Շարունակվում է ակտիվորեն քննարկվել մի խումբ ռուս բլոգերների կողմից Youtube-ում հրապարակված տեսանյութը, որտեղ ներկայացված են Երեւանի մետրոպոլիտենի կիսակառույց թունելները: Ռուս բլոգերները մոտ 35 րոպե ցուցադրում են Երեւանի մետրոպոլիտենի թունելները, իրականացնում լուսանկարահանում, իսկ հետո նաեւ մտնում մետրոյի գործող հատվածի թունելը: Սկզբում տեսանյութի հեղինակ Den Stalk-ը ցույց է տալիս Հանրապետության հրապարակը եւ պատմում այն մասին, որ Սովետական Միության փլուզումից հետո չի ավարտվել մետրոյի 3 կայարանների կառուցումը՝ Աջափնյակ, Նազարբեկյան եւ Դավիթաշեն: Բլոգերներին հետաքրքրել են հենց կիսակառույց կայարանների միջեւ երկաթգծի լքված հատվածները:
Նկատենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն ունի ռազմավարական օբյեկտի կարգավիճակ, եւ արդեն նկարահանումներ անելու համար թույլտվություն է հարկավոր, ընդ որում՝ այդ դեպքում նկարահանողի հետ կցում են նաեւ աշխատակիցներից մեկին, որպեսզի վերջինս ոչ միայն հսկի տեսանկարահանման գործընթացը, այլեւ ուղղորդի: Այսպիսով, ինչպե՞ս է հաջողվել ռուս բլոգերներին ոչ միայն հասնել լքված թունելներ, այլեւ փաստացի արգելված նկարահանումներ իրականացնել:
ArmLur.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը հայտնել է, որ ռուս բլոգերները տեսանկարահանում իրականացնելու համար Մետրոպոլիտեն չեն դիմել:
«Տեսանյութի վերաբերյալ թույլ տվեք նշել, որ արդեն ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության գլխավոր վարչության կողմից իրականացվում են ուսումնասիրություններ տեսանկարահանողների կողմից Երեւանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում իրականացված նկարահանումների, ինչպես նաեւ վերջիններիս կողմից Մետրոպոլիտենի օդափոխման համակարգերի, հորաններ ապօրինի մուտք գործելու փաստի առթիվ: Հարկ եմ համարում նաեւ ընդգծել, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենն անվտանգության, ինչպես նաեւ ուղեւորների անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով առաջնորդվում է տրանսպորտի նախարարի հրամանով, որի համաձայն՝ արգելվում է նկարահանումներ անել առանց Մետրոպոլիտենի տնօրենի թույլտվության»,-նշել է նա:
Միեւնույն ժամանակ Տաթեւ Խաչատրյանը չի բացառել, որ լինում են այնպիսի դեպքեր, երբ քաղաքացիները, առանց թույլտվություն ունենալու, իրենց բջջային հեռախոսներով Մետրոպոլիտենի տարածքում նկարահանումներ են իրականացնում: «Թույլ տվեք միաժամանակ տեղեկացնել, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի տնօրինության հանձնարարությամբ՝ պարբերաբար համապատասխան աշխատակիցների կողմից կազմակերպվում են ստուգայցեր, եւ ուսումնասիրվում են օդափոխման համակարգերը, հորանները, թունելախորշերը՝ նպատակ ունենալով ստուգել դրանց անվտանգությունը: Փաստի վերաբերյալ կնշեմ նաեւ, որ հարցը գտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, եւ տարբեր ուսումնասիրություններ են կատարվում, ինչպես նաեւ կատարվում են ուսումնասիրություններ՝ վաղեմության ժամկետների հետ կապված, քանզի տեսանյութում չի երեւում, թե երբ է նկարահանված այն»,- հավելել է մեր զրուցակիցը:
ArmLur.am-ին հաջողվել է զրուցել նաեւ ռուս բլոգերի հետ, որը կատարել է նկարահանումները: Նա մեզ հետ զրույցում հայտնել է, թե համացանցից է տեղեկացել թունելներ մուտքի մասին եւ չի մտածել, որ իր տեսանյութն այդքան աղմուկ կարող էր առաջացնել համացանցում:
-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել նկարահանումներ անել թունելներում:
-Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան այդ թունելներից: Եկել եմ ընկերներիս հետ, միասին ուսումնասիրել ենք տարածքը:
-Ե՞րբ եք մետրոյի լքված թունելում իրականացրել տեսանկարահանումը:
-Այդ հարցին չեմ ցանկանում պատասխանել:
-Դուք նկարահանման թույլտվություն չեք ունեցել: Ինչպե՞ս է հաջողվել առանց դրա նկարահանումներ իրականացնել:
-Այն, որ այդ տարածքները չի կարելի նկարահանել, ես չեմ իմացել, ամեն դեպքում, այդ մասին զգուշացնող նշաններ չեն եղել: Եվ այն, որ ներս մտնել չի կարելի, եւս չեմ իմացել: Եկել ենք մուտքի մոտ եւ ներս մտել առանց որեւէ խնդրի: Սկզբում չգիտեի դրա մասին, հետո կայարանում ինձ աշխատակիցները զգուշացրին, որ չի կարելի նկարահանումներ անել, ես էլ դադարեցրի: Ներսում մոտ երեք ժամ ենք մնացել: Ես զարմացել եմ, որ իմ տեսանյութն այդքան դիտումներ էր հավաքել եւ աժիոտաժ առաջացրել Հայաստանում:
Հավելենք, որ ռուս բլոգերներն այցելում են տարբեր երկրներ եւ նկարահանում հենց լքված վայրերը, չկառուցված կայարանները կամ շինությունները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահանզանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Արտավազդ Ա.-ն (ծնված 1985 թ.) անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում էր ցած նետվել: Ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հանրապետության տարածքում՝ մայիսի 8-ի ցերեկը, 9-10-ը՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում, 8-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքանով կնվազի: Երեւանում մայիսի 9-10-ը՝ ժամանակ առ ժամանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ: Մայիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ
ՀՀ ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 եւ 03.04.2020թ. թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու եւ ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: ԵՏՀ 03.04.2020թ. թիվ 33 որոշման համաձայն՝ մինչեւ 2020թ. հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում, բժշկական պարագաներից բացի, մաքսատուրքից ազատվելու են նաեւ գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. ապրիլի 1-ից: