Երվանդի վերջին մարտը․ Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1996 թ. Բերձորում ծանոթացա քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանի հետ։ Արդեն ծերունի՝ փարթամ բեղ—մորուքով վարպետը բազալտե քարից արծիվ էր քանդակում։ Սա դարձավ 4 տարի առաջ ազատագրված եւ վերստին հայացած Բերձորի՝ Քաշաթաղի շրջկենտրոնի առաջին հուշակոթողը՝ նվիրված Արցախյան գոյամարտի նահատակ հայոց քաջորդիներին։ Արծիվ—հուշակոթողն այսօր կանգուն է Բերձորի մուտքի մոտ՝ Շուշիի կողմից եկող ճանապարհի աջակողմում։

Ծերունի քանդակագործը վիշտ ուներ սրտում՝ մեծ վիշտ ու հպարտություն։ Կրտսեր որդին՝ Երվանդը, ով կրում էր պապի անունը, Շուշիի ազատագրական ջոկատներից մեկի կազմում էր եւ մարտիրոսվեց քաղաքի մատույցներում մայիսի 8—ին։ Հաջորդ տուֆակերտ խաչքարը, որը քանդակեց վարպետ Ռաֆիկը, այժմ կանգուն է Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի աստիճանավանդակի վերջում՝ մուտքի ձախ կողմում։ Նվիրված է Շուշիի ազատագրման համար մարտիրոսված քաջորդիներին, որոնց շարքում էր իր կրտսեր որդին։ Որդու նահատակվելու տեղում՝ Շուշիի հայտնի տանկից քիչ հեռու՝ արեւմտյան կողմում մեկ այլ խաչքար է դրված, դարձյալ վարպետ Ռաֆիկի նախաձեռնությամբ եւ աշխատանքի շնորհիվ։ Երեւանում՝ Նոր Նորքի 6—րդ զանգվածում է Երվանդենց շենքը, բակում հայրը դարձյալ հուշարձան է հիմնել։ Որդու կարոտը սրտում՝ Բերձորում, իր ձեռքով կառուցած տանը հանկարծամահ եղավ վարպետ Ռաֆիկը եւ մնաց որպես բարի ու հայրենասեր հայ մարդ իրեն ճանաչողների սրտում։

Երվանդը նահատակվեց 24—ը չլրացած։ Ծնվել է 1968 թ. հունիսի 20—ին։ 1975 թ. հաճախել է թիվ 16 դպրոցը, ավարտել է Նոր Նորքի թիվ 163 միջնակարգը, որից հետո՝ 1986—88 թթ. ծառայել է խորհրդային բանակում, վերադարձել եւ դարձել հայրենիքի զինվոր։ Դեկտեմբերյան երկրաշարժի օրերին աղետի գոտում էր, այնուհետեւ անդամագրվեց հայոց ազատագրական եւ պաշտպանական ջոկատներին։ Մինչ նահատակությունը՝ ռազմական տարբեր խմբերի կազմում մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտերին տարբեր վայրերում։ Եղել է Մոնթեի ջոկատում, մասնակցել Մարտունու շրջանի ազատագրական, պաշտպանական մարտերին։ Սիրում էր լիներ ամենաթեժ կետերում, մասնակցել մարտական գործողություններին։ Այդպես եղավ նաեւ մասնակցությունը Շուշիի ազատագրական մարտում, որն էլ Երվանդի վերջին հերոսացումն էր։

Մարտի մասնակիցների վկայությամբ՝ բարձրանալով ժայռը Ստեփանակերտի կողմից, հայտնվել են թշնամու ջոկատի դիմաց, որտեղի քանդված տներում էին նաեւ նշանառուներ։ Միմյանց պաշտպանելով՝ 8 հոգանոց ջոկատի տղաները փորձել են առաջանալ։ Վիրավորվում է մարտիկներից մեկը, Երվանդը մարտն իր վրա է վերցնում, որ վիրավորին դուրս հանեն։ Երվանդը պահում էր ջոկատի՝ անվտանգ գոտի անցնելը, սակայն թշնամու նշանառուի արձակած գնդակը խոցում է հերոսին… Ընկերներին ասել էր. «Եթե ինձ մի բան պատահի, զենքս կհանձնեք մորս, իսկ եթե ոչինչ չպատահի, կվերադառնամ, կամուսնանամ»։ Սակայն, ինչպես շատ է պատահել, հայդուկն իր զենքն է սիրում։ Հետմահու արժանացել է ՀՀ «Արիություն» մեդալի։

Տարիներ առաջ Երեւանում այցելեցի վարպետ Ռաֆիկի տուն, որտեղ էր հասակ առել Երվանդը։ Մայրը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ բուժքույր, ենթասպա Ռոզա Ավետիսյանը, խոսելով որդու մասին, ասաց. «Որդիս չարաճճի էր, բայց այնքան գաղտնապահ. միայն աչքերի թախիծն էր մատնում ներքին անհանգստությունը։ Պատերազմի առաջին օրերից երազում էր զենք ունենալ։

Մանկան պես երջանկացել էր, երբ առաջին անգամ զենքը ձեռքն էր վերցրել»։ Երվանդի ավագ եղբայրը՝ Մարգարը, նույնպես ազատամարտիկ էր առաջին օրերից, եւ Երվանդը՝ փոքրամարմին Ճուտոն, հետեւեց եղբորը։ 1992 թ. «Հայրենասեր» ջոկատի կազմում էր։ Սակայն չհասցրեց տեսնել Շուշիում բարձրացող Հայոց փառքի դրոշակը։ Գաղտնապահ էր Ճուտոն նաեւ, աշխատում էր քիչ հոգս պատճառել մորը։ Վիրավոր է եղել, սակայն ամիսներ անց ընկերներից է մայրն այդ մասին իմացել։ Որդեկորույս մայրն ամեն շաբաթ այցելում է Եռաբլուր՝ որդու շիրիմին։ Երեւանի թիվ 163 դպրոցի սաները հաճախ են լինում հերոսի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհում։




Լրահոս