Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության, Շուշիի ազատագրության եվ Պաշտպանության բանակի օրվա առիթով։ Ուղերձում ասված է․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով:
Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում և շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին և այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին:
Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման և աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն և արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու: Հայրենիքի ազատ, ապահով և խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաև արցախյան ազատամարտում: Հաղթանակեց հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ և հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով:
Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաև մեր կյանքը:
Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները և միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ, նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ հաջողելու ամեն բարի գործի մեջ»: