ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հակոբ Ջհանգիրյանն ArmLur.am-ին հայտնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից կայացված որոշումը, որով բավարարվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանի բողոքը:
Ըստ փաստաբանի՝ իրենք դիմել էին հետաքննության մարմնին` նշելով, որ Ա. Մամիկոնյանը շուրջ տասնմեկ տարի է զբաղեցնում է ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետի պաշտոնը, սակայն ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանի նախաձեռնությամբ վարչությունն անօրինական կերպով լուծարվել է, ինչը բողոքարկվել է դատարան:
Լ. Յոլյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գույքագրում է կատարել Ա. Մամիկոնյանի աշխատասենյակում և քանի որ Ա. Մամիկոնյանն իր աշխատասենյակում ունեցել է անձնական նամակագրություն, գույք և այլ արժեքավոր իրեր, ուստի Լ. Յոլյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հանցակազմի հատկանիշներ:
Նշենք, որ Լևոն Յոլյանի գործողություններում կարող են առկա լինել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ և 322-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ:
ՀՀ ոստիկանությունում կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, սակայն դատավոր Վ. Միսակյանի կողմից 22.04.2020թ. այդ որոշումը վերացվել է:
Այժմ, փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի նկատմամբ: