ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 6-ին Օկսեն Գյուլնազարյանը դիմել է Սնանկության դատարան՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին: Դատելով սնանկության դատարան դիմելու հայցից՝ պարզ է դառնում, որ Արա Օսկանյանը Օկսեն Գյուլնազարյանին պարտք է եղել շուրջ 5 միլիոն դրամ, սակայն ԱԺ նախկին պատգամավորի որդին այդպես էլ չի կարողացել վճարել գումարը, ինչի արդյունքում էլ նրան հարկադիր սնանկացման են տանում:  Այս գործը քննելու է Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը:

 

Մեզ հայտնի դարձավ, որ Օկսեն Գյուլնազարյանը  տոկոսով փող է տվել  Վարդան Օսկանյանի որդուն՝ Արա Օսկանյանին,  ու  Արա Օսկանյանն էլ  չի կարողացել սահմանված ժամկետում գումարը վճարել, ինչի հետեւանքով գործը հասել է դատարան:  Ասել է թե՝  գործ ունենք վաշխառության  դեպքի հետ:

Նկատենք, որ Վարդան Օոսկանյանի որդին հանրությանը հայտնի է եղել մի շարք աղմկահարույց գործերով: 2017 փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել էին ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, եւ նրանց ազգական Հրանտ Սիրադարյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի առաջին մասով՝ մարդ առեւանգել: Այս դեպքը այդքան մեծ հնչեղություն չէր ունենա, եթե Արա Օսկանյանը ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին չլիներ: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր դեռեւս այն ժամանակ դեպքից որոշ մանրամասներ պարզել:

Եվ այսպես, 18-ամյա Նժդեհ Բերբերյանը, որը այս գործում հանդես է գալիս որպես տուժող, Արա Օսկանյանի հորաքրոջ որդու՝ 18-ամյա Հրանտ Սիրադարյանի դասընկերն է: Նրանք բուքմեյքերական գրասենյակում ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույքներ են կատարել: Մեզ լուրեր էին հասել, որ Հրանտ Սիրադարյանը Նժդեհին գումար է տվել միգուցե խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, իսկ Նժդեհը գումարը ծախսել է: Երկու դասընկեր երկար ժամանակ պարտքի մասին խոսակցություններ են ունեցել, սակայն Հրանտին չի հաջողվել գումարը հետ ստանալ, եւ արդյունքում նա իր եղբորը՝ Արա Օսկանյանին է գործին խառնել, որպեսզի վերջինս, որպես մեծ, միջամտի «գործը գլուխ բերելու» հարցում:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. Արա Օսկանյանը 2013 թվականին կրկին հայտնվել էր իրավապահների տեսադաշտում. նա թմրամիջոց օգտագործելու համար տուգանվել էր 200 հազար դրամով: Իսկ մինչ այդ՝ դեռեւս 2005 թվականին, Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաշտոցի 10 շենքի բնակիչ, 68-ամյա Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երեւանի թիվ 2 հիվանդանոց: Պարզվել էր, որ վարորդը եղել էր Արա Օսկանյանը` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին: Ի դեպ, նա եղել էր ԱԳՆ-ին պատկանող մեքենայով:

Արա Օսկանյանից  բացի իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ Վարդան Օսկանյանը:  Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հաղորդում էր տվել Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ նշել էր ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ի դեպ, այս դեպքից հետո Օսկանյանը ցանկացել էր դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չէին տվել հատել սահմանը` ներկայացնելով իրավիճակը եւ բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակներում նրա անունը արծարծվում է: Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ Վ. Օսկանյանը հայտնվում է աղմկահարույց գործի կիզակետում:

Դեռեւս 2012 թվականին Օսկանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փողերի լվացում:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԻ՝ ԱԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ArmLur.am-ին մանրամասներ  են հայտնի դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնելու մասին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, թե, դիմելով իրավապահներին, ինչ է հայտնել Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս իր դիմումում նշել է, որ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 1998-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ նույն ժամանակահատվածում ստացված եկամուտներից շուրջ 7.000.000 ԱՄՆ դոլար առձեռն փոխանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի:

 

Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում այս դեպքի մասով հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերի կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար, պատժվում են ազատազրկմամ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան մտած դիզվառելիքի գործից, եւս մեկ քրեական գործ է հարուցված, որը վերաբերում է արդեն կաշառք ստանալուն: Մասնավորապես, հրապարակվել էր,  որ այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել եւ ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին:

Եվ, ահա, իրավապահ շրջանակներից ArmLur.am-ին հայտնել էին, որ այն գործարարը, որը Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ցուցմունք է տվել, նրա վաղեմի ընկեր, սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովն է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Վաչագան Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008 թվականի սեպտեմբերի 8-ից մինչեւ 2010թվականի հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելովՀայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, խմբով դիտավորությամբ կատարել է բռնություն եւ հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:

Նարեկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2007 թվականի փետրվարի 12-ից մինչեւ 2010 թվականի մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, խմբով դիտավորությամբ կատարել է բռնություն եւ հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին:

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: «Իզմիրիլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 5 րոպեի տարբերությամբ իրենց կենտրոն է տեղախոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը՝ «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ մեկը՝ «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Քանաքեռ-ՀԷԿ թաղամասի բնակիչ 25-ամյա Կառլեն Նուբարյանը եւ 26-ամյա Ռաֆիկ Նուբարյանը: Ոստիկանները պարզել են նաեւ, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կառլեն եւ Ռաֆիկ Նուբարյանները հարազատ եղբայրներ են:

 

 

 

 

 




Լրահոս