-Դալիթա՛, վերջին ժամանակահատվածում, Ձեզ ավելի շատ կարելի է տեսենել, որեւէ սիթքոմում , քան հեռուստաէկրաններին։ Վերջին անգամ ո՞ր սիթքոմում եք խաղացել։
– Վերջին անգամ խաղացել եմ «Նվագախմբի երեխաները» սիթքոմում, որտեղ մարմնավորել եմ Աննայի կերպարը։
-Ինչո՞վ էր առանձնանում այն Ձեզ համար։
– Այն առանձնանում է նրանով, որ առաջին եւ մինչ օրս միակ մանկապատանեկան մյուզիքլ սիթքոմն է Հայաստանում։
-Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար։ Նոր տեսահոլովակ, միգուցե զուգերգ, սպասվո՞ւմ է։
-Կլինեն տարբեր նորություններ, ոչ միայն երգեր այլ նաեւ ֆիլմեր։ Ունեմ մի քանի նոր երգեր, որոնցից երկուսի հեղինակը ինքս եմ: Երբ հարմար պահը գա, սիրով կներկայացնեմ իմ լսարանին։
-Իսկ, ո՞ր փուլում է գտնվում Ձեր մոդելային կարիերան։ Այդ ոլորտում ի՞նչ նորություններ ունեք։
– Ցավոք այս տարի մոդելային կարիերայում դեռ չունեմ որեւէ նորություն։ Իսկ մոդելային , մրցույթային առումով վերջինը եղել է Ֆրանսիայի Լակոստ քաղաքում կայացած «Պիեռ Գարդեն» մրցույց-փառատոնի Գրան պրին, 2017 թվականին։
-Դալիթա՛, այս տարի ավարտում եք Հայաստանի ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություն եւ ճարտարագիտություն» ֆակուլտետը։ Շարունակելո՞ւ եք, թե՞ ․․․
– Այո՛, այս տարի ավարտում եմ Ամերիկյան համալսարանի «համակարգչային գիտություն և ճարտարագիտություն» ֆակուլտետը, եւ մասնագիտությունս շարունակելու եմ մագիստրատուրայում։
-Դալիթա՛, Ձեր հարցազրույցներից մեկում նշել, եք, որ հայկական շոու-բիզնեսում հաստատվելը դժվար է, թե՛ ֆինանսական, թե՛ այլ հանգամանքով պայմանավորված։ Հիմա՞ էլ եք այդպես կարծում, քանի որ վերջին տարիներին հայտնի դառնալն այնքան էլ դժվարություններ ու տաղանդ, կարծես թե, չի պահանջում։
– Միգուցե վերջերս հայտնի դառնալը ավելի հեշտ է դարձել, սակայն ես նույն կարծիքին եմ, որ լավ արդյունք ստանալու համար, պետք է զարգանալ որպես արտիստ ու պահպանել որակ, եւ արվեստի արժեքները պահանջում են ջանքեր, ֆինանսական ներդրումներ եւ բարդ աշխատանք։
-Ունե՞ք պրոդյուսեր, ո՞վ է զբաղվում Ձեր գործունեությամբ։
– Միշտ մայրս է հետեւել եւ զբաղվել իմ գործունեությամբ։
-Ո՞ր համաշխարհային աստղի հետ կցանկանայիք մի բեմում հայտնվել եւ երգել։
– Միանշանակ Թեյլոր Սուիֆթի (Taylor Swift)։
-Եվ վերջում, ինչպե՞ս եք անցկացրել կարանտինային շրջանը։ Ի՞նչ եք կարծում այս համաճարակը ե՞րբ կավարտվի։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք։
– Կարանտինային շրջանը, անցկացրել եմ ընտանիքիս հետ Երեւանում՝ մեր տանը՝ խստորեն հետեւելով բոլոր կանոններին ու սահմանափակումներին։ Բոլոր դասերիս եւ համալսարանիս ուսումնական ծրագրին հետեւել եմ օնլայն։ Հուսով եմ, որ հնարավորինս շուտ կավարտվի այս համաճարակը, եւ կյանքը կվերադառնա իր բնականոն հունին։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը