ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում կորոնավիրուսի 17 դեպք է հաստատվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ներքին Բազմաբերդի գյուղապետ Խաչատուր Նորեյանը: Սակայն հրաժարվեց մանրամասնել՝ նշելով, որ մարզպետարանը թույլ չի տալիս: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ:
-Պարոն Գեւորգյան, Դուք գյուղապետերին հրահանգե՞լ եք լրատվամիջոցների հետ չխոսել կորոնավիրուսի դեպքերի հետ վերաբերյալ: Այդպե՞ս է:
-Այդպիսի հրահանգ, բնականաբար չի եղել: Պարզապես մեր համայնքների ղեկավարները չեն տիրապետում այն ինֆորմացիային, որը մեր լրատվամիջոցները ցանկանում են շատ հաճախ ճշտել նրանցից. կոնկրետ թիվը, թե քանի վարակակիր կա, քանի մեկուսացված եւ ինքնամեկուսացված, համայնքի ղեկավարները ոչ մի պաշտոնական աղբյուրից այդ տվյալները չեն ստանում: Այդ հրահանգը չի եղել, ուղղակի ասվել է, որ բոլորս տանք տեղեկատվություն, որը պետք է ճշտված լինի: Ոչ մի արգելք չկա, չի եղել եւ չի էլ պատրաստվում լինի: Ոչ մի տվյալ թաքցնելու խնդիր մենք չունենք, ուղղակի անիմաստ տեղաշարժը կանխելու համար բազմաթիվ գյուղերում, քաղաքներում ունենք արձանագրված դեպքեր. երբ ասում ենք այսինչ քաղաքում կա, տպավորություն է ստեղծվում, որ այն մյուսում չկա, եւ մարդիկ սկսում են տեղափոխվել բարեկամների, հարազատների տներ, իսկ մենք, գիտեք՝ ամեն ինչ անում ենք անիմաստ տեղաշարժը հնարավորինս նվազեցնելու համար:
-Ներքին Բազմաբերդ գյուղում կորոնավիրուսի հաստատված 17 դեպք է արձանագրվել: Այդ 17 հոգին իրենց ինչպե՞ս են զգում: Այդ գյուղից քանի անձ է մեկուսացված:
-Դրանք ճիշտ տվյալներ չեն:
-Նշում եք՝ թվերը ճշգրիտ չեն, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ Ներքին Բազմաբերդում քանի՞ հաստատված դեպք կա:
-Ներողություն եմ խնդրում, բայց եթե ես հիմա ասեմ Ներքին Բազմաբերդում թվերի մասին ես չեմ կարող ասել մյուս համայնքներում ինչքան թիվ կա:
– Մյուս համայնքներինն էլ ասեք…
-Ես խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այն քաղաքականությանը, որ մենք տանում ենք, որովհետեւ մի տեղ մի քիչ շատ են դեպքերը այդտեղից անառողջ տեղաշարժ է սկսվելու: Բայց մենք շատ համայնքներ ունենք, որտեղ ընդամենը մեկ դեպք է արձանագրվել:
-Արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, ըստ որի՝ Նեքին Սասնաշենի բուժքույրն է այցելել Ներքին Բազմաբերդ, որի միջոցով եւ այդ վարակը տարածվել է:
-Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ: Մենք նման տեղեկություն չունենք: Մինչ այս պահը մարզում մենք ունենք 104 հաստատված դեպք, նրանցից 40-ը արդեն առողջացել է, այս պահին բուժման մեջ է գտնվում 64 քաղաքացի: Ինքնամեկուսացված մինչեւ այս պահը մոտ 1500 քաղաքացի է եղել: Այս պահին մենք Ծաղկաձորում կամ այլ վայրերում մեկուսացված մոտ 200 քաղաքացի ունենք, ավելի կոնկրետ նրանցից 150-ը վերադարձել են, իսկ 50-ը այս պահին գտնվում են մեկուսացման մեջ:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը