Մայիսի 11-ին կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ այդ փոփոխությամբ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը հնարավորություն կունենա դիմել Գլխավոր դատախազին՝ որեւէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Նշենք, որ հիմա նա նման լիազորություն չունի և միայն գլխավոր դատախազը կարող է դիմել քննչական կոմիտեի նախագահին՝ խդրելով պատժել քննիչներին:
Սակայն իհարկե, սա միակ փոփոխությունը չէ, որ առաջարկվում է այս նախագծով: Նախ հստակեցում է կատարվում կոմիտեի լիազորություններում: Հիմնավորման մեջ նշվում է, որ գործերի նախաքննության ընթացքում բոլոր այն անձինք, ովքեր առնչվում են Կոմիտեի հետ՝ անկախ իրենց կարգավիճակից, իրենց անձնական տվյալներն են հայտնում վարույթն իրականացնող մարմնին: Այդ տվյալները պահպանվում են թե՛ թղթային տարբերակով, թե՛ էլեկտրոնային կամ սքանավորված եղանակով: Եվ այժմ նրանք անհրաժեշտություն են տեսնում սահմանել այդ տվյալների օգտագործման ռեժիմ: Այս նախագծով ամրագրվում է, որ Կոմիտեում ձևավորված տեղեկատվական շտեմարանները կարող են օգտագործվել բացառապես իր լիազորություններն իրականացնելու, այսինքն՝ նախաքննության կազմակերպման և իրականացման նպատակով:
Փոփոխություն է կատարվում նաև կառույցի հրապարակայնության առումով: Այժմ գործող կարգի համաձայն, Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը, կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում՝ քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: Այժմ առաջարկ է արվում այդ ժամկետը երկարաձգել մինչև ապրիլի 1-ը՝ մեկնաբանելով, թե այդ ամենը լայնածավալ աշխատանք է, պետք է վերլուծություններ արվել, համագործակցել այլ կառույցների հետ:
Նաիրա Հովհաննիսյան