Ազգային Ժողովը մայիսի 11-ին 79 կողմ ձայնով ընդունեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Սրա շուրջ քնարկումները չեն դադարում, եւ ՀՀ արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել օրենքի դրույթների վերաբերյալ: «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանվում են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության հետ կապված հանցագործությունները:
Մասնավորապես, այս հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է, որ յուրաքանչյուր կողմ քրեականացնում է դիտավորությամբ կատարված այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը, ազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, չի հասել սեքսուալ բնույթի գործողությունների համար օրենքով սահմանված տարիքին:
Կարեւոր է արձանագրել, որ վերը նշված 1-ին պարբերության նպատակներով յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում այն տարիքը, որից ցածր տարիքի դեպքում արգելվում է երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավվելը՝ անկախ փոխադարձ համաձայնության առկայությունից:
Թեեւ 18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ «ա» կետի դրույթները նախատեսված չեն անչափահասների միջեւ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողությունները քրեականացնելու համար, սակայն նշենք, որ, ըստ Կոնվենցիայի, յուրաքանչյուր պետության ներպետական իրավունքով է որոշվում, թե որն է օրենքով սահմանված տարիքը այդպիսի գործողություններով զբաղվելու համար: Այնուհետ, Կոնվենցիայի բացատրական զեկույցի 129-րդ կետում նշվում է, որ Կոնվենցիան նպատակ չունի քրեական պատասխանատվություն սահմանելու անչափահասների միջեւ փոխհամաձայնեցված սեռական բնույթի գործողությունների համար, եթե նույնիսկ նրանք չեն հասել ներպետական իրավունքով սեռական բնույթի գործողությունների համար սահմանված տարիքին: Ընդ որում, պետությունների հայեցողությանն է թողնված որոշելու, թե ազգային օրենսդրության համաձայն որ տարիքի երեխան է համարվում «անչափահաս»: Ամփոփելով պետք է ասել, որ Կոնվենցիան միացող որեւէ պետության չի սահմանափակում որոշելու այն նվազագույն տարիքը, որից ցածրի դեպքում, անգամ փոխհամաձայնությամբ, անձանց միջեւ սեռական բնույթի գործողությունները կունենան քրեաիրավական բնույթ:
Ինչ վերաբերում է նկարագրված դեպքին (18 տարին չլրացած անձի կողմից 12 տարեկան անձի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալու հանցակազմը «հեռանկարային» փոփոխությունների արդյունքում վերացնելուն), ապա հարկ է նշել, որ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով: Սույն հոդվածը երբեւէ այնպիսի փոփոխությունների չի ենթարկվել, որոնք կհանգեցնեին քննարկվող արարքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի՝ 18 տարեկանի փոփոխման:
Պարոն Դանիելյանը թերեւս նկատի է ունեցել 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածը, ըստ որի՝ ազատազրկում էր նախատեսված տասնվեց տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: 1961թ. ՀԽՍՀ քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել 2003թ., որից 4 տարի անց է ընդունվել Կոնվենցիան:
Ստորագրման եւ վավերացման մասին
Նախ պետք է նշել, որ պետությունների համար նախատեսված չէ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանագրերը ստորագրելու, ապա վավերացնելու պարտավորություն: Միջազգային պայմանագիրը ստորագրել-չստորագրելու, վավերացնել-չվավերացնելու վերաբերյալ որոշումները պետության ինքնիշխանությունից բխող գործողություններ են, որոնց կայացմամբ արտացոլվում է թե՛ փաստաթղթի իրավական գնահատականը եւ թե՛ բազմաթիվ այլ շահեր՝ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, սոցիալական եւ այլն: Այդուհանդերձ, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները, որոնք ստորագրել են միջազգային պայմանագիրը, պարտավոր են «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի եւ նպատակների հետ»: Իսկ ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ընթադրում է վավերացում: Կարեւոր է արձանագրել, որ Կոնվենցիան ՀՀ կողմից ստորագրվել է 2010թ. սեպտեմբերին առանց որեւէ վերապահման: Այդ ժամանակ գործող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կոնվենցիայի ստորագրման համար իրականացված ներպետական համաձայնեցման գործընթացում ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիք է ներկայացվել ժամանակի թե՛ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (05.10.2009թ.) եւ թե՛ Արդարադատության նախարարությունների (19.06.2010թ.) կողմից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սոցիալական էջը հաղորդագրություն է տարածել. «Ուրախ ենք տեղեկացնել, որ տեւական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Coyne Airways ընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տրվեց Լյոժ (Բելգիա) եւ Երեւան քաղաքների միջեւ կանոնավոր բեռնային փոխադրումներին: Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչեւ 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ»:
ՏՈՒՅԺԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 22.04.2020 թվականի ՀՕ-220-Ն օրենքի եւ «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 22.04.2020 թվականի ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020թ. ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0.075%-ի փոխարեն: Դա վերաբերում է նաեւ այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը:
Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով իրականացնելու նպատակով անձնական հաշվի քարտերի եւ հարակից այլ համակարգերում կատարվել են փոփոխություններ: ՊԵԿ-ը հայտնում է, որ ծրագրային ապահովումն ավարտվել է 12.05.20թ.-ին, եւ հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում, 21.04.20թ.-ից սկսած, տույժերի մասով կատարվել են վերահաշվարկներ: