Երեկ հայտնի դարձավ, որ Դատական օրենսգիրքը, որով, այսպես ասած, վեթթինգ է իրականացվելու, հետադարձ ուժ չի ունենալու: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ այս հարցն ուղիղ եթերում քննարկում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Իսկ ինչպես տեղի ունեցավ ողջ գործընթացը. դեռեւս 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ՝ նշելով. «Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում: Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որըինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւմեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»:
Նշենք, որ մայիսին վարչապետն իր ելույթումնշել էր նաեւ, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա՝ դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:
Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ մայիսի 21-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում էր կայացրել,սակայն այն այդպես էլ վերջնական տեսքի չբերվեց, քանի որ իշխանությունները կարծում էին, որ դատավորների հարցերը կարելի է լուծելսահմանդրական բարեփոխումների միջոցով, ինչը կնպաստեր նաեւ դատական համակարգի առողջացմանը: Եվ ի վերջո երկար քննարկումներից հետո, որոշվեց, որ պետք է լինի վեթթինգ, սակայն հիմա էլ պարզվում է, որ այն չի կարող լինել համատարած:
Մասնավորապես, երեկ Բադասյանը վարչապետի հետ հանդիպմանը նկատեց, որ ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանդրությունը փոխելու:
Փաշինյանը հետաքրքրվեց. «Կարգապահական վարույթ կարող է արդյոք հարուցվել 2012-ի համար: Դատավորը չի կարող բացատրություն տալ օրինակ 2013-ին ձեռք բերած գույքի համար»:
Նախարարը նշեց՝ այստեղ է հիմնական քննադատության առարկան: «Նշում են, որ հետադարձ ուժը չի կիրառվում: Բայց պետք է նշել, որ, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն, առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք համատարած վեթթինգ»:
Նա ներկայացրեց Ալբանիայի փորձը, որտեղ ստեղծվել է հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին: Եվ ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվել են դատավորների վեթթինգի հետ կապված վեճերը: Վարչապետը նկատեց՝ միանգամից և ամբողջական վեթթինգը կարող է 4-5 տարի տևել ու հետաքրքրվեց, թե Ալբանիայում քանի տարի է եղել: Բադասյանը պատասխանեց՝ Ալբանիայում սկզբում նախատեսել են 5 տարի, հետո երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել:
Բաց այդ, Բադասյանն անդրադարձավ այդ առումով Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններին: «Առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները բավականին վաղուց ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,-ասաց նախարարը:
Նա պարզաբանեց՝ օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, սակայն դա անձի այդ տարում ստացած եկամուտներով չի հիմնավորվում, դա վարքագծի կանոն է: Եվ դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չներկայացնելը կամ հայտարարագրում տեղեկություն թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության:
Նաիրա Հովհաննիսյան