Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի այսօրվա դռնփակ նիստին: Սպասվում է, որ այսօր՝ ժամը 13։00-ին նախկին վարչապետը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը 2017 թ. մարտին խորհրդարանում հայտարարել էր, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: «Ինչ որ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ: 460 տոննան, որը որ եկել է, կերոսին չի, այլ վառարանային վառելիք է, եւ այդպիսի սպառում մենք այս պահին Հայաստանում կասկածում ենք, որ ունենք: Եվ ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք»,-խոսելով Ապրիլյան պատերազմի հանգամանքների մասին՝ հայտարարել էր նախկին վարչապետը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նշված հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Կարապետյանը ներկայանալու է հանձնաժողով:
-Տիկի՛ն Պողոսյան, հանձնաժողովը երկուշաբթի նիստ ունի, արդյոք հստա՞կ է, որ նախկին վարչապետը ներկա լինելու է նիստին:
-Նախնական պլանավորված է: Մայիսի 11-ի համար հրավերն ուղարկել ենք:
-Տիկի՛ն Պողոսյան, իսկ սա արդյոք պայմանավորվա՞ծ է հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցից հետո առաջացավ հարց, որ Կարեն Կարապետյանը եւս ներկա լինի հանձնաժողովին եւ ներկայացնի իր դիրքորոշումը:
-Գիտեք, անվտանգության եւ գաղտնիությունից ելնելով՝ ես շատ բաներ ասել չեմ կարող, հանձնաժողովի ընթացքում ու աշխատանքների չենք կարող բացել, բայց ենթադրաբար Սերժ Սարգսյանից հետո այլեւս հրավեր պետք է չունենայինք, բայց հիմա հարցեր են առաջացել, ու էլի հանդիպումներ ենք ունենալու, նույնիսկ Արցախ ենք գնալու, որից հետո նոր զեկույց կլինի:
-Արցախ գնալն առաջիկայո՞ւմ է պլանավորված:
-Այո, առաջիկայում գնալու ենք Արցախ, որը պլանավորված է:
-Այսինքն՝ մայիսի վերջին կլինեք Արցախում, որից հետո զեկույցը կլինի՞: Հունիսին պետք է զեկույցը ներկայացնե՞ք:
-Հունիսին աշխատանքն ավարտում ենք, որից հետո արդեն կսկսենք աշխատել զեկույցի վրա: Հանձնաժողովը, որպես էդպիսին, չի անի, բայց մենք այդ ընթացքում կաշխատենք զեկույցի վրա:
-Այսինքն՝ հնարավորություն ունեք ավարտեք Ձեր հարցաքննություններն ու հանդիպումները, հետո միայն սկսեք զեկույցի վրա աշխատե՞լ:
-Այո, հունիսին ավարտվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, բայց զեկույցի համար հնարավորություն ունենք աշխատելու, որպեսզի ներկայացնենք:
-Տիկին Պողոսյան, Արցախում պաշտոնյայի հե՞տ պետք է հանդիպեք:
-Արցախում դրանից առաջ էինք պլանավորել: Մի քանի հանդիպումներ ունեինք, ուղղակի կորոնավիրուսով եւ այլ հանգամանքներով պայմանավորված՝ հետաձգեցինք, բայց այս ամսվա վերջ գնալու ենք Արցախ եւ հանդիպելու: Հանձնաժողովը դեռ թույլտվություն չի տվել բարձրաձայնելու, թե ում հետ ենք հանդիպելու, բայց ասեմ, որ հանդիպումներ ունեննալու ենք զինվորականների եւ պաշտոնյաների հետ:
-Ենթադրվում է՝ նախկինների հետ հանդիպում կլինի:
-Ե՛վ նախկին, ե՛ւ ներկա. այն մարդիկ, որոնք այս գործի շրջանակներում կարող են որեւէ ձեւ օգնել մեզ:
-Սա վերջի՞ն հրավերն է, այսինքն՝ վերջին հարցաքննվո՞ղն է լինելու Կարեն Կարապետյանը հանձնաժողովում, թե՞ ձեր ցուցակում կան այլ մարդիկ, որ նորից կհրավիրվեն հանձնաժողովի նիստի:
-Տեղյակ եք, որ մեր ցուցակում կա նաեւ Յուրի Խաչատուրովը, որը ցանկալի է, որ գա, որովհետեւ իրեն շատ հարցեր ունենք տալու: Ճիշտ չի լինի, որ առանց այդ հարցերը լսելու մենք բոլոր մյուս հարցաքննվողների պատասխաններով եզրակացություն անենք: Դրա համար լավ կլինի, որ նա պատրաստակամ լինի զրուցելու մեզ հետ:
-Այսինքն՝ կրկին հրավեր կուղարկվի՞, թե՞ դեռեւս պետք է սպասեք նրա արձագանքին:
-Հրապարակային ասվել է, պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել: Բայց Ա. Քոչարյանը հանձնաժողովի հետ որոշել է, որ եթե անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք կրկին ուղարկել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ