ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը, 79 կողմ ձայնով, մայիսի 11-ին ընդունել էր «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան, որը մինչ այդ լայն քննադատության էր ենթարկվել տարբեր շրջանակների կողմից:  Այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին: Կոնվենցիան ստորագրել են ԵԽ բոլոր 47 պետությունները, վավերացրել է 46 պետություն: Արդեն միայն Իռլանդիան չի վավերացրել  այն: Կոնվենցիայով երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով առաջին անգամ Հայաստանի իրավական համակարգ է ներդրվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը՝ որպես խտրականության արգելքի կարգավիճակ: Կոնվենցիայով (6-րդ հոդված) պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին:

 

Կոնվենցիայի, դրա հետեւանքների եւ քննադատությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանի հետ:

– Տիկի՛ն Կարապետյան, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի քանի հարց է հնչեցրել արդեն ընդունված կոնվենցիայի հետ կապված։ Նա նշում է, թե ինչու իշխանությունը չի ընդունում այլակարծությունը կոնվենցիայի հետ կապված ու խեղում է այն տեսակետը, որը ներկայացվում է։ Ընդունո՞ւմ է իշխանությունը այլակարծություն։

-Այլակարծություն կարող է գոյություն ունենալ քաղաքական հարցերի շուրջ։ Ես լավ չեմ պատկերացնում՝ մարդու իրավունքների շուրջ ինչպես կարող է այլակարծություն լինել։ Շատ ցավում եմ, որ պարոն Զոհրաբյանը փաստաբանների համբավին նման վնաս է հասցնում, որովհետեւ, այնուամենայնիվ փաստաբանները մարդու իրավունքների այնպիսի պաշտպաններ են, որոնք նույնիսկ մեղադրյալների եւ կասկածյալների պետք է կարողանան պաշտպանել, ուր մնաց թե հիմնարար աքսիոմատիկ մարդու իրավունքների շուրջ չկարողանան պրոֆեսիոնալ այնպիսի կարծիք տալ, որը կհամընկնի միջազգային հանրության կարծիքի կամ բանականության հետ։

-Իրենք, օրինակ, համարում են, որ կոնվենցիան պետք չէր վավերացնել. Հայաստանի համար անընդունելի է այդ կոնվենցիան: Նաեւ նշում են, թե ինչու դա չքննարկվեց հանրության հետ, ինչու արտակարգ դրության պայմաններում կոնվենցիան ընդունվեց։ Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը։

-Դա կապ չունի արտակարգ դրության հետ։ Կան ընթացակարգեր, որում Հայաստանն ամենավերջինն է վավերացրել այս կոնվենցիան։ Եվ Հայաստանի անունից հանդես գալու իրավասություն ունեն այն պաշտոնյաները, որոնք ընտրվել են ՀՀ քաղաքացիների անունից։ Հետեւաբար, եթե ինչ-որ մեկը կարող է ասել, որ կոնվենցիան ընդունելի է Հայաստանի համար կամ ընդունելի չէ, դա ՀՀ խորհրդարանն է, որը ընտրվել է քաղաքացիների կողմից։

-Շտապողականություն եղե՞լ է։

-Շտապողականություն չկա, իսկ կոնվենցիան Սահմանադրական դատարանով է անցել եւ ճանաչվել է սահմանադրական։ Տարիներ շարունակ բոլոր օղակներում է քննվել, այսինքն՝ ինքը շատ ուշացած ընդունված կոնվենցիա է, բայց մենք հաղթահարեցինք այդ դիսկոմֆորտը։

-Իսկ հանրությունն ընդունելի համարո՞ւմ է այս կոնվենցիան:

-Իսկ ինչպե՞ս կարող է հանրությունը այլ դիրքորոշում ունենալ մանկապղծության շուրջ։

-Նկատի ունեմ՝ քննարկումներ ունեցե՞լ եք։

-Քննարկենք հանրության  հետ, թե արդյոք մենք մանկապղծության դեմ կոնվենցիա պետք է վավերացնեք, թե ո՞չ։

-Հասարակական կազմակերպությունների հետ քննարկե՞լ եք։

-Իսկապես երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ի՞նչը քննարկել։ Ես անընդունելի եմ համարում  նման հարց բարձրացնելը։ Այդտեղ քննարկելու որեւիցե բան կա՞։

-Նշվում է, որ Հայաստանում այդպիսի դեպքերը շատ քիչ են, եւ պետք չէր նման կոնվենցիա վավերացնել։

-Վերջին երեք տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ մոտ 50-100 միայն սեռական ոտնձգությունների դեպք է գրանցվել։ Այսինքն՝ երեխաների նկատմամբ հանցագործությունների թիվը շատ ավելի մեծ է։ Եթե անհրաժեշտ է խստացնող կանխարգելիչ միջոցով, միջազգային համագործակցության միջոցով ավելի համապարփակ պայքարել այդ հանցագործության դեմ, ես իսկապես քննարկելու որեւիցե բան չեմ տեսնում։

-Նշվեց, որ ձեր խմբակցությունից մոտ տասը պատգամավոր այդպես էլ չքվեարկեցին այս կոնվենցիային։ Պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որը Ձեր մտերիմն է, նույնպես չքվեարկեց։ Քննարկե՞լ եք, թե ինչն էր խնդիրը, ինչու չքվեարկեց։

-Պարզապես տեխնիկական խնդիր էր, այդ պահին նիստին չգտնվելու։ Գործընկերներիս նկատմամբ որեւէ բան ասել չեմ կարող։ Կարեւորը խորհրդարանը կատարեց այդ կարեւոր քայլը։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ է

Հայաստանում պաշտոնապես ամուսնալուծություններն ավելացել են. եթե 2019 թվականի առաջին եռամսյակում ամուսնալուծությունների թիվը կազմել է 850, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում մեր հանրապետությունում գրանցվել է 893 ամուսնալուծություն: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ ե՛ւ 2019, ե՛ւ 2020 թվականների հունվար-մարտ ամիսներին ամուսնալուծվել է ավելի քիչ քաղաքացի, քան 2018-ին: Օրինակ՝ 2018 թվականին ամուսնալուծվել է 1021 քաղաքացի:

 

Նկատենք, որ Հայաստանում սկսել են ավելի քիչ ամուսնանալ: Համենայնդեպս, այդ մասին են խոսում պաշտոնական վիճակագրական տվյալները:  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամուսնությունների թիվն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է: Օրինակ՝ եթե նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 3782 ամուսնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 3468: Այսինքն՝ պաշտոնապես ամուսնությունների թիվը 314-ով պակասել է: Ամուսնությունների թիվը 2020թ. առաջին եռամսյակին, 2018թ.նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 112-ով:  Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե առավելապես որ պատճառներն են ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքն այլեւս հետ չի պահում ամուսնալուծությունից: Բայց հայ երիտասարդներին ընտանիք կազմելու հարցում առաջին հերթին խանգարում են աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները:

Ի դեպ, Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Շանսի նահանգի Քսիան քաղաքի որոշ թաղամասերում ամուսնությունների գրանցման գրասենյակները ամուսնալուծությունների դիմումների աննախադեպ աճ են գրանցել։ Գրասենյակները բազմաթիվ դիմումներ են ստացել մարտի մեկից սկսած: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ամենի պատճառը տանը երկար փակված մնալուց հետո որոշ զույգերի միջեւ առաջացած տարաձայնություններն են, որոնք ավելի են սրվել՝ հասցնելով նրանց արագ ամուսնալուծության։ Ավելին, այդ ամուսնալուծությունների մի մասն այնքան անսպասելի եւ չգիտակցված է եղել, որ զույգերի մի մասը ամուսնալուծվելուց հետո դիմել են՝ խնդրելով կրկին գրանցել իրենց ամուսնությունը։ Հուսանք՝ այս պատկերը Հայաստանում չենք ունենա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՎՆԱՍՆԵՐ՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Վարարած Աղստեւ գետը Իջեւանի տարածաշրջանում վնասներ է պատճառել։ Խաշթառակ գյուղի տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող փոքր ՀԷԿ-ի՝ նախատեսված տեղից բարձր դիրքում կառուցված ամբարտակի եւ Աղստեւի  վարարման պատճառով հեղեղվել են գործարար Սամվել Մատինյանին պատկանող «Հեքիաթ» հանգստյան գոտու տարածքը եւ  հանգստյան գոտու շինությունները։ Իջեւան քաղաքի Չարենցի փողոցում մայիսի 11-ի առավոտյան անձեւներից  փլվել է Սանթրոսյանների ընտանիքին պատկանող, մոտ 50 տարի առաջ կառուցված հենապատի մի հատվածը։ Կարիքավոր այդ ընտանիքում օրավարձու աշխատող մի տղամարդ  կա, ընտանիքը ի վիճակի չէ սեփական ուժերով նորոգելու հենապատը։ Իջեւան քաղաքի առափնյա Վասիլյան փողոցում  անձրեւներից քանդվել է  այն հենապատը, որի վրայով անցնում  էր գազատարը։ Գազի խողովակաշարը քանդվել է, դադարեցվել է մոտ երկու հազար բաժանորդների գազամատակարարումը։  Տավուշի գազասպառման եւ գազամատակարարման ընկերության  աշխատակիցները  գազի խողովակաշարի վերականգնման աշխատանքներ են կատարում։ Սպասվում է, որ մայիսի 12-ին նշված բաժանորդների գազամատակարարումը կվերականգնվի։

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները սննդի օգնություն են ստացել։ Օգնությունը ցուցաբերել է  համագյուղացի գործարար, Ռուսաստանում բնակվող Յուրա Աղբալյանը։ Գյուղի յուրաքանչյուր ընտանիքի տրվել  է 25 կիլոգրամանոց  ալյուրի պարկ, 5 կգ  շաքարավազ, 5կգ բրինձ եւ մեկ լիտր ձեթ։  Յուրա Աղբալյանը նախկինում  էլ օգնել է համագյուղացիներին, նա նորոգել է գյուղի հանդիսությունների սրահը, հոգացել  է Ոսկեպարի գազի սպառողների տները գազատար ցանցին միացնելու ծախսերը՝ ավելի քան 50 միլիոն դրամ։ 2019 թվականին Յուրա  Աղբալյանը հանդես է եկել բարեգործական նոր նախաձեռնությամբ: Նա  Ոսկեպարում ծնված, ընտանիքի 3-րդ երեխային նվիրում է 100 հազար, 4-րդ երեխային՝ 200 հազար ռուսական ռուբլի:

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Վերջին 3 տարիներին Տավուշի մարզում հիմնանորոգվել է  թվով  44  միջհամայնքային եւ ներհամայնքային ավտոճանապարհ։ Մայիսի սկզբին սկսվեցին  Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղ տանող, 4 կմ երկարություն ունեցող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Տավուշի մարզում ամենավատ վիճակում է գտնվում Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղ տանող ավտոճանապարհը։ 3,1 կմ երկարություն ունեցող այդ ճանապարհի նորոգման  համար անհրաժեշտ է մոտ 280 միլիոն դրամ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս