Կոնվենցիան կարող է թաքուն նպատակ ունենալ և հակառակ ազդեցությունը թողնել. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

-Ազգային Ժողովը երկուշաբթի օրը վավերացնելու է Լանզարոտեի կոնվենցիան։ Ի՞նչ մտահոգություններ ունեք։

– 2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման նախագիծը Ազգային ժողովում քննարկվելու է մեկ ընթերցմամբ:
Հիմնական 3 խնդիր-մտահոգություն կառանձնացնեի:

1-ին՝ կոնվենցիայով (2-րդ հոդված) զոհերի (երեխաների) իրավունքների պաշտպանության նպատակով առաջին անգամ Հայաստանի իրավական համակարգ է ներդրվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որպես խտրականության արգելքի կարգավիճակ: Սա արդյոք չի նշանակում, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ինչ «սեռական կողմնորոշում» ունի, որպեսզի այդ հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանա:

2-րդ՝ կոնվենցիայով (6-րդ հոդված) պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Այս տեքստն առաջին հայացքից խնդիր չի առաջացնում, քանի որ տարիքի և տրվող տեղեկության միջև հավասարակշռության չափանիշ է դրված, բայց դա միայն առաջին հայացքից: Խնդիրը կայանում է նրանում, որ տարրական կրթության շահառուները 6-ից 10 տարեկան երեխաներն են, իսկ կոնվենցիան վավերացրած որոշ երկրներում կրթական ծրագրերով երեխաների սեռական դաստիարակության թեմաները շատ հաճախ դժգոհություն են առաջացնում ծնողների շրջանում: Առողջապահական ոլորտի մասնագետներն ավելի լավ կպատասխանեն այս տիպի հարցերին, սակայն որպես ծնող կարող եմ նշել, որ չափից դուրս տրված տեղեկությունը երեխայի նկատմամբ հակառակ ազդեցությունն է ունենում: Երեխայի մոտ անառողջ հետաքրքրություն կարող է առաջացնել: Կոնվենցիայի իրավակիրառական պրակտիկան պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի, համեմատվեն եվրոպական երկրների սեռական դաստիարակության թեմաներով դասագրքերը և նոր որոշվի այս կոնվենցիան մեզ պետք է, թե՝ ոչ: Եթե դասագրքերը լինելու են 2019թ․ մայիսի 14-ին «Բուկունիստ» գրախանութ-սրճարանում «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաներին հասցեագրված գրքույկի բովանդակությամբ, ապա դա շատ մտահոգիչ է:

3-րդ՝ կոնվենցիայի վավերացման և կիրառման հարցում լոբբինգ անող հասարակական կազմակերպությունները և անհատները մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկած սուբյեկտները: Սա կասկած է առաջացնում, որ կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ:

-Արդյոք այս կոնվենցիան կծառայի իր նպատակին։ Ինչպե՞ս է իրավիճակը մյուս երկրներում, որոնք ընդունել են։

– Կոնվեցիան ստորագրել են ԵԽ բոլոր 47 պետությունները: Վավերացրել են 45 պետություն: Միայն Հայաստանը և Իռլանդիան չեն վավերացրել: Կոնվենցիայի որոշ դրույթներ, կարծում եմ խնդրահարույց են: Այս կոնվենցիային պետությունները չեն հակադրվել, այնպես ինչպես ստամբուլյան կոնվենցիային, այն պարզ պատճառով, որ այս կոնվենցիայի տեքստում վտանգ չեն տեսել, իսկ իրական նպատակի մասին պետք է տեղեկանային կիրառման ժամանակ: Մինչդեռ ստամբուլյան կոնվենցիայի բացատրական զեկույցով բացահայտվել էր ստամբուլյան կոնվենցիայի նպատակներից մեկը, որով փոխվում էր ընտանիքի մոդելը, և որոշ պետություններ հակադրվեցին: Մինչև վավերացնելը, պետք էր վավերացրած բոլոր երկրներից վերցնել և ուսումնասիրել սեռական դաստիարակության կրթական ծրագրերը ու որոշել այդ ծրագրերը մեր երկրին անհրաժեշտ են, թե՝ ոչ:

-Ի՞նչ է սպասվում, եթե այս կոնվենցիան չվավերացվի։

-Այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին: Այս 10 տարվա ընթացքում ոչինչ չի եղել և հետագայում էլ չպետք է լինի: Եթե անկեղծ, ապա վստահ եմ, որ այս գումարման ազգային ժողովն (պատգամավորների մեծամասնությունը) ի վիճակի չէ մերժելու այս կոնվենցիան:

-Եվ ի՞նչ է սպասվում, եթե այս կոնվենցիան վավերացվի։

Եթե վերը նշածս մտահոգություններս իրականություն դարձան, ապա …….շատ վատ հետևանքներ:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս