Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի շարքում հավանության է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ընդ որում, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այն համարել է անհետաձգելի և այն կուղարկվի Ազգային ժողով՝ առաջիկայում քննարկման:
Իսկ ինչ է նախատեսվում նախագծով: Օրինակ հոդվածներից մեկը նոր խմբագրությամբ է լինելու: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանում բողոքի քննության կարգը հոդվածը դարձել է այսպիսին.
- Վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ Վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
- Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու մասին կայացվում է որոշում։»:
«Հոդված 166.1. Վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում
- Վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։
- Բողոքի քննությունը դատական նիստում սկսվում է Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը ներկայացնում է վճռաբեկ բողոքը և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
- Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:»:
Նշվում է, որ ներկայումս ի տարբերություն վարչական և քրեական դատավարությունների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել է վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն, ինչը ուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը և դատական ռեսուրսների խնայողությանը: Անհրաժեշտ է նաև նկատել, որ վարչական գործերով ներկայացված և վարույթ ընդունված յուրաքանչյուր վճռաբեկ բողոք դատական նիստում քննելու արդյունքում վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանում քննվում են ավելի երկար ժամկետում՝ հաշվի առնելով նաև Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, 2018 թվականի ընթացքում միայն Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ Վճռաբեկ դատարանում ստացվել է 1016 բողոք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների գրավոր ընթացակարգով քննության հնարավորություն նախատեսելը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի գործառույթների առանձնահատկություններով և նպատակ ունի, մասնավորապես, թեթևացնելու դատարանի ծանրաբեռնվածությունը՝ կոչված լինելով նպաստելու արդարադատության արդյունավետության բարձրացմանը՝ այդ թվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը և դատական ռեսուրսների խնայողությանը:
Նաիրա Հովհաննիսյան