Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Շպռոտն է, ով մի քանի տարի է, ինչ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երգչուհին մեզ հետ զրույցում կիսվել է հայրենիքը լքելու դրդապատճառների, այնտեղի դժվարությունների, անձնական կյանքի եւ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:
-Շպռո՛տ, բավականին երկար ժամանակ է՝ բնակվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ո՞րն էր Ձեր հեռանալու պատճառը:
-Ինձ մոտ մի պահ եկավ, որ ես ամեն ինչ ունեի, ինչ երազել էի, իրականացել էր, եւ մի տեսակ քաղաքը փոքր էր ինձ թվում, քանի որ ես սիրում եմ էքսպերիմենտներ, ինձ հետաքրքիր էր՝ արդյոք ես կարող եմ նոր կյանք սկսել զրոյից ուրիշ երկրում: Կարճ ասած՝ ես նոր փորձությունների կարիք ունեի: Փորձություններն ինձ ստիպում են է՛լ ավելի աճել եւ սիրել կյանքը:
-Պատրաստվո՞ւմ եք արդյոք վերադառնալ հայրենիք:
-Այս տարվա ընթացքում երկու անգամ այցելել եմ հայրենիք, բայց մի տեսակ արդեն ընտելացել եմ Միացյալ Նահանգների կյանքին:
-Միացյալ Նահանգներում ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք: Հե՞շտ ինտեգրվեցիք միջավայրին:
-Առաջին երկու տարին ամենադժվարն էր, նախ պետք էր լեզուն սովորել, հասկանալ տեղի ապրելակերպը, հայրենիքի կարոտը, ուրիշ բնագավառում բազում աշխատանքներ կատարելուց հետո նորից սկսում ես երազել:
-Ի՞նչ աշխատանքներ եք կատարել:
-Աշխատել եմ հյուրանոցում՝ որպես սպասարկող, մատուցողուհի, բարմեն, կանացի զգեստների խանութում, պապիկի եմ պահել…
– Շպռո՛տ, Դուք հայկական շոու-բիզնեսի ամենավառ, ամենահամարձակ արտիստներից եք: Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:
-Իմ հաջողության գրավականն անկեղծությունն է, սրտին լսելը եւ երբեք իմ սկզբունքներին չդավաճանելը:
-Ձեր արտաքինում կատարել եք վիրահատական միջամտություններ: Ձեզ «գլամուր» կերպարը գոհացնո՞ւմ է:
-Ես իմ ողջ կյանքում ընդամենը մեկ վիրահատության եմ դիմել, այն էլ՝ կրծքերիս մեջ իմպլանտներ տեղադրելու համար, եւ կատարել եմ շրթունքների լիցք, որը անում են տարին մեկ անգամ:
-Իսկ ունե՞ք որեւէ խորհուրդ հայ աղջիկներին:
-Ես մեր հայ աղջիկներին շատ սիրում եւ հարգում եմ, քանի որ մենք ամենասիրունն ու լավն ենք: Թող լսեն իրենց սրտին, այլ ոչ թե ծնողներին, իհարկե ծնողների խորհուրդը կարեւոր է, բայց սրտին լսելը՝ պարտադիր, նույնիսկ ավելի լավ է սխալվեն, բայց ոչ ուրիշների թելադրանքով ապրեն: Մի՛ վախեցեք սխալվելուց, բայց զգուշությունն էլ լավ բան է:
-Դուք Ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ ցանկանում եք ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Ի՞նչ նորություններ կան Ձեր անձնական կյանքում:
-Այո, ես շատ եմ ուզում ունենալ իմ օջախը, ընտանիքը, բայց ես երբեք իմ անձնականի մասին չեմ կիսվում հանրության հետ, քանի որ նրանք, մեկ է, իրենց բամբասանքներին են հավատում:
-Ինչպիսի՞ն պետք է լինի Շպռոտի կողքի տղամարդը:
-Իմ կողքի տղամարդը պետք է լինի ինքնավստահ, թասիբով, դուխով որձ, ով իր խոսքը կպահի աչքի լույսի պես, հոգատար հայ տղամարդ, մի քիչ էլ խենթ՝ իհարկե լավ իմաստով:
-Ձեզ համար արդյոք կա՞ն փակ թեմաներ:
-Այո, ինձ համար կան փակ թեմաներ, բայց դա այն չէ, ինչը շատերը կմտածեն: Ինձ մոտ ոչ ոք չի կարող բամբասել կամ բոողոքել իր կյանքից: Ես կտրում եմ յուրաքանչյուր նեգատիվ ինֆորմացիա, իսկ խուժանական թեմաները անվերջ են եւ վախենալու չեն, եթե չափը չես անցնում:
-Ինչի՞ մասին չեք սիրում խոսել:
-Չեմ սիրում խոսել վատ դեպքերից, վախ առաջացնող լուրերից:
-Ի՞նչը կարող է Ձեզ կոտրել:
-Ես իմ կյանքում այնքան եմ կոտրվել, շատ բաներ կարող են ինձ կոտրել, բայց, տեսեք, ես միշտ ոտքի եմ կանգնում: Ես չեմ վախենում կոտրվելուց: Ես կին եմ՝ նուրբ ու փխրուն, եւ ինձ կոտրելը շատ հեշտ է, բայց ինձ տվեք երեսուն րոպե, եւ ես նորից կընտրեմ լինել երջանիկ:
-Ամենաթանկ իրը Ձեզ համար:
-Ես թանկ իրեր չունեմ, չեմ կապնվում իրերին: Մայրիկիս նվիրած սրբիչը կարող է ինձ համար թանկ լինել:
-Սովորաբար ո՞ւմ հետ զրույցն է փարատում Ձեր հոգին, մխիթարում, բուժիչ հատկություն ունենում Ձեզ համար:
-Մայրիկիս հետ կիսվում եմ ամեն թեմայից, շատ իմաստուն մայրիկ ունեմ:
-Ո՞րն է լավ ժամանակ անցկացնելու ամենաօպտիմալ տարբերակը Ձեզ համար:
-Առաջ սիրում էի մարդաշատ վայրեր, բայց հիմա շատ եմ սիրում տանը մնալ կամ մոտ ընկերների հետ որակյալ ժամանակ անցկացնել: Արեւի, ծովի համար խենթանում եմ:
-Իսկ ի՞նչ բրենդեր եք նախընտրում:
-Բրենդամանյա չունեմ:
-Շպռո՛տ, այսօր ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուս համավարակի դեմ, ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպե՞ս կհաղթահարենք այն:
– Ես թեթեւ եմ տանում տանը մեկուսանալու հանգամանքը, ինձ թվում է՝ շուտով կանցնի:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «Ո՞ՆՑ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՂԱՆ ՓԱԽԱՎ»
«Այդ օրենքը կարող են բոյկոտել այն մարդիկ, ում ձեռնտու չէ, օրինակ՝ թալանչիների համար այդ օրենքը սարսափելի է. կարող է իրենց թալանածը կորցնեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին։
«Ո՞վ է իր թալանածը հետ բերել, մի միլիարդ չէ, տաս միլիարդ չէ, քսան միլիարդ չէ, շատ ու շատ ավելի, բայց եւ կարծում եմ, որ այս կառավարությունն ի վիճակի չէ թալանվածը հետ պահանջի ու չորով դատի, ո՞նց Գագիկ Խաչատրյանի տղան փախավ։ Ես չեմ հասկանում, թե ինչու էկոլոգիայի հարցը չի լուծվում, չգիտեն, թե ինչ վնաս են տվել էկոլոգիային, որն ամենակարեւոր բանն է. ինչո՞ւ մինչեւ հիմա աղբի գործարաններ չեն կառուցվում, այսօր, երբ երկիրն աղբի մեջ կորած է»,- նշեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Հայաստանում հիասթափվածների առկայությանը, որի մասին վերջերս Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր՝ նշելով, թե հիասթափված են օլիգարխները, որոնք հեղափոխության արդյունքում զրկվել են իրենց արտոնություններից, Ռուբեն Հախվերդյանը անդրադարձավ. «Միեւնույնն է, տակից անում են, ինչքան կանալներ կան, որ իրենց են պատկանում։ Նախ՝ ես երկու տարի առաջ տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, քանի որ մեր ժողովուրդն արդեն զզվել էր նախկին իշխանություններից, եւ իրեն հարկավոր էր նոր մարդ, եւ հիմա արդեն դժգոհ են Նիկոլից, թե ինչու չի կարողանում բոլոր թալանչիներին պատժել»։
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ԳՏԵԼ
Իտալական «Ռոմա»-ն փոխարինող է գտել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ կփորձի համաձայնության գալ նրա տեղափոխության հարցում, եթե Լոնդոնի «Արսենալ»-ը հրաժարվի վաճառել հայ կիսապաշտպանին: «Ռոմա»-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի եւ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 13-15 միլիոն եվրո:
Ավելի վաղ Sport Mole-ը տեղեկացրել էր, որ «Արսենալ»-ն իջեցրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը եւ պատրաստ է ընդունել «Ռոմա»-ի առաջարկը: «Ռոմա»-ում վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումից հետո Պրեմիեր լիգայում կարող են մի շարք սահմանափակումներ կիրառվել: Պրեմիեր լիգան ֆուտբոլիստներին կարող է արգելել փոխանակվել խաղաշապիկներով, ինչպես նաեւ կարգելվի գոլերը նշել ամբողջ թիմի կազմով: Մրցաշրջանի վերսկսումից հետո Պրեմյեր լիգայի մնացած տուրերի հանդիպումները կանցկացվեն 10 չեզոք ստադիոններում՝ առանց հանդիսականների: Սպասվում է, որ Անգլիայում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի մայիսի վերջին:
ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել ամենահեռանկարային անգլիացի ֆուտբոլիստներից մեկի տեղափոխության հարցում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պայմանագիր կկնքի «Սանդերլենդ»-ի 16-ամյա հարձակվող Ջո Հաջիլի հետ: Նշենք, որ անգլիացի հարձակվողի համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առաջ է անցել «Տոտենհեմ»-ից եւ «Արսենալ»-ից: Գործարքի ֆինանսական կողմի մասին տեղեկություն չի հաղորդվում:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տարիներ առաջ հնարավորություն է ունեցել գլխավորել Մեքսիկայի ազգային հավաքականը:
Դորտմունդի «Բորուսիա»-ից հեռանալուց հետո՝ 2015թ., գերմանացի մասնագետն առաջարկ է ստացել Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն մերժել է, քանի որ ցանկացել է աշխատել Անգլիայում:
Հիշեցնենք, որ նույն տարում Յուրգեն Կլոպը պայմանագիր կնքեց «Լիվերպուլ»-ի հետ, որի հետ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն եւ Անգլիայի փոխչեմպիոն: