Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ տեղացած հորդ անձրեւից հետո արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երեւանում։ Անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՀԱՇՎԱՌՈւՄ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ օտարերկրյա քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր:
Տիրուհի Հայրապետյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (3-րդ հոդված) տարածվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ԱՁ գրանցվելու համար անհրաժեշտ է հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման համար դիմում, անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենները, գունավոր լուսանկար՝ 3×4 չափի, պետական տուրքի անդորրագիր: Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքների դրույթների համաձայն:
ԼԻՑԵՆԶԻԱ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչպես է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից կարգավորվում մասնագիտական դպրոց-ստուդիաների գործունեության կազմակերպումը: Արդյոք այն լիցենզավորման ենթակա՞ է, թե՞ ոչ:
Լեւոն Արիստակեսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լիցենզավորման ենթակա են այն կրթական ծրագրերը, որոնք նշված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «9. Կրթություն բնագավառ» բաժնում: Կրթական ծրագրերն են` հանրակրթական ծրագրեր՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, մասնագիտական կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական/, միջին, բակալավրի, մագիստրոսի:
Միաժամանակ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ եւ ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների ծավալը: Մասնավորապես, մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական եւ մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմանը, գիտելիքների ծավալի ու որակավորման բարձրացմանը:
Վերոգրյալ հաստատությունները հանդիսանում են լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող միավորներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս սովորողների կրթական պահանջմունքների բավարարմանը, նրանց որակավորման բարձրացմանը, ուստի այն չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիայի վերաձեւակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: