ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ծաթեր գյուղի 78-ամյա բնակչուհու մահվան մի շարք հանգամանքներ: 2020 թվականի մայիսի 10-ին` ժամը 00:40-ին, Ծաթեր գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսինն իրենց տանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև շանը տարել է տուն, բաց թողել տարեց կնոջ վրա, որը հոշոտել է կնոջը, ինչի արդյունքում նա մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ստացվել է Թումանյանի քննչական բաժնում և ընդունվել վարույթ:
Պարզվել է, որ 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ:
Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյուքնում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Իրականացվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատքահետքաբանական փորձաքննություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: