Մեկնարկը տրվեց. ինչպես կբռնագանձեն ապօրինի գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի վերջո ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները: Ընդ որում, դրանք Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին և Արմեն Սարգսյանն այն ստորագրեց վերջին օրով: Եվ չնայած դրան, Սարգսյանը նաև նշել է, որ ուշադիր հետևելու է օրենքի կիրառմանը և ամեն դեպքում մտահոգություններ կան:

«Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը: Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Օրենքի անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը և վտանգի տակ դնել դրա արդյունավետությունը: Հարկ է հաշվի առնել նաև անձնական տվյալների, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցերի առանձնահատուկ զգայունությունը, մասնավորապես` գործարար շրջանակների և ընդհանրապես հանրության համար:

Քանի որ օրենքով սահմանված է դրա կիրառման տիրույթում գտնվող անձանց լայն շրջանակ, կարևոր է, որ նրանց վերաբերյալ ստացվող տեղեկատվության ծավալը լինի պիտանի, անհրաժեշտ, համաչափ և համապատասխանի օրենքի ընդունման նպատակներին: Կիրառման ընթացքում պետք է հաշվի առնել անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները և բացառել դրանց նկատմամբ ցանկացած անհամաչափ միջամտություն:

Օրենքը պետք է կիրառվի բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով կոռուպցիոն դրսևորումները, խտրականությունը, ոչ իրավաչափ ազդեցության ռիսկերը», – ասված է Արմեն Սարգսյանի աշխատակազմի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Եվ այս ֆոնին ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկել են դատական համակարգի բարեփոխումները:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրարկման և վեթինգի իրականացման մասով։ Կողմերը հանգամանալից քննարկել են  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման մեխանիզմները, որը երեկ ստորագրվել էր ՀՀ նախագահի կողմից:

Իսկ ինչ է ենթադրում օրենքը, և ինչպես կարող են բռնագանձել գույքը: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը և ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը օրենքի իմաստով համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։ Նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը:

Այս քաղաքացիաիրավական վարույթի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների և նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։ Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը:

Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման և հայցի հարուցման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։

Նախագծով ուսումնասիրությունը սկսվում է քրեադատավարական որոշված ազդակների առկայության դեպքում, որից հետո ընթանում է քրեական ընթացակարգերից անկախ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը, կարող է ներկայացվել և քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի ծագման վերաբերյալ ապացույցները, այն ծավալով, որով դրանք ձեռք բերելու հնարավորություն չունի իրավասու մարմինը, գտնվում են գույքը ձեռքբերած անձի մոտ՝ օրենքի նախագիծը նախատեսում է հայցի բավարարման հնարավորություն, եթե իրավասու մարմինը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում հայցվորին հասանելի օրինական եկամուտների վերաբերյալ տվյալներով։ Համապատասխանաբար, պատասխանողը կարող է հերքել կանխավարկածը՝ ապացուցելով գույքի օրինական ձեռքբերումը՝ ներկայացնելով այն փաստաթղթերը, որոնք օրենքի ուժով հասանելի են միայն պատասխանողին։ Ամեն դեպքում, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման միայն այն դեպքում, երբ գույքի և եկամուտների մինչև անհամապատասխանությունը էական է, այն է՝ գույքի շուկայական արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը»։

Հավելենք, որ օրենքը ուժի մեջ կմտնի մայիսի 21-ից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս