ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում մայիսի 22-ին քննարկվելու է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Այս նախագիծը խորհրդարանին է ներկայացվել մայիսի 7-ին:
Նախ նշենք, որ այս համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթան քաղաքում: Այդ ժամանակ մեկնաբանվում էր, որ համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը` ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով, ինչպես նաեւ մաքսային եւ հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը` միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը:
Համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում հետագծելիության մեխանիզմի ստեղծման եւ գործունեության կարգը:
Հետագծելիության մեխանիզմի գործունեության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցությունը` էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով, որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում: Հետագծելիության ազգային համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը` արտաքին եւ փոխադարձ առեւտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրականացնելիս:
Համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ: Հետագծելիության մեխանիզմը նախատեսվում է ներդնել հաջորդական փուլերի միջոցով (փուլ առ փուլ): Առաջին փուլում հետագծելիության մեխանիզմը գործելու է պիլոտային ծրագրի շրջանակներում, որի իրականացման ժամկետները եւ պայմանները կսահմանվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:
Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված ապրանքների հետագծելիության ազգային համակարգի ստեղծումը կարող է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջացնել: Այս հարցը խորհրդարանում զեկուցելու է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նաիրա Հովհաննիսյան