Ինչ է սպասվում խաբեությամբ երեխաներին վերցրած անձանց․ օրենքը խստացվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը մայիսի 8-ին քննարկել է կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Մասնավորապես, նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս նախագծով  քրեական պատասխանատվություն է նախատեսվում հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար:

Այդ արարքները կպատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: Նախագծով ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանվում այն դեպքում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս դեպքում պատիժը կլինի ազատազրկումը` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ եթե վերոնշյալ արարքները կատարվել են կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ, ապա ազատազրկումը կլինի չորսից ութ տարի ժամկետով:

Առջարկվող կարգավորումը բխում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից եւ դրան կից «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրության հոդված 3-ից, Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա) հոդված 4-ից, ինչպես նաեւ Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ից, որը Հայաստանը ստորագրել է 2008 թվականին:

Ինչպես հայտնի է, 2019-2020 թվականների ընթացքում Գլխավոր դատախազության քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ։ Դրանք քննվում են վերջին տարիներին Հայաստանում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում։

Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ հանցագործության մասին վկայող փաստական տվյալների կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում 2019-ի հոկտեմբերի 26-ին Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

«Դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար կատարվել և կատարվում են մեծ ծավալի քննչական, դատավարական գործողություններ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վերջին տարիների ընթացքում արտերկիր որդեգրված երեխաների երկու տասնյակից ավել կենսաբանական ծնողներ և նրանց հարազատներ, որոնց մեծամասնությունը նշել են, որ երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել են ծննդատան բուժանձնակազմի կողմից ցուցաբերված խաբեության, շանտաժի և սպառնալիքի ազդեցության արդյունքում: Պարզվել է, որ վերոոնշյալ երեխաները որդեգրվել են օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների կողմից», – ասված է հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում ստացվել են նախկին տարիներին ծննդաբերած շուրջ 200 մայրերի և նրանց հարազատների դիմումներ: Նրանցից մի քանի տասնյակը հարցաքննվել են, հաղորդումների մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն՝ դիմումներում նշված հանգամանքները ևս դարձել և դառնում են քննության առարկա:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու և առուվաճառքի նոր դեպքեր: Ուստի քրեական գործի նյութերով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մայր գործին։

Բացի այդ, Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ստացվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստով հարուցված մեկ քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։

Քրեական գործի հարուցումից հետո, 2019-2020 թվականների ընթացքում Գլխավոր դատախազություն են ստացվել նաև զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված երկու հոդվածներ, որոնք ուղարկվել են Ոստիկանություն: Լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստերով հարուցվել է թվով երեք քրեական գործ, իսկ ստացված մեկ գրությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ:

Բացի վերոնշյալը, Դատախազություն են ստացվել և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ուղարկվել ևս երեք դիմում և վեց լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներ: Դրանցից 4-ի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր, իսկ մնացած 5-ի վերաբերյալ ներկայացված փաստերը ստուգվում են քրեական գործերի նախաքննության շրջանակներում։

Բացի այդ, ինչպես անմիջական, այնպես էլ Գլխավոր դատախազության միջոցով 28 դիմում ուղարկվել է Ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Մաշտոցի բաժիններ, որից երկուսի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, երկուսով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, 18-ն ուղարկվել է ՔԿ ՀԿԳ քննության վարչություն՝ 2019-ի հոկտեմբերի 26-ին հարուցված և այդ վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնելու համար, իսկ մնացած 6 դիմումներում նշված փաստերը ստուգելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Իսկ քաղաքացու կողմից Գլխավոր դատախազություն ստացված՝ երեխային բաժանելու վերաբերյալ մեկ դիմում-բողոքի քննարկման արդյունքում Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վերացվել է դեռևս 2015-ին այդ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

Այս բոլոր քրեական գործերից մեկ աղմուկ էր բարձրացրել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանի, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի ձերբակալման դեպքերը։ Ռազմիկ Աբրահամյանն ու մյուսները ձերբակալվել էին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս