Ազգային ժողովում երեկ քննարկվել է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը կամ այլ կերպ ասած Լանզարոտի կոնվենցիան։ Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը եւ միջազգային համագործակցությանը: Փաստաթղթի վավերացմամբ Հայաստանը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական եւ այլ միջոցառումներ` երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձեւերը կանխարգելելու եւ դրանցից պաշտպանելու համար:
Լանզարոտում 2007 թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված հիշյալ կոնվենցիան պաշտոնապես կոչվում է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին»։ Այս կոնվենցիայի վավերացումից, ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը, կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է «օրենսդրական և այլ միջոցառումներ` ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»: Մանկական ճանաչված հոգեբաններին հետաքրքրում է, թե հանրակրթական դպրոցում ո՞ր տարիքից են երեխաներին ներգրավելու հիշյալ դասընթացներին։ Ընդ որում, կրթական նորամուծության դեմ նույն կոնվենցիան վավերացրած մի քանի երկրներում զանգվածային վրդովմունքի դրսևորումներ կան։
Ինչպես է իրավիճակն այն երկրներում, որտեղ վավերացվել է կոնվենցիան․ Ֆինլանդիան ստորագրել է Լանզարոտի կոնվենցիան 2007 թ․-ին , վավերացրել է 2011 թ․-ին, բայց դա չի խանգարել, որ երկրում գործի մանկապիղծների խմբավորում 2004 թ․-ից մինչև 2018 թ․, ընդ որում, Ֆինլյանդիայում գործող խմբավորումը կապ ունի 17 արևմտյան երկրներում գործող այլ մանկապիղծ խմբերի հետ։ Հետաքրքիր է, որ Ֆինլյանդիայում 2016 թ․-ին ընդհանուր առմամբ սեռական բնույթի բռնությունները 2015 թ․-ի նկատմամբ աճել է 8,6 %-ով, ինչը հաստատ բնակչության աճի հետ չի կապված։ Բելգիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ․-ին ,վավերացրել է 2013 թ․-ին, բայց դա չի խանգարել նրան, որ այնտեղ գործի մանկապիղծների խմբավորում, այն էլ գլոբալ մասշտաբի, որին հնարավոր եղավ հայտնաբերել միայն 2020 թ․-ին ոստիկանության հատուկ գործողությունների շնորհիվ: Հետաքրքիր է, որ Բելգիայում երեխաների նկատմամբ բռնությունների 1/3 մասը սեռական բնույթի են և դրանք են երեխաների մահացության հիմնական պատճառը:
Նիդեռլանդները Լանզարոտի կոնվենցիան ստորագրել են 2007 թ․-ին, վավերացրել 2010 թ․-ին, չնայած դրան, այնտեղ է տեղակայվում մանկապիղծ էլեկտրոնային նյութերի մեծամասնությունը՝ մոտ կեսը: Հատկանշական է, որ իրեն իրավապաշտպանական առաջնորդ հայտարարած Եվրոպան իր զանազան զիզի-բիզի կոնվենցիաներով տեղակայում է մանկապիղծ էլեկտրոնային նյութերի 78,8% և տունն է մանկապիղծներին առնչվող ու դրանց շահերը սպասարկող կառույցների: Նմանատիպ նյութեր 2012 թ․-ից տարածողներից մեկին ձերբակալել են միայն վերջերս: Պորտուգալիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ․-ին, վավերացրել 2012 թ․-ին։ Ի դեպ Պորտուգալիան 2007 թ․-ի մի հոդվածում ներկայացվում է որպես «դրախտավար» մանկապիղծների համար: Կոնվենցիայի վավերացումը չի խանգարել վարել մանկապիղծ գործունեություն երկար տարիներ, որը բացահայտվել է կրկին ոստիկանության միջազգային հատուկ գործողությամբ միայն վերջերս։
Շվեդիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ․-ին, վավերացրել 2013 թ․-ին։ Շատ հետաքրքիր երկիր է։ Չնայած կոնվենցիայի վավերացմանը, Ֆեյսբուքում կա 3594 հետևորդ ունեցող Շվեդական մանկապիղծների ցանց էջը: Չնայած կոնվենցիայի «կանխարգելիչ» բնույթին, մանկապիղծին այնտեղ թույլ են տալիս երեխա որդեգրել և մեղմացվում են մանկապիղծների պատիժները։ Նորվեգիան Լանզարոտի կոնվենցիան ստորագրել է 2007 թ․-ին, վավերացրել 2018 թ․-ին: Հայտնի է երեխաների պաշտպանության իր ծառայությամբ, որում որոշում կայացնողների շարքում էին մանկապիղծները : Այնտեղ են բնակվում նաև «արհեստավարժ» մանկապիղծներ, որոնք հասցրել են բռնաբարել 300 երեխայի: Ձեզ կթվա, թե Նորվեգիան «հետամնաց» երկիր է և մինչև Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը նրանց երեխաներին հատուկ տեղեկացման դասընթացներ չեն մատուցվել, բայց դուք չարաչար կսխալվեք. այս 2007 թ․-ի հոդվածում նշվում է, որ սեռական կրթությունը Նորվեգիայի դպրոցներում պարտադիր է։
Ուշագրավ է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր 31.03.2020 թ. որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշել է. «Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված` երեխաների իրավունքները խթանելու և պաշտպանելու համար անկախ իրավասու ազգային կամ տեղական կառույցներ ստեղծելու կամ նշանակելու պարտավորությունը չի ենթադրում պարտադիր նոր մարմնի ստեղծում, և այդ պարտավորության իրականացումը կարող է ապահովվել Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործող իրավասու մարմնի գործունեության շրջանակներում»: ՍԴ-ի վերոնշյալ նկատառումը, սակայն, իրավական առումով լումայի արժեք չունի, քանի որ այն ոչ թե արգելք է, այլ ընդամենը նկատառում: Սահմանադրական դատարանի որոշմամբ նաև իմպերատիվ արձանագրված է. «…Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ կոնվենցիայով նախատեսված երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները տրամադրվեն՝ պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը (ընդգծումը մերն է) և նրանց զարգացող կարողությունները»։
Նկատենք սակայն, որ այս կոնվենցիայի հետ կապված երկար ժամանակ է՝ մտահոգություններ են առկա լայն շրջանակների մոտ։ Օրինակ՝ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը կարծում է, թե երեկ՝ կիսադատարկ դահլիճում չպետք է քննարկվեր այդ կոնվենցիան և, որ դրա ընդունումը ժամանակավրեպ է։ Ինչպես զգուշացրել կամ տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Լանզարոտի կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի համակարգ առաջին անգամ կներմուծվի «սեռական կողմնորոշում» հասկացությունը, այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը:
Հավելենք, որ Լանզարոտեի կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 2010 թվականի սեպտեմբերի 29-ին, սակայն առ այսօր չէր վավերացրել: Ինչևէ, երկուշաբթի պետք է տեղի ունենա քվեարկությունը և ըստ էության՝ կոնվենցիան կվավերացվի։
Նաիրա Հովհաննիսյան