
Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:
Մայիսի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։
Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։
Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: