Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանն ու Նարեկ Զեյնալյանը հանդես են եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:
Նախագծով առաջարկվում է՝ ՏԻՄ-ի ղեկավարների կողմից սահմանվեն այն վայրերը, որտեղ թույլատրելի է կայանել վաճառքի կամ վարձույթի նպատակով տրանսպորտային միջոցները, սահմանել մեկ ամսվա համար նախատեսված վճարը` մեկ տրանսպորտային միջոցի համար, որը պետք է վճարվի տեղական ինքնակառավարման մարմնի բյուջե: Միաժամանակ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը սահմանում է վարչական պատասխանատվություն վերը նշված տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար, եթե վերջիններս իրենց պատկանող տրանսպորտային միջոցները կայանում են ՏԻՄ-ի կողմից չսահմանված վայրում, եթե տրանսպորտային միջոցը կայանվել է համայնքային ճանապարհի վրա: Ընդ որում, սեփականատերը պարտավոր է 3 օրվա ընթացքում վերացնել խախտումը, հակառակ դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո կրկին նույն խատումը կատարելու դեպքում սեփականատերը ենթարկվում է պատասխանատվության նույն հոդվածի երկրորդ մասով, եթե չի լրացել իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը: Նշված օրենսգիրքը ուժի մեջ մտնելու պահին համայնքի ղեկավարները պարտավոր են սահմանել համապատասխան վայրերը:
Նախագծի հեղինակները մեկնաբանում են, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Երեւան քաղաքում՝ համայնքային ճանապարհների վրա վարձույթի տրամադրման եւ վաճառքի նպատակով կայանված տրանսպորտային միջոցները լուրջ խնդիր են առաջացնում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման գործընթացում: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում վարորդները չեն կարողանում կատարել տրանսպորտային միջոցների կայանում կայանման համար գծանշմամբ թույլատրված վայրերում, քանի որ վարձույթի տրամադրման կամ վաճառքի նպատակով կայանված տրանպորտային միջոցները մշտապես կայանված են այդ վայրերում: Կայանված տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից կատարվում է կայանման համար նախատեսված 12 հազար ՀՀ դրամի տարեկան վճարը, եւ տրանսպորտային միջոցները մշտապես կայանվում են այդ վայրերում` հաճախակի դառնալով խցանման պատճառ, խոչընդոտ հանդիսանալով ճանապարհային երթեւեկության բնականոն կազմակերպման համար: Եվ նրանք ակնկալում են, որ նախագծով ներկայացված կարգավորման ընդունման պարագայում համայնքային ճանապարհները կբեռնաթափվեն վարձույթի տրամադրման կամ վաճառքի նպատակով կայանված տրանսպորտային միջոցներից, ինչն էլ կբարելավի ճանապարհային երթեւեկությունը, ինչպես նաեւ կնվազեցնի կանգառի կամ կայանման համար թույլատրելի վայրերի զբաղվածությամբ պայմանավորված խցանումների քանակը:
Իսկ արդեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում էլ փոփոխություն կկատարվի եւ կամրագրվի. «Վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ կողմից համայնքային նշանակության ճանապարհների վրա կայանման համար նախատեսված վայրերում տրանսպորտային միջոցները կայանելը, եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տվյալ վայրը չի սահմանվել որպես վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցների կայանման վայր, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասապատիկի չափով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման համար տուգանք նշանակման օրվանից 3 օր հետո կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երուսունապատիկի չափով:»:
Հավելենք, որ նախագիծն Ազգային ժողով է ներկայացվել երեկ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Աբովյանը, Շաքե Իսայանը եւ Աննա Կոստանյանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ հանդիսացող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ կոնգրեսականների հետ կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Covid-19-ի պայմաններում օրենսդիրների մարտահրավերներին ու պարտավորություններին` քաղաքացիների հետ կապի եւ վստահության ամրապնդման համատեքստում: Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատից կոնգրեսականներ Դեյվիդ Փրայսը` ԺԳՀ-ի նախագահ, Ջեֆ Ֆորթընբերին, Մարքուեյն Մուլին եւ Թոմ Ռայսը:
ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ: Օրենսդիր մարմինների ղեկավարները տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին: Զրուցակցի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգում արձանագրված հաջողությունները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու շփումները նման ձեւաչափով:
26-ԱՄՅԱԿ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է հրադադարի եռակողմ համաձայնագրի 26-ամյակի կապակցությամբ: «Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային: Համաձայնագիրն անժամկետ է. դրա անշեղ իրագործումը եւ հրադադարի ռեժիմի ամրապնդումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված համաձայնագրերի իրականացման միջոցով, ԼՂ խաղաղ գործընթացի առանցքային մասն է: Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, որն ուղեկցվում է բանակցություններում փոխզիջումները մերժող դիրքորոշմամբ, ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտն է»,- ասված է ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ:
ՄԱՀԱՑԵԼ Է
65 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը. այս մասին ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Ռ. Մինասյանը մահացել է երեկ, նրա հոգեհանգստի արարողությունը կայանալու է այսօր՝ մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի փողոցի սգո սրահներից մեկում: Մայիսի 15-ին՝ ժամը 14:00-ին, կլինի հուղարկավորությունը:
ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում նախատեսվում է ստեղծել գետի ափը պաշտպանող անտառաշերտ: «6 մարզ, 2 մլն ուռենի, շուրջ 1000 աշխատատեղ՝ օրական մինչեւ 10 հազար դրամ աշխատավարձով»,- այս դրական լուրի մասին կիսվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցաննցի իր էջում:
Այսինքն՝ գործարկվել է կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային 15-րդ ծրագիրը, որի շրջանակներում գետերի ափամերձ հատվածներում նախատեսվում է տնկել ուռենու շուրջ 2 միլիոն կտրոն: Միջոցառման շրջանակներում «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կկազմակերպվեն Հայաստանի բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ:
ԼԱՎ ԴԻՐՔԵՐ
Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ, ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի, Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռեւս ոչ մի երկիր չէր գրանցել. այս մասին ասված է դեսպանության էջում հրապարակված հաղորդագրությունում: «USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար», – վստահեցնում է Երեւանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) իր հերթին տարածած հաղորդագրությունում շեշտել է. «Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների ցանկում: Ըստ զեկույցի՝ Հայաստանը տպավորիչ առաջխաղացում է արձանագրել ընտրական գործընթացներում եւ կոռուպցիայի վերահսկման գործում»:
181 ՀՈԳԻ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: