաշտոնում»:

 

 

 

Ավելի քան երկու ամիս է, այսինքն՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր, ինչ ՀՀ-ում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում: Չնայած մեծածախ ցածր գնին եւ մինչ այդ դեղատներում այն նույնիսկ 30 դրամով վաճառելուն՝ այսօր դեղատներում դրանք վաճառվում են զգալի բարձր գնով: Ամենակարեւորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլեւ որակը. որեւէ կառույց չկա, որը պետք է ստուգի կամ վերահսկի դրանց որակը, իսկ ՏՄՊՊՀ-ն  միայն զբաղվում է խոշոր ցանցերում առկա գների ուսումնասիրմամբ: Եվ, չնայած դրան, այսօր դեղատներում բժշկական մեկ դիմակը վաճառվում է 210-250 դրամով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական դիմակներ վաճառվում են անգամ list.am կայքէջում. ունեն տարբեր գներ՝ 70 դրամից սկսած մինչեւ 180 դրամ: Մի քանի հեռախոսազանգեր անելուց հետո պարզվեց, որ 70, 110 դրամանոց բժշկական դիմակը դեղատներում վաճառվում է 210-220 դրամով: list.am հայտարարություն տեղադրողները դիմակ վաճառում են մեծածախ տարբերակով: Ի դեպ, տեղեկացնենք, որ, պարետի որոշմամբ, մայիսի 4-ից արգելվում է առեւտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի եւ ձեռնոցների: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների եւ այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղի՞ց նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել եւ անվտանգ ապրել:

 

 




Լրահոս