ՖՈՏՈ․ Կրում եմ ամուսնուս բաճկոնները, վերնաշապիկները․ Յուլիա Ֆինկը՝ կնոջ խնամքի և նախընտրելի ոճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքինում ամենակարեւորը խնամված լինելն է, ինչը չի նշանակում շատ շպարվել ու տարբեր հագուստներ կրել․ կնոջ խնամվածության ամենակարեւոր գրավականը մաքուր մազերն է։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է դերասանուհի Յուլիա Ֆինկը՝ անդրադառնալով նորաձեւության տենդենցներին ու իր նախընտրելի ոճին։

«Ես ինքս չեմ սիրում նորաձեւության տենդենցներին հետեւել, եթե օրինակ այս տարի ինչ-որ բան նորաձեւ է, չեմ սիրում այդ նույն բանը կրել, քանի որ բոլորը նույն բանն են հագնում։ Սիրում եմ ոճերը խառնել, կոնկրետ նույն ոճի հագուստներ չունեմ, սիրում եմ տարբեր ոճերի մեջ լինել, իմ զգեստապահարանում չկան կրկնվող հագուստներ։ Կարող եմ մի օր լրիվ դասական հագնվել, մի օր լրիվ այլ ոճի մեջ լինել»,-ասել է նա։
Դերասանուհու նախընտրելի եւ սիրելի ոճը «բոխո» ոճն է, ըստ մեր զրուցակցի նա հենց այս ոճում է իրեն ավելի հարմարավետ եւ նորաոճ զգում։


«Այդ ոճի մեջ ինձ ավելի ազատ եւ հանգիստ եմ զգում։ Սիրում եմ ավելի «Յունիսեքս» ոճը, որովհետեւ սիրում եմ խառնել կանացի հագուստը տղամարդու հագուստին․ դա կարող է լինել գոտի, վերնաշապիկ։ Լինում են դեպքեր, որ կրում եմ նաեւ ամուսնուս բաճկոններից, բլուզներից, վերնաշապիկներից, քանի որ հիմա նորաձեւ է ու ավելի լավ է նայվում»,-ընդգծել է Յուլիա Ֆինկը։
Դերասանուհին առօրյայում սիրում է կրել սպորտային հագուստներ, որը նաեւ հարմարավետ է երեխաների հետ, քանի որ նրանք նոր են սկսել քայլել եւ անընդհատ շարժման մեջ են։

«Շատ վառ գույներ չեմ սիրում , եւ կարծում եմ, որ ինձ սազում են ավելի պաստելային գույներ, սպիտակ, սեւ գույները, փիրուզագույնը սպիտակի եւ ոսկեգույն աքսեսուարների հետ։ Իսկ ինչ վերաբերվում է երեխաներին, ապա նրանց դեպքում այլ է, այն տենդենցը, որ զույգերին միանման են հագցնում, իհարկե, ես դեմ չեմ, բայց ես դա չեմ սիրում։ Փորձում եմ տարբեր հագցնել, քանի որ առանձին անհատականություն են, ամեն մեկը յուրովի է։ Սիրում ենք չորսս էլ նույն գույների մեջ հագնվել, այս շրջանում հիմնականում սպորտային ոճի մեջ»։

Անդրադառնալով թագավարակի տարածմանը եւ կանխատեսումներին՝ Յուլիա Ֆինկը հավելեց․ «Քանի որ այս շրջանում չեմ աշխատում, ավելի շատ տանն եմ լինում երեխաների հետ։ Արտյոմի դեպքում ավելի զգույշ եւ ուշադիր ենք, երեխաներին զբոսանքի ենք տանում ավելի մեծ այգիներում, որպեսզի մարդկանց հետ շփում չլինի, այնպես ինչպես բոլոր նորմալ, խելամիտ ընտանիքներում է։ Հուսով եմ՝ այս համաճարակը շուտով կավարտվի, եւ սեզոնային գրիպի նման ինչ-որ բան կմնա։ Հուսանք այս ամենը շուտ կավարտվի»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս