ԱՐՑԱԽՈՒՄ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը պետք է լինի բացառապես իր թիմի անդամներից որեւէ մեկը: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ քննարկվում է երկու անձի անուն, որոնցից մեկը «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Դանիելյանն է, իսկ մյուսը՝ Էլեոնորա Ավանեսյանը, ու հավանական է, որ Արցախն առաջին անգամ ունենա ԱԺ կին նախագահ: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողությանը, որը կանցկացվի Շուշիի մշակույթի պալատում: Նշվում է նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Արցախի նոր իշխանությունները ամեն ինչ անում են, որ այն մարդաշատ չլինի, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին եւս հրավերներ կուղարկվեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Արցախի նախագահը հանդիպումների երկրորդ փուլ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրություններում հաղթել են: Ու արդեն այդ ժամանակ կհստակեցվի, թե պաշտոններն ինչպես կբաշխվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Ա. Հարությունյանը դեռեւս որեւէ քաղաքական ուժի հետ հստակ պայմանավորվածություն չունի, ինչպես բաշխել պաշտոնները: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կրկին Մասիս Մայիլյանին նշանակելու հարցը եւս դեռեւս առկախված է, վերջնական որոշում չկա, թեեւ Մայիլյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, դիմել նրան պարոն նախագահ դիմելաձեւով: Ըստ մեր տեղեկությունների՝ հստակ է միայն, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն առաջիկայում հրաժարվելու է պատգամավորի իր մանդատից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ղուլյանը չի ցանկանում խորհրդարան գնալ որպես շարքային պատգամավոր, ու քանի որ Արցախի ԱԺ-ն «երիտասարդացել է», Ղուլյանը ցանկանում է զիջել իր մանդատը երիտասարդներին:

 

 

 

 

Այսօր կկայանա սահմանադրական կարգի տապալման հարցով հերթական դատաքննությունը, եւ դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մերժում է, թե բավարարում, Քոչարյանը ազատ կարձակվի, թե կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը եւ Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին: Մի շարք իրողություններ իրար հետ համադրելով՝ կարելի է ենթադրել, որ Դանիբեկյանը բաց կթողնի Քոչարյանին, որովհետեւ միջնորդություն ներկայացրել էին նաեւ Արցախի նախկին ու գործող նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, եւ անցած տարի՝ մայիսի 18-ին, Քոչարյանն ազատ արձակվեց: Բայց, չնայած նախադեպին, այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք մարդկայնորեն կարող են դատավորին դրդել կայացնելու այլ որոշում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են դատավորին, վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Սակայն այս դեպքերից հետո Դանիբեկյանի գործընկեր Վազգեն Ռշտունին որոշում էր կայացրել եւ ազատ արձակել մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին, եւ Դանիբեկյանը գործընկերների կողմից սա վիրավորական է համարել: Նաեւ այս ընթացքում տեղեկատվական ահռելի արշավներ են կազմակերպվել նրա դեմ, որից եւս վիրավորված է: Թե ինչ որոշում կկայացնի, միանշանակ դժվար է կանխատեսել, բայց, ամենայն հավանականությամբ, դատելով իրավիճակից՝ Դանիբեկյանը կալանքի տակ կթողնի Քոչարյանին:

 

 

 

 

Իրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ: Ինչպես հայտնի է, դատախազները, ՀՀ քրեադատավարական օրենսգրքի համաձայն, կարող են քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումներ ներկայացել Կոմիտեի նախագահին՝ խնդրելով պատժել քննիչներին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության կողմից մայիսի 11-ին մի նախագիծ է ներկայացվել ՀՀ Ազգային ժողով, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Քննչական կոմիտեի մասին» օրենքում եւ ամրագրել, որ  կոմիտեի նախագահը եւս կարող է դիմել Գլխավոր դատախազին՝ որեւէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Հիմնավորման մեջ նշվում է, որ դատախազության  լիազորության պատճառով վերջին տարիներին նկատվում է  քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների թվի աճ: Եվ Քննչական կոմիտեի ներսում դժգոհություն է հասունացել, թե ինչու են դատախազներն իրենց իշխում, իսկ իրենք  բողոքարկելու հնարավորություն չունեն: Եւ հիմա փոփոխությունը հիմնավորվում է այնպես, որ քրեական գործի համար հավասարապես պատասխանատու է ինչպես քննիչը, այնպես էլ դատախազը: Եվ նրանք եզրակացնում են, որ եթե պատասխանատվության միջոցներ կան քննիչների համար, ապա պետք է լինեն նաեւ դատախազների համար: Այս փոփոխության հիմքում իրականում խորը հակասություն կա: Ըստ էության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի սրտով չէ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրենքով կարողանում է հասնել քննիչների պատժի:

 

 

 

Շուրջ  2,5 ամիս է, ինչ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, եւ նրա նշանակումից մինչ օրս ՌՈ-ում ներքին խմորումները չեն դադարում:  Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  ՌՈ-ում կան նախկին իշխանությունների հետ բարեկամական կապ ունեցող տարբեր ստորաբաժանումների պետեր, որոնք, ըստ էության, չեն հաշտվել Ալեքսանդր Աղաջանյանի նշանակման հետ, եւ դեռ ավելին՝ վերջինս նրանց աշխատանքից եւս գոհ չի եղել: Արդյունքում,  «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝  Ալեքսանդր Աղաջանյանն իր մոտ  է նրանց կանչել եւ «հաթաթա  տվել»՝ եթե աշխատեք նորմալ, կմնաք ՌՈ-ում, չեք աշխատի՝  ազատման դիմում կգրեք: Ավելին, այդ աշխատակիցները դիմել են իշխանության ներսում իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Աղաջանյանին, սակայն նրանց բացատրել են, որ իրավիճակ է փոխվել, եւ պետք է գնան ու գլուխները կախ աշխատեն: «Ժողովուրդ»  օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Պարոն Աղաջանյանն ընդամենը ասել է՝  եթե կթերանան, կարժանանան համապատասխան գնահատանքի,  այսինքն՝ կիրականացվի  տույժ, կիրականացվի ծառայողական քննություն, թե ինչու են թերացել»: Հավելենք, որ ՌՈ պետ Ա. Աղաջանյանի՝ ԺՊ պարտականությունները կատարելուն մնացել է 3,5 ամիս, եւ  հայտնի չէ, թե արդյոք նա կնշանակվի պետ, թե ոչ:

 

 




Լրահոս