ArmLur.am-ը երեկ գրել էր, որ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մայիսի 11-12-ը ներառյալ Արցախի Հանրապետություն է գործուղվել: Իսկ մեկ այլ որոշմամբ էլ Արմեն Գրիգորյանը մայիսի 13-19-ը ներառյալ կլինի արձակուրդում:
Արմեն Գրիգորյանի այցի շուրջ տարբեր ասեկոսեներ են շրջանառվում՝ ներառյալ այն, որ վերջինս այնտեղ է գտնվում նաև ներքաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն թողնելու նպատակով և իր արձակուրդն էլ այնտեղ կանցկացնի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանը բազմաթիվ վայրերում է եղել, այդ թվում՝ Հադրութ, Քաշաթաղ համայնքներ:
ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԱԽ մամուլի քարտուղար Ալբերտ Ներզեթյանին՝ փորձելով պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում Արմեն Գրիգորյանի՝ Արցախ այցը:
«Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Արցախում է՝ պարենային ու անվտանգային հարցերի քննարման նպատակով։ Այցերը շարունակական են։ Հանդիպել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նաև նախագահ Բակո Սահակյանի հետ։ Տարբեր մեկնաբանություններ կարող են լինել ու չհամապատասխանել իրականությանը», – նշեց նա:
Հավելենք, որ Արմեն Գրիգորյանն իր արձակուրդը կանցկացնի Արցախում: