ԱԺ-ում քննարկվել է ՊՈԱԿ-ների և պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, գործադրի ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք:

ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել` տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ները մրցակցում են պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների հետ, ինչի արդյունքում էլ հայտնվել են ծանր դրության մեջ:

Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ պետության հետ մրցակցել իրենք անկարող են: Կառույցների ներկայացուցիչները նշել են, որ պետական եւ մասնավոր փորձաքննություն իրականացնող ընկերությունները չպետք է ունենան միեւնույն գործառույթը:

Համակարծիք չլինելով ներկայացված դժգոհությունների հետ` պատգամավորները նշել են, որ եթե չլինեն մրցակցային պայմաններ, ապա գործառնության որակը կտուժի: Որպես օրինակ մատնանշվել է պետական եւ ոչ պետական բուհերի գործունեությունը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ծառայությունների որակը բարձրացնելով` հասնել առավելագույնի: Միեւնույն ժամանակ ընդգծվել է, որ պետական ՊՈԱԿ-ները չպետք է ունենան արտոնյալ կարգավիճակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խնդիրն առավել խորքային ուսումնասիրել եւ եւս մեկ քննարկում անցկացնել նախարարությունում:




Լրահոս